Հայաստանի վերջին շաբաթների ներքաղաքական գործընթացների մեխը հեղափոխության շարունակություն-հակահեղափոխություն դիմակայությունն է, ինչքան էլ որոշ շրջանակներ պնդեն, թե հակահեղափոխության օջախ հանրապետությունում չկա ու չի կարող լիել: Այս արտահայտության փոխարեն ավելի ճիշտ կլինի օգտագործել հակահեղափոխության հաջողության հնարավորություն չկա, կամ քիչ կա, իսկ որ հակահեղափոխություն անելու մտադրություններ ու ծրագրեր նախկին իշխանությունն ու նրա շուրջը համախմբված ուժերն ունեն, անկասկած է: Այս մասին փաստում են վերջին շրջանում ներքաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացները: Այսինքն՝ պետք չէ ոչ գերագնահատել, ոչ էլ թերագանահատել հակահեղափոխության գոյությունն ու հեռանկարը: Թեկուզ եւ՝ քիչ հավանական իրագործման առումով:
Հակահեղափոխական կամ ռեւանշիստական ուժերն աշխուժացան հատկապես Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու հայտարարությունից հետո: Իսկ այդ հայտարարությունն արվեց Մարտի 1-ի գործով նրա հանդեպ մեղադրանք առաջադրելուց, կալանավորելուց, ապա կալանքից ազատելուց հետո: Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հայտն ուղղակիորեն կապվում է Մարտի 1-ի գործի հետ եւ առաջին հերթին ունի ինքնապաշտպանության ներքին բովանդակություն ու դրդապատճառ:
Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատումը, հասկանալի է, ժամանակավոր է, եւ ահա նա իրեն ներկայացված մեղադրանքը փորձում է տեղափոխել քաղաքական հարթություն, իրեն ներկայացնել որպես քաղաքական հալածյալ՝ իր համար ցանկալի այդ կարգավիճակը դիտարկելով որպես զրահապատյան: Իրականության մեջ Մարտի 1-ի գործը բացառապես իրավական դաշտում է, ներկայացված մեղադրանքը, ըստ շատ իրավաբանների, առավել քան լավ հիմնավորված:
Եթե Մարտի 1-ի գործը լիներ քաղաքական պատվեր, ինչպես կարծում են Ռ. Քոչարյանն ու իրենց ձայնակցող ՀՀԿ-ական պատգամավորները, ապա Վերաքննիչ դատարանը ոչ մի դեպքում նրա վրայից կալանքի որոշումը չէր հանի: Նոր իշխանությունը հաստատ դա անելու միջոցներ ու մեթոդներ կգտներ, ինչի մասին լավ գիտի Ռոբերտ Քոչարյաննը, եւ ինչը ինքն ու իր հետնորդ Սերժ Սարգսյանն բազմաթիվ անգամներ արել են իրենց իշխանավարման տարիներին: Սակայն նոր իշխանությունը որդեգրել է այլ ճանապարհ. որեւէ կերպ չխառնվել ու չազդել դատական համակարգի գործունեության ու որոշումների վրա:
Ի դեպ, Վերաքննիչ դատարանի որոշման առումով կարելի ասել հակառակը. Որոշումն ընդունած դատարանի վրա ազդել է նախկին իշխանությունը: Մամուլում օրերս հրապարակվեց այն սխեման ու դրա մասնակից իրավապահ մարմինների ներկայացուցիչների անունները, որով դատավոր Ալեքսանդր Ազարյանն ընդունել է այդ որոշումը, որը իրավաբաններից շատերն համարում են անօրինական: Դատարանների ու դատավորների վրա նախկին իշխանության ազդեցության մասին հստակորեն հայտարարեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ օգոստոսի 17-ին Երեւանի Հանրապետության հրապարակում կառավարության պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքում: Նա խստորեն զգուշացրեց նման գործելակերպով առաջնորդվող դատավորներին խաղ չանել հեղափոխության ու ժողովրդի հետ:
Ընդհանրապես այդ հանրահավաքում Նիկոլ Փաշինյանի ելույթը շատ հանգուցային է: Ի թիվս այլ հարցերի՝ նա խոսեց նաեւ հեղափոխական կառավարության ծրագրած նոր քայլերի, ավելի ճիշտ՝ մտադրությունների մասին. փոփոխություն կատարել Սահմանադրության մեջ եւ ստեղծել անցումային արդարադատության մարմիններ: Հասկանալի է, որ այս երկու քայլն էլ միտված է հեղափոխութությունը ամրապնդելու եւ հակահեղափոխություն թույլ չտալու համար:
Սահմանադրական փոփոխությունը ենթադրում է կետ ավելացնել խորհրդարանի լուծարման հոդվածում եւ այնտեղ ավելացնել ինքնալուծարման դրույթը, քանի որ գործող կարգով մեծ է վտանգը, որ հանրապետական պատգամավորներն ու նրանց աջակիցները (առաջին հերթին՝ ՀՅԴ-ականները, որոնք լինելով նոր կառավարության մաս, հանդես են գալիս Ռ. Քոչարյանի պաշտպանությամբ) կարող են 2019 թվականի մայիսին անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին ու ընտրել սեփական վարչապետին: Ինչքան էլ ՀՀԿ-ի՝ հանրության մեջ զրոյական վարկանիշի պայմաններում այս սցենարն անհավանական թվա, այնուամենայնիվ, պետք է աչքի տակ ունենալ այդ տարբերակը, մանավանդ բոլորս էլ լավ գիտենք, թե նախկին ռեժիմը ինչպիսի ինտրիգների ու մութ գործերի է ընդունակ: Այս պահը իր ելույթում շեշտեց նաեւ Նիկոլ Փաշինյանը:
Անցումային արդարադատության մարմինների ստեղծման անհրաժեշտությունը ծագել է դատական համակարգի՝ դեռեւս կիսով չափ նախկին իշխանության ազդեցության ոլորտում գտնվելու իրողությունից: Նաեւ՝ այն իրավական բացերից ու սողանքներից, որոնք կան օրենսդրության մեջ արդյունավետ արդարադատություն իրականացնելու, կոռոպցիոն սխեմաները բացահայտելու, տարիներով քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյանի այդ ելույթից հետո ՀՀԿ-ական պատգամավորները սկսեցին իրենց նույնահանգ երգը՝ իբր երկրում բռնապետություն հաստատելու, մարդու իրավունքները ոտնահարելու, խոսքի ազատությունը սահմանափակելու մասին: Այսինքն՝ նկարագրեցին մի վիճակ, որը բնորոշ էր իրենց իշխանության տարիներին: Միայն այդ հանգամանքն արդեն աբսուրդ է դարձնում նրանց հայտարարությունները:
Ինչպես նշվեց վերեւում՝ ՀՀԿ-ականների այս ակտիվությունը, կոշտ հայտարարությունները ուղղակիորեն կապված են իրենց ռեւանշիստական ծրագրերի ու նկրտումների հետ: Այդ ծրագրերը լավ երեւում են նաեւ տեղեկատվական դաշտում եւ այնտեղ մղվող քարոզչական պայքարում:
Մինչ Ռոբերտ Քոչարյանի շուրջ համախմբված քրեաօլիգարխիկ ուժերը հակահեղափոխության՝ թող որ այս պահին թույլ փորձեր են անում, հեղափոխական իշխանությունը արդեն գործուն քայլեր է իրականացնում հեղափոխական մեթոդները կյանքի կոչելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով փոխվարչապետ Արարատ Միրզոյանը արդեն նախապատրաստական աշխատանքներ է կատարում Սահմանադրական փոփոխությունների ու անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու ուղղությամբ: Հատկապես այս վերջինից կոռուպցիայի մեջ թաթախված նախկին իշխանությունները սարսափում են, ինչը երեւաց նրանց ջղաձիգ հայտարարություններից:
Համլետ Կիրակոսյան
©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com