Շիրակի մարզպետն ու ՏԿԵ նախարարը հետևել են ճանապարհաշինական ծրագրերին

Շիրակի մարզպետն ու ՏԿԵ նախարարը հետևել են ճանապարհաշինական ծրագրերին

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը շրջել են Գյումրիում և հարակից համայնքներում իրականացվող մի շարք ճանապարհաշինական ծրագրերի շինհրապարակներում՝ ծանոթանալով աշխատանքների ընթացքին և առաջիկա անելիքներին։

Պաշտոնյաները նախ հետևել են Գյումրի-Արևիկ-Այգաբաց-Վարդաքար մարզային նշանակության ավտոճանապարհի 10,4 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին։ Շինարարի հետ քննարկվել են աշխատանքների ժամկետներն ու ծավալները։

Ծրագրի նախահաշվային արժեքը 2 մլրդ 792 մլն 596 հազար դրամ է, իսկ պատվիրատուն՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։Շիրակացի և Խորենացի փողոցների հիմնանորոգումը շարունակվում է

Նախարարն ու մարզպետը եղել են նաև Գյումրու Շիրակացի և Խորենացի փողոցների հիմնանորոգման շինհրապարակում։

Շուրջ 2,44 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումն իրականացնում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։ Աշխատանքների ընդհանուր արժեքը 884 մլն 771 հազար դրամ է։ 2025 թվականին ծրագրի շրջանակում իրականացվել է 110 մլն 553 հազար դրամի աշխատանք։

Շինհրապարակում Դավիթ Առուշանյանն ու Դավիթ Խուդաթյանը կապալառու կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել են աշխատանքների ընթացքն ու սահմանված ժամկետների պահպանումը։Շիրակի մարզպետը լրագրողների հետ զրույցում նշել է, որ առաջիկա շաբաթներին Շիրակացի փողոցում նախատեսվում է սկսել ասֆալտի ներքին շերտի տեղադրումը։

«Գյումրու համար կարևորագույն և գլխավոր փողոցներից մեկն է Շիրակացին, ուստի մեզ համար առաջնահերթ է, որպեսզի աշխատանքները հնարավորինս արագ, բայց միևնույն ժամանակ պատշաճ որակով ավարտին հասցվեն։ Գյումրեցիները պետք է ստանան անվտանգ, բարեկարգ և երկարաժամկետ լուծում, ոչ թե կիսատ կամ ձգձգվող ծրագիր»,- ասել է Դավիթ Առուշանյանը։

Նրա խոսքով՝ Շիրակի մարզում այս պահին շուրջ 50 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ են իրականացվում, և այդ ծավալը շարունակաբար ավելանում է։ Մարզպետը նշել է նաև, որ աշխատանքներ են տարվում Գյումրու մյուս փողոցների ասֆալտապատումը հնարավորինս սեղմ ժամկետներում սկսելու ուղղությամբ։Մյասնիկյան փողոցի աշխատանքները նախատեսվում է ավարտել հոկտեմբերին:

Պաշտոնյաները ծանոթացել են նաև Գյումրու Մյասնիկյան փողոցում իրականացվող աշխատանքներին։

Սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինարարությունը մեկնարկել է ապրիլին, իսկ ավարտը նախատեսված է հոկտեմբերին։ Հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը 115 մետր է, երթևեկելի հատվածի մակերեսը՝ 1265 քմ, մայթերինը՝ 484 քմ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 44 մլն 666 հազար դրամ է, որից ՀՀ կառավարության մասնաբաժինը 20 մլն 99 հազար 835 դրամ է՝ ընդհանուր արժեքի 45 տոկոսը։

Շինհրապարակում քննարկվել են աշխատանքների հաջորդ փուլերը, ժամկետների պահպանումն ու շինարարության որակի ապահովումը։Անի և Ավստրիական թաղամասերի ճանապարհների հարցով խորհրդակցություն է անցկացվել:

Շրջայցից հետո Շիրակի մարզպետի աշխատակազմում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ ՎԶԵԲ-ի «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրով Անի և Ավստրիական թաղամասերի ճանապարհների ու փողոցների հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ։

Դավիթ Առուշանյանի խոսքով՝ անհրաժեշտ է գործընթացը կազմակերպել առանց ավելորդ ձգձգումների և մինչև սեպտեմբերի վերջ հստակեցնել աշխատանքներն իրականացնող շինարարական կազմակերպություններին։

«Մեզ համար խիստ կարևոր է, որ այս գործընթացը կազմակերպվի առանց քաշքշուկների ու ավելորդ ձգձգումների, մինչև սեպտեմբերի վերջ պարզ լինեն շինարարների անունները, որոնք պետք է իրականացնեն աշխատանքները, որպեսզի մյուս տարեսկզբից արդեն լայն թափով ձեռնամուխ լինենք աշխատանքների իրականացմանը»,- նշել է մարզպետը։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը քննարկել է պատասխանատուների բարձրացրած հարցերը և հանձնարարել ՎԶԵԲ-ի ծրագրի պատասխանատուներին եռօրյա ժամկետում ներկայացնել առաջիկա աշխատանքների հստակ ժամանակացույցը՝ նշելով դրանց իրականացման ժամկետներն ու գործընթացների տևողությունը։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Comments Are Closed!!!