Վերջին շրջանի հայաստանյան պետական ու ներքաղաքական կյանքի գլխավոր օրակարգերը պետական ու կառավարման նոր համակարգերի ձեւավորման գործընթացներն են, որոնք իրենց հիմքում ունեն կիսանախագահական մոդելից խորհրդարանական (վարչապետական) մոդելին անցնելու սահմանադրական ու օրենսդրական հիմքերի ստեղծումը: Կառավարությունն ու խորհրդարանը ընդունում են որոշումներ ու օրենքներ, որոնք ձեւավորում են վարչապետական իշխանության լայն լիազորություններն ու իրավասությունները:
Այս տարվա ապրիլի կեսերից հանրապետության գլխավոր պաշտոնական դեմքը դառնալու է վարչապետը, նրան են ենթարկվելու ուժային կառույցները, անվտանգության խորհուրդը, պետական մյուս կառույցները: Հանրապետության չորրորդ նախագահը թեեւ ունենալու է որոշակի լիազորություններ, սակայն իշխանական համակարգում լինելու է ընդամենը խորհրդանշական ֆիգուր, որից շատ քիչ բան է կախված լինելու:
Այս տարվա սկզբից հանրապետությունում սկիզբ առած ներքաղաքական գործընթացների կիզակետում էին հայտնվել երկու կարեւորագույն հարց. ովքեր են լինելու հանրապետության նոր վարչապետն ու նախագահը, ինչ տեսք է ունենալու ապրիլին ձեւավորվելիք նոր իշխանությունը: Որքան էլ խորհրդարանական մոդելը ենթադրի առավել մեծ ժողովրդավարություն ու անձերից քիչ կախում ունեցող կառավարման համակարգ, միեւնույն է, Հայաստանի տիպի երկրներում անձերի դերակատարությունը էական նշանակություն ունի: Մանավանդ, եթե նկատի ունենանք այն իրողությունը, որ սահմանադրական փոփոխություններով պայմանավորված այդ անցումը, ըստ քաղաքական շատ վերլուծաբանների ու փորձագետների, միտված էր մեկ նպատակի՝ պահպանել Սերժ Սարգսյանի անձնական ու ՀՀԿ-ի քաղաքական իշխանությունը: Այսինքն՝ սահմանադրական հանրաքվեն, մեծ հաշվով, վերատադրության ուրույն եղանակ էր:
Մինչեւ վերջերս նոր վարչապետի հնարավոր թեկնածուների առումով հիմնականում շրջանառվում էր երկու անուն՝ Սերժ Սարգսյան եւ գործող վարչապետ Կարեն Կարապետյան: Վերջինս նույնիսկ իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ պատրաստ է շարունակել պաշտոնավարելը վարչապետի պաշտոնում: Սակայն հետզհետե Կարեն Կարապետյանի անվան շրջանառությունը սահմանափակվեց, սահմանափակվեց հիմնականում ՀՀԿ ներկայացուցիչների կողմից, որոնք անուղղակիորեն հասկացրին, որ թեեւ գոհ են գործող վարչապետի աշխատանքից, սակայն նրան ապրիլից չեն տեսնում այդ պաշտոնում: Միաժամանակ սկսեցին հայտարարություններ անել, թե նոր վարչապետի որոշելու խնդիրը բացառապես իշխող ՀՀԿ-ի ու իրենց առաջնորդի տիրույթում է, եւ երբ ժամանակը գա, Սերժ Սարգսյանն ու Հանրապետականը իրենց որոշումը կընդունեն ու կհայտարարեն:
Հանրապետականներն այսկերպ նախապատրաստում էին վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանին առաջադրելու հեռանկարը՝ հընթացս հայտարարություններ անելով նրա անփոխարինելիության, բացառիկության, Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը լինելու մասին: Ինքը՝ Սերժ Սարգսյանը, իր տարբեր հայտարարություններում ու ելույթներում շարունակում է խուսափել կոնկրետ պատասխաններ տալ իր քաղաքական ապագայի մասին՝ հայտարարելով, թե դեռ չի որոշել, ժամանակը գա՝ կասի: Նրա խուսափողական պատասխանների դրդապատճառները հասկանալի են. երբ իշխանությունը նոր-նոր ձեռնարկում էր սահմանադրական փոփոխությունները, Սերժ Սարգսյանն հայտարարել էր, թե իր պաշտոնավարման ավարտից հետո չի հավակնում ոչ նախագահի, ոչ վարչապետի, ոչ էլ Ազգային ժողովի նախագահի պաշտոններին, այսինքն՝ հիմա նա պարտադրված է իր տված խոստման մեջ:
Սակայն իր փոխարեն Սերժ Սարգսյանի վարչապետական հավակնությունների մասին հայտարարում են նրա կուսակիցները՝ Գալուստ Սահակյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Վահրամ Բաղդասարյանը, իհարկե, դրանք ներկայացնելով որպես իրենց անձնական կարծիքներ ու ցանկություններ: Վերջերս այդ հավակնություններն առավել առարկայական դարձան, երբ Է. Շարմազանովն ու Վ. Բաղդասարյանն հայտարարեցին, թե Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի շարքային անդամ է, եւ եթե ՀՀԿ-ն որոշի, որ նա լինելու է վարչապետի պաշտոնում, ապա նա պարտավոր է ենթարկվել այդ որոշմանը: Նրանք նաեւ հիմքեր նախապատրաստեցին Սերժ Սարգսյանի համար՝ իր տված խոստումը դրժելու հարցում, հայտարարելով, թե այդ խոստումը տրվել է քաղաքական մեկ այլ իրավիճակում, իսկ այսօր երկիրը գտնվում է բոլորովին այլ քաղաքական իրողությունների մեջ: Շարմազանովը անգամ պատմական զուգահեռներ անցկացրեց Ուինստոն Չերչիլի ու Շառլ դե Գոլի միջեւ, որոնք իրենց ժամանակին, հանուն ազգային շահերի, խախտել են իրենց նախկինում արված խոստումներն ու ասածները: Հասկանալի է, որ այստեսակ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան Սերժ Սարգսյանին պաշտոնապես ապագա վարչապետի պաշտոնում առաջադրելու հայտ:
Հատկանշական է, որ այդ հայտը ներկայացվում է այն ժամանակահատվածում, երբ լուծված է ՀՀ չորրորդ նախագահի հարցը: Ամիսներ առաջ իր մի ելույթում Սերժ Սարգսյանը ներկայացրել էր իր պատկերացրած նախագահի մոտավոր կերպարը, իսկ օրեր անց ՀՀԿ-ն պաշտոնապես որոշում էր ընդունել այդ պաշտոնում առաջադրել Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Վերջինիս հետ առաջարկը ներկայացնող հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հույս հայտնեց, որ նա կընտրվի քաղաքական լայն համաձայնությամբ, մեկ փուլով, այսինքն՝ նրան խորհրդարանում կողմ կքվեարկեն ոչ միայն ՀՀԿ-ն, այլեւ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն ու ԲՀԿ պատգամավորներ: Մեկ փուլով ընտրվելու համար մեկ տասնյակից ավել ԲՀԿ-ականների ձայները անհրաժեշտություն էին:
Խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումից հետո, ինչպես եւ սպասելի էր, Արմեն Սարգսյանը տվեց իր համաձայնությունը առաջադրվելու մասին: ՀՅԴ-ն էլ հայտարարեց, որ իրենք միանում են ՀՀԿ-ի առաջադրմանը, այսինքն՝ Արմեն Սարգսյանին առաջադրեց իշխող կոալիցիան: Մնում էր ԲՀԿ-ի խնդիրը: Որոշ ժամանակ ձգձգելուց հետո ԲՀԿ-ն էլ (այսինքն՝ Ծառուկյան դաշինքը) հայտարարեց, որ մարտի 2-ին խորհրդարանում անցկացվելիք ընտրության կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանին:
Այսպիսով, իշխանության գծագրած սցենարը իրականություն դարձավ. խորհրդարանում անցկացված քվեարկությամբ (90 կողմ, 10 դեմ ձայների հարաբերակցությամբ) Արմեն Սարգսյանն ընտրվեց ՀՀ չորրորդ նախագահ:
Քաղաքական որոշ շրջանակներ պնդում են, որ նա եւս, իր երկու նախորդների նման, լինելու է ոչ լեգիտիմ նախագահ եւ այս իմաստով շեշտում են երկու հանգամանք. 1. Հայաստանի քաղաքացիության մասին փաստաթղթերի թերի լինելը եւ 2. իրավագետ Վահե Գրիգորյանի բացահայտումները Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրության հակասահմանադրականության փաստը:
Հ. Կիրակոսյան
©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring: