Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվել է ոչ ստանդարտ ներքաղաքական վիճակ: Գործադիր իշխանությունը պատկանում է հեղափոխական ուժերին՝ իր վարչապետով, նախարարներով, ուժային երկու կառույցի՝ Ազգային անվտանգության ծառայությունով ու ոստիկանությամբ:
Սակայն գործադիր իշխանությունը կրող ուժը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը, խորհրդարանում փոքրամասնություն է: Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի իրական քաղաքական թիմը ԵԼՔ դաշինքն է: Հեղափոխությանը միացած եւ կառավարությունում մի քանի պորտֆելներ ստացած Ծառուկյան դաշինք-ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին թեեւ դե յուրե Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմ չի կարելի համարել, սակայն ներքաղաքական այս փուլում խորհրդարանում նրանք հանդես են գալիս ու գալու նույն ճակատում: Այս ամենով հանդերձ, այս երեք ուժերը խորհրդարանում փաստացի փոքրամասնություն են եւ չեն կարող սեփական ուժերով անհրաժեշտ օրինագծեր անցկացնել:
Ազգային ժողովում քաղաքական մեծամասնություն շարունակում է մնալ ՀՀԿ-ն, որն իրեն ընդդիմություն է հռչակել Նիկոլ Փաշինյանի գործադիր իշխանությանը: Այսինքն՝ ՀՀԿ-ն չլինելով Հայաստանը ղեկավարող իշխանական ուժ, շարունակում է մնալ իշխանություն խորհրդարանում, ինչը նշանակում է, որ երկրի քաղաքական շատ հարցեր չեն կարող լուծվել առանց ՀՀԿ-ի մասնակցության: Բացի այդ, մեխանիկորեն նախկին ռեժիմի, այսինքն՝ ՀՀԿ-ի կամ նրա առանձին հատվածի ենթակայության տակ են մնում ուժային մյուս կառույցները՝ դատախազությունը, դատական համակարգը, Հատուկ քննչական ծառայությունը, Քննչական կոմիտեն:
Նիկոլ Փաշինյանն հայտարարել է, որ ինքը չի միջամտելու այս կառույցների գործունեությանը, հրահանգներ չի տալու նրանց, եւ ահա վերջիններս զրկված լինելով հրահանգով աշխատելու իրենց ավանդական եղանակներից, շարունակում են աշխատել նախկին մեթոդներով, այսինքն՝ իրենց աշխատանքում առաջնորդվել այն գործելակերպով ու հաստատված հարաբերություններով, ինչ ունեցել են Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի իշխանության օրոք:
Հենց այս առումով էլ Հայաստանում ընթացող քաղաքական դրդապատճառներ ու երանգներ ունեցող դատավարությունները զգալի լարվածություն են ստեղծել հետհեղափոխական Հայաստանի համար: Քաղբանտարկյալների հարազատներն ու կողմնակիցները հույս ունեին, որ հեղափոխությունից հետո նրանք այս կամ այն եղանակով ազատ կարձակվեն: Սակայն դատավորները խոչընդոտում են քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացին՝ առաջ բերելով վերջիններիս կողմնակիցների դժգոհոււթյունը եւ առիթ դառնալով բողոքի ակցիաների: Դրանք թեեւ հիմնականում ուղղված են գլխավոր դատախազի ու դատավորների դեմ, սակայն որոշ անհամբեր ազնիվների ու սադրիչների ուղղորդությամբ երբեմն նաեւ ուղղվում են նոր կառավարության ու Նիկոլ Փաշինյանի դեմ:
Բնական է, որ այս վիճակը ձեռնտու է ՀՀԿ-ին, որը, ինչպես երեւում է, չի համակերպվել իշխանությունը կորցնելու մտքի հետ, եւ ինչպես շատ վերլուծաբաններ ու փորձագետներ են կարծում, մտմտում են ռեւանշի ծրագրեր: Բացառված չէ, որ հենց նրանք են ուղորդում, ասենք, քաղբանտարկյալների կողմնակիցների դժգոհության սլաքները դեպի Նիկոլ Փաշինյանը, կազմակերպում սաբոտաժային որոշ ակցիաներ, սպասում նոր կառավարության անհաջողություններին՝ իշխանության վերադառնալու համար:
Հայաստանում ստեղծված այս վիճակը կարելի է ինչ-որ տեղ համարել երկիշխանություն, որը այնքան էլ նպաստավոր չէ երկրի բնականոն գործունեության համար, առավել եւս՝ այն նպատակների իրականացման համար, որոնք առաջ էր քաշել հեղափոխական շարժումը: Այդ նպատակներից առաջնայինը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է, որից առաջ պետք է կատարվեն մի քանի քայլեր՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություն, մասնավորապես ռեյտինգային համակարգի վերացում, փոփոխություններ Կուսակցությունների մասին օրենքում, ընտրական համակարգի բարելավում, քաղաքականության ու բիզնեսի տարանջատում:
Հայաստանում գործող գրեթե բոլոր քաղաքական ուժերը կողմնակից են թե արտահերթ ընտրություններին, թե նշված օրենսդրական փոփոխություններին, բացառությամբ ՀՀԿ-ի: ՀՀԿ-ն ընդդիմանում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, հայտարարելով, թե դրա անհրաժեշտությունը չեն տեսնում: Թեեւ ՀՀԿ-ականներն ասում են, թե չեն խոչընդոտի կառավարության գործունեությանը, երկրի կայունությունը պահպանելու համար կողմ կքվեարկեն կառավարության բերած ծրագրերին ու օրինագծերին, սակայն նաեւ հասկացնում են, որ կողնակից չեն ընտրությունների հետ կապված օրենքներում արմատական փոփոխություններ կատարելուն: Հատկապես լսել անգամ չեն ուզում ռեյտինգային համակարգի վերացման մասին, քանի որ վերջինս փրկօղակ կարող է լինել ՀՀԿ-ի համար:
Իրավիճակի բարդությունն այն է, որ առանց ՀՀԿ-ի կամ ՀՀԿ-ական առնվազն մեկ տասնյակ պատգամավորների քվեարկության, վերը նշված խնդիրները չեն լուծվի: ՀՀԿ-ն ժողովրդական ճնշման տակ նախորդ փուլերում մի քանի անգամ նահանջել է: Հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այժմ երկրի ղեկավարն է եւ հասկանալի է, որ ժողովրդական ճնշման եղանակն այսօր այնքան էլ նպատակահարմար չէ: Նոր իշխանության ներկայացուցիչներն այս օրերին հայտարարում են, թե այդ խնդիրները պետք է լուծվեն քաղաքական համաձայնությամբ:
ՀՀԿ-ում լավ հասկանում են, որ նոր ընտրությունների պարագայում իրենք կարող են չհայտնվել խորհրդարանում, քանի որ մինչեւ վերջին կաթիլը հեղինակազրկված են հասարակության աչքում: Նրանց ընդդիմանալու պատճառը հենց սա է: Բայց նաեւ լավ հասկանում են, որ ընդդիմանալը իրենց համար կարող է բերել անցանկալի գործընթացների: ԱԱԾ-ն ու ոստիկանությունը վերջին օրերին կոռուցիոն մի քանի սխեմաներ են բացահայտել, որոնք, հասկանալի է, կապվում են ՀՀԿ իշխանության մի քանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Ադ բացահայտումների գործընթացը շարունակվում է, որը կարող է ի հայտ բերել էլ ավելի խոշոր ու աղմկահարույց գործեր: Սա համաժողովրդական ճնշումից ոչ պակաս ճնշում կարող է լինել ընդդիմացող ՀՀԿ-ի վրա:
Հ. Կիրակոսյան
©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com