29 տարի անց: 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց ավելի քան 25 հազար մարդ, 19 հազար մարդ հաշմանդամ դարձավ, անտուն մնաց 530 հազար քաղաքացի: Աղետն ընդգրկեց շուրջ 3000 քառակուսի կմ տարածք` 21 քաղաք ու շրջկենտրոն, 342 գյուղ: Ավերվեց Հայաստանի բնակֆոնդի 17%-ը: Հողին հավասարվեց 217 շենք` 20.600 բնակարան` 4 մլն 423 հազար քառակուսի մետր բնակմակերեսով: Աղետի հետեւանքով հասցված ընդհանուր նյութական կորուստ այդ ժամանակահատվածում հաշվարկվեց և կազմեց 10 մլրդ ԱՄՆ դոլար, որից 658 մլն-ը բաժին հասավ փլված ու վթարային դարձած շինություններին: Շիրակի մարզում 88-ի երկրաշարժի հետեւանքով բնակարանային փոխհատուցման հերթացուցակում ընգրկված էր 4271 անօթեւան ընտանիք, մինչ այժմ պետական ծրագրով նրանցից բնակարան է ստացել 2785-ը: Պետական ծրագրով բնակարան չի ստացել եւ մերժում է ստացել 344 ընտանիք: Այս ընտանիքներից մի մասը, սակայն, տարիների ընթացքում դիմել է դատական ատյաններ:
Դատարանները ճանաչել են նրանց` անօթեւան լինելու փաստը, սակայն դեռեւս պետական ծրագրով բնակարան չեն ստացել: Շուրջ 400 ընտանիք սահմանված ժամկետում չի հասցրել ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը կամ ընդհանրապես չի ներկայացել, հետեւաբար, չեն ճանաչվել շահառուներ: 98 ընտանիք երկրաշարժի հետեւանքով կորցրել է սեփական տուն եւ մինչ այժմ չի փոխհատուցվել: 155 ընտանիք մասնակիորեն փոխհատուցվել է. սրանք այն ընտանիքներն են, որոնք համարժեք փոխհատուցում ստացել են, սակայն ընտանիքի մի մասը շարունակում է հերթացուցակում հաշվառված մնալ: 71 ընտանիք ստացել է բնակարանի գնման վկայական, սակայն չեն կարողացել ձեռք բերել բնակարան, իսկ վկայականի ժամկետը լրացել է: Բացի նշված պետական ծրագրից, 1988-ից մինչ այժմ որոշ հասարակական կազմակերպություններ եւ հիմնադրամներ, անհատներ, կուսակցություններ, օտարերկրյա հյուրեր են բնակարաններ հատկացրել Շիրակի եւ հատկապես` Գյումրու անօթեւան շուրջ 300-350 ընտանիքի: Սակայն Գյումրիում դեռեւս անօթեւանության խնդիրն ամբողջովին լուծված չէ: Հիմնական պատճաներից է այն, որ մասնավորապես 90-ականներին պետական ծրագրով փոխհատուցում ստացած բնակարանը ընտանիքը սոցիալական պայմանների պատճառով վաճառել է, այնուհետ գնել ժամանակավոր կացարան` տնակ, որտեղ ապրում է մինչ այժմ: Պետությունը, բնականաբար, այս ընտանիքների նկատմամբ պետական պարտավորություն չունի, սակայն ընտանիքները փաստացի անօթեւան են: Գյումրու քաղաքապետարանի տվյալներով` Գյումրու վարչական տարածքում հաշվառված է մոտ 2150 տնակ, որոնցից 50-ից ավելին 10-15 տարի է լքված են, բնակեցված չեն: Գյումրիում անօթեւան ընտանիքները բնակվում են ոչ միայն տնակներում, այլեւ` վթարավտանգ շենքերում, որոնք Գյումրիում մոտ 88-ն են: Շիրակի մարզպետարանի տվյալներով`1988 թվականի երկրաշարժի հետեւանքով Գյումրիում փլված բնակարաններից ավելին է կառուցվել, սակայն անօթեւանության խնդիրը չի լուծվել, հիմնական պատճառն այն է, որ 29 տարիների ընթացքում ընտանիքները բազմացել են: Մյուս կողմից էլ, Գյումրու նորակառույց թաղամասերի շենքերի բնակարանները փակ են. անօթեւան ընտանիքները պետության կողմից փոխհատուցվել են, սակայն նախընտրել են ապրել ոչ թե նոր բնակարանում, այլ Գյումրուց եւ Հայաստանից հեռու: