Գյումրու ավագանու հերթական նիստը կայացավ հոկտեմբերի 6-ին: Նիստի օրակարգ էր ընդգրկվել տասը հարց: Ավագանին ընդունեց բոլոր որոշումները:
Համայնքի բյուջեում կատարվեց որոշակի փոփոխություն, Հայկական Կարիտաս բարեսիրական ՀԿ-ին հատկացվեց 1 մլն 200 հազար ՀՀ դրամ` որպես նվիրատվություն, գումարը ծախսվելու է «Տաք ձմեռ տարեցների համար» ծրագրի շրջանակում:
Համայնքապատկան Ա.Բրուտյանի անվան 4-րդ երաժշտական դպրոցին հատկացվեց 2.000.000 ՀՀ դրամ՝ անհրաժեշտ երաժշտական գործիքներ ձեռք բերելու նպատակով:
500 հազար ՀՀ դրամ հատկացվեց նաեւ համայնքապատկան մարմնամարզական մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոցին` մարզադահլիճի համար պատուհաններ, պատուհանագոգեր և հատակապատման տախտակներ ձեռք բերելու և տեղադրելու նպատակով:
ԱՌՏ երիտասարդական, բնապահպանական եւ խորհրդատվական հասարակական կազմակերպությանը որպես նվիրատվություն հատկացվեց 250 հազար ՀՀ դրամ` «Երիտասարդ Գյումրի» ծրագրի իրականացման նպատակով:
Նոր խմբագրությամբ հաստատվեց համայնքապատկան մանկապատանեկան արվեստի պալատի կանոնադրությունը:
Քաղաքացի Ա.Մովսիսյանի սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցի 2017 թվականի գույքահարկի նկատմաբ արտոնություն սահմանվեց:
Ամենաթեժ քննարկումները 9-րդ հարցի շուրջ էին, 20 կողմ 10 ձերնպահ հարաբերակցությամբ ավագանին ընդունեց Գյումրու Աբովյան ճեմափողոցում գյումրեցի անվանի անձանց նվիրված հուշարձանններ տեղադրելու որոշումը: Հոկտեմբերի 9-ից քաղաքապետարանը նախապաստրաստվելու է կազմակերպել հանրային քննարկուներ ու բաց լսումներ: Այս քննարկումների արդյունքում որոշվելու է, թե որ մեծերի հուշարձաններն են տեղադրվելու այս փողոցում:
Ի դեպ, Աբովյան փողոցն ունի 12 հենասյուն, ամեն մի հենսյան մոտ տեղադրվելու է մեկ հուշարձան, ֆինանսական մասն ապահովելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Քաղաքապետ Սամվել Բալասանյանի խոսքով` ինքն է Ս.Սարգսյանին խնդրել տեղադրել հուշարձաններ, նախագահն էլ ընդառաջել է եւ ֆինանսավորելու է:
Հաջորդ ավագանու նիստը կայանալու է նոյեմբերի 6-ին:
Անի Մկրտչյան
©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring:
Նիստերի սղագրության աղբյուրը` parliament.am