Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի հետ ընդունել է աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։
Այցն իրականացվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագծի շրջանակում։
Հանդիպմանը մասնակցել է նաև նախագծում ընդգրկված Շիրակի մարզի Առափի բնակավայրի բնակիչ Սուսաննա Փանոսյանը, որն այս տարի ավարտել է դպրոցը և նախատեսում է ուսումը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատությունում։ Աշխատանքային այցի ընթացքում նա ուղեկցել է Մարդու իրավունքների պաշտպանին և ծանոթացել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությունը՝ նշելով, որ նման հանդիպումները հնարավորություն են տալիս տեղում քննարկել բնակիչներին հուզող խնդիրները և գտնել դրանց լուծման ուղիները։
Սուսաննա Փանոսյանը մարզպետին հարցեր է ուղղել Առափի բնակավայրի ներհամայնքային ճանապարհի անբարեկարգ վիճակի վերաբերյալ՝ ընդգծելով, որ այն հատկապես դժվարացնում է հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժը։
Նա հետաքրքրվել է նաև գյուղական բնակավայրերում երիտասարդների զբաղվածության հնարավորություններով և հարցրել, թե մարզպետի պաշտոնավարման ընթացքում որն է եղել ամենադժվար հաղթահարելի խնդիրը։
Դավիթ Առուշանյանի խոսքով՝ առավել բարդ են այն իրավիճակները, երբ քաղաքացին դիմում է խնդրով, որի ամբողջական լուծումը հնարավոր չէ ապահովել, հատկապես, երբ այն վերաբերում է մարդու կյանքին, առողջությանը կամ կենսական պայմաններին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացմանը, կրթության հասանելիությանը, հանրային տրանսպորտից օգտվելու հնարավորություններին և մատչելի միջավայրի ապահովմանը։
Շիրակի մարզպետն ու Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել են հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ստեղծումը և ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված համագործակցությունը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com