Գյումրու տարեկան բյուջեն վերջին տարիներին մոտ 3 միլիարդ 200 միլիոն կամ 3 միլիարդ 300 միլիոն դրամ է, որից պետական դոտացիան կազմում է շուրջ 2 միլիարդը: Հանրապետության երկրորդ քաղաքի սեփական եկամուտները կազմում են շուրջ մեկ միլիարդ ու մի քանի հարյուր միլիոն, որը համայնքի բյուջեի մոտ 1/3-րդ մասն է կազմում: Սովորաբար քաղաքի զարգացման ծրագրում ընդգրկված միջոցառումների գերակշռող մասը ժամանակին չի իրականացվում բյուջեի սուղ լինելու պատճառաբանությամբ: Մասնավորապես 88-ի երկրաշարժից մոտ 3 տասնամյակ տարի անց էլ Գյումրիում անօթեւանության խնդիրը չի լուծվում: Ոչ կառավարության եւ ոչ էլ Գյումրու զարգացման հնգամյա ծրագրում այս խնդրի լուծման կոնկրետ եւ հստակ քայլեր նշված չեն: Տեղական իշխանությունը տարբեր տարիների հայտարարում է, որ քաղաքի բյուջեի միջոցները բավարար չեն հիմնախնդիրների լուծման համար, սակայն, մյուս կողմից էլ, տասնյակ միլիոններ է ծախսում արձանների տեղադրման կամ շատրվանների վերանորոգման համար, որը քաղաքի բնակչության մեծամասնությունը չի ընդունում եւ առաջնային չի համարում: Քաղաքապետարանը չփորձելով մեկնաբանել այս ծախսերի արդյունավետ եւ անարդյունավետ լինելը, շահագրգռված է ավելացնել բյուջեի միջոցները: Տարբերակն արդեն հայտնի է: Գյումրու ավագանին 2018 թվականին տեղական բյուջեն ավելացնելու վերաբերյալ գրավոր ուղերձ է հղելու ԱԺ-ին ու ՀՀ կառավարությանը, որ պետական բյուջե վճարվող Գյումրու եկամտահարկի մի մասը փոխանցվի Գյումրու համայնքային բյուջե` միաժամանակ չպակասեցնել պետական դոտացիայի ծավալը: Գյումրու քաղաքապետն Սամվել Բալասանյանն արդեն նախնական հաշվարկներ կատարել է` 3 միլիարդի փոխարեն քաղաքի տարեկան բյուջեն կկազմի 5 միլիարդ: Այս թեմայով Գյումրու քաղաքապետարանում մի քանի տարի առաջ եղան քննարկումներ: Գյումրուն արտոնություններ տալու խնդրանքով` ԱԺ-ի որոշ պատգամավորների հանձնվեցին առաջարկությունների փաթեթներ, սակայն արդյունքում որեւէ դրական փոփոխություն չեղավ: Անհայտ է, թե հաջորդ տարի արդյոք գերատեսչություններն ընդունելու են համայնքի առաջարկը:
©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring: Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru