Գյումրու ավագանին մի քանի անգամ նույն անձին գումար է հատկացնում

Գյումրու ավագանին մի քանի անգամ նույն անձին գումար է հատկացնում

Պետական եւ համայնքային բյուջեից օգնություն ստացած Գյումրու բնակիչները

Գյումրու ավագանին գրեթե ամեն տարի շուրջ 7-8 մլն ՀՀ դրամ է հատկացնում Գյումրու 700-800 բնակչի` որպես դրամական աջակցություն:

2017 թվականի հունվարից մինչեւ այսօր Գյումրու ավագանին 4 նիստի ընթացքում միաձայն որոշել է 587 քաղաքացու հատկացնել ընդհանուր 5 մլն 900 հազար ՀՀ դրամ, յուրաքանչյուր քաղաքացու հիմնականում հատկացվել է 10 հազար ՀՀ դրամ: Ավագանին մի քանի բացառություններ եւս կատարել է. որոշ բնակիչների տրամադրել է 15 հազար կամ 20 հազար ՀՀ դրամ:

Գյումրու յուրաքանչյուր բնակիչ իրավունք ունի գրավոր դիմել Գյումրու քաղաքապետին` գումար ստանալու խնդրանքով: Անձի դիմումը եւ ներկայացրած բոլոր փաստաթղթերը պետք է ուսումնասիրվեն եւ ստուգվեն ավագանու մշակույթի, կրթության, սպորտի եւ սոցիալական հարցերի մշտական գործող հանձնաժողովի կողմից, հանձնաժողովը նաեւ տունայցերի միջոցով պետք է պարզի, թե գումար հայցող բնակիչը իսկապես ունի դրամական աջակցության կարիք: Այնուհետ` հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում անձի անունը ներառվում է դրամական աջակցություն ստացող քաղաքացիների ցանկ, որն էլ ընդգրկվում է ավագանու նիստի օրակարգ:

Սովորաբար ավագանու անդամները, հիմք ընդունելով, որ հանձնաժողովն ուսումնասիրել է անձի դիմումը, համարել է սոցիալապես անապահով, նիստերին միաձայն կողմ են քվեարկում նման որոշման նախագծերին:

Սակայն մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համայնքի բյուջեից գումար ստացող շատ քաղաքացիներ պարբերաբար են ընդգրկվում այս ցանկ, մինչդեռ բազմաթիվ բնակիչներ բողոքում ու դժգոհում են, որ իրենց գումար չի հասնում:22773632_1486181014800515_1402719041_n

Որպես ապացույց հրապարակենք որոշ փաստեր

Ուսումնասիրել ենք 2015, 2016, 2017 թվականների դրամական աջակցություն ստացած քաղաքացիների ցանկերը:

Գյումրու ավագանին 2017 թվականի մարտի 10-ին որոշել է Լ.Ֆիդանյանին գումար հատկացնել 10 հազար դրամ, նույն անձին 10 հազար դրամ ավագանին հատկացրել է նաեւ 2017 թվականի սեպտեմբերի 12-ին:

Փ.Մարգարյանին 10 հազար դրամ հատկացվել է 2016 թվականի հունիսի 16-ի ավագանու որոշմամբ, նույն քաղաքացուն ավագանին 10 հազար հատկացրել է նաեւ 2017 թվականի հունիսի 5-ին, իսկ սեպտեմբերի 12-ի նիստում ավագանին Փ.Մարգարյանին հատկացրեց 200 հազար ՀՀ դրամ` որպես դրամական աջակցություն: Պատճառաբանվեց, որ Մարգարյանների ընտանիքի գույքի մի մասն այրվել է հրդեհի հետեւանքով:

Ն.Ապրեսյանին Գյումրու ավագանին գումար է հատկացրել 2015 թվականի դեկտեմբերի 17-ին`10 հազար դրամ, նույն քաղաքացուն ավագանին նույնչափ գումար հատկացրել է նաեւ 2017 թվականի սեպտեմբերի 12-ին:

Ռ.Գրիգորյանը համայնքի բյուջեից գումար ստացել է 2015 թվականի դեկտեմբերի 17-ի ավագանու որոշմամբ` 10 հազար ՀՀ դրամ, նույնչափ գումար Ռ.Գրիգորյանը ստացել է նաեւ 2016 թվականի հունիսի 16-ի ավագանու որոշմամբ:

Ա.Գեւորգյանին Գյումրու ավագանին 10 հազար ՀՀ դրամ է հատկացրել` 2015 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ, քաղաքացուն ավագանին 10 հազար դրամ հատկացրել է նաեւ 2017 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ:

Շ.Կողպեցյանը համայնքի բյուջեից ստացել է 30 հազար դրամ` որպես աջակցություն` ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ: Շ.Կողպեցյանին ավագանին 10 հազար դրամ հատկացրել է նաեւ 2017 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ:

Վ.Այվազյանին Գյումրու ավագանին 2015 թվականի դեկտեմբերի 17-ին հատկացրել է 10 հազար ՀՀ դրամ: Ավագանին նույն անձին 10 հազար հատկացրել է նաեւ 2017 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ:

Խ.Աճեմյանին Գյումրու ավագանին 2016 թվականի հունիսի 16-ին` 10 հազար ՀՀ դրամ, ավագանին նույն բնակչին գումար է հատկացրել նաեւ 2017 թվականի մայիսի 5-ին` 10 հազար ՀՀ դրամ:

Լ.Ամիրյանին Գյումրու ավագանին 10 հազար ՀՀ դրամ է հատկացրել 2015 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ, նույն քաղաքացուն նույնչափ գումար ավագանին հատկացրել է նաեւ 2017 թվականի մայիսի 5-ի որոշմամբ:

Ս.Աբեթնակյանին 10 հազարական գումար հատկացվել է ավագանու ինչպես 2015 թվականի դեկտեմբերի 17-ի, այնպես էլ` 2017 թվականի հունիսի 5-ի որոշմամբ:

Ա.Ղարագյոզյանին 10 հազարական հատկացվել է ինչպես 2016 թվականի դեկտեմբերի 12-ի, այնպես էլ` 2017 թվականի հունիսի 5-ի որոշմամբ:

Ա.Խալաչյանին 10 հազար դրամ հատկացվել  էինչօես 2017 թվականի մայիսի 5-ի, այնպես էլ 2017 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ:22773459_1486180984800518_1161221080_n

Որոշ անձինք բացի Գյումրու ավագանու հատկացրած աջակցությունից միեւնույն ժամանակ գումար են ստացել նաեւ Շիրակի մարզպետարանից:

Օրինակ` Ա.Նահապետյանը 10 հազար դրամ ստացել է Գյումրու ավագանու սեպտեմբերի 12-ի որոշմամբ, նույն ամսում 20 հազար դրամ ստացել է նաեւ Շիրակի մարզպետարանից` որպես դրամական աջակցություն:

Գ.Կարապետյանը սեպտեմբերին Գյումրու ավագանու որոշմամբ ստացել է 10 հազար դրամ, նույն ամսում Շիրակի մարզպետարանից` 15 հազար ՀՀ դրամ:

Նույն հասցեում բնակվող Գյումրու բնակիչներ Մ.Օլթեցյանը եւ Ս.Օլթեցյանը գումար են ստացել եւ Գյումրու համայնքից, եւ պետական բյուջեից: Գյումրու ավագանու 2017 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ Ս.Օլթեցյանը ստացել է 10 հազար ՀՀ դրամ, իսկ Մ.Օլթեցյանը հունիսին է 15 հազար ՀՀ դրամ ստացել Շիրակի մարզպետարանից:

Ցանկերի ուսումնասիրությունից նկատվում է, որ նույն հասցեում գրանցված եւ նույն բնականարում բնակվող ընտանիքի մի անդամը դրամական օգնություն է ստացել Շիրակի մարզպետարանից, իսկ մյուսը` Գյումրու քաղաքապետարանից: Նաեւ նույն ազգանուններով ազգակցականները, որոնք բնակվում են միմյանց մոտ եւ հարեւան են, միեւնույն ժամանակ գումար են ստացել Գյումրու քաղաքապետարանից. նման օրինակները եւս բազմաթիվ են:

Ավագանու մշակույթի, կրթության, սպորտի եւ սոցիալական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահը 2012 թվականից մինչ այսօր ավագանու անդամ Մխիթար Սահակյանն է: Մ.Սահակյանից հետաքրքրվեցինք, թե կա արդյոք կանոնակարգ, որի միջոցով ընտրվում են գումար ստացող քաղաքացիները, ինչպիսի սկզբունքներ են կիրառվում գումարի չափը նշանակալիս:

Մ.Սահակյանը պատասխանեց, որ ինքը չի առաջնորդվում կանոնակարգով, իր համար առաջնային է մարդկային խիղճը: Նա եւս չբացառեց, որ գումար հայցող քաղաքացիներն ունեն աշխատանք:

«Եթե մարդը ամսական ստանում է 50 հազար դրամ աշխատավարձ, ու մեզնից գումար է ուզում, չտա՞նք, կարող է մարդը քաղաքապետարանում կաշխատի, 50 հազար դրամ ռոճիկ կստանա, բայց փողի կարիք ունի, չտա՞նք: Մարդուն տարվա ընթացքում գոնե 2 անգամ գումար պետք է տանք: Մենք էնքան ենք գնացել էդ մարդկանց տները, որ բոլորին գիտենք, վիճակներին ծանոթ ենք, գիտենք ինչքան վատ կապրին»,-ասում է ավագանու անդամը:

Անկախ մարդու կարգավիճակից (ունի հաշմանադամության կա՞րգ, թե՞ ոչ, աշխատանք ունի՞, թե՞ գործազուրկ է, ընտանեկան նպաստ ստանո՞ւմ է, թե՞ ոչ), Գյումրու ավագանին հատկացնում է 10 հազար ՀՀ դրամ: Գումարի այս չափը, սակայն, որոշ դեպքերում դժգոհության տեղիք է տալիս, մասնավորապես` գործազուրկ, հաշմանդամության կարգ ունեցող քաղաքացիները էլ ավելին են ակնկալում, քան հատկացնում է Գյումրու ավագանին:

Այս խնդիրն արդեն երկար տարիների պատմություն ունի, մինչդեռ Գյումրու ավագանին գումար հատկացնելու սկզբունքներ, կանոնակարգ չի մշակում:

Անի Մկրտչյան

©progressgyumri.am  Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring:

 

 

Comments Are Closed!!!