Հեղափոխություն-հակահեղափոխություն հնարավոր դիմակայությամբ հագեցած հանրապետության ներքաղաքական կյանքում առաջիկայում տեղի կունենա մի իրադարձություն, որը մի քանի առումներով էական նշանակություն ունի հետհեղափախական Հայաստանի համար: Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններն առաջինն են նոր Հայաստանում, եւ հասկանալի է, որ դրանց բարձր մակարդակով անցկացումը կարող է դնել այն հիմքը, որ հետայսու Հայաստանում տեղի ունենալիք ընտրությունները լինեն օրինակելի, այնքան բաց, թափանցիկ, արդար ու ազատ, որ քաղաքական ու հասարակական շրջանակներում կասկածներ չառաջանան դրանց հանդեպ, չլինեն հետընտրական ցնցումներ ու ներքաղաքական ճգնաժամեր, խոսք չգնա ընտրություններում հաղթածների ոչ լեգիտիմության մասին:
Տարիներ շարունակ Հայաստանում առկա խնդիրների, ժողովրդի դժգոհության ու անվստահության հիմքում, մեծ հաշվով, ընկած են եղել անօրինական, կեղծված ընտրությունների փաստն ու դրա արդյունք հանդիսացող ոչ լեգիտիմ իշխանության գոյությունը՝ դրանց արդյունքում առաջացած այլ դրսեւորումներով հանդերձ: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառներից մեկն էլ շարունակաբար կեղծվող ընտրություններն էին, անվստահությունը ընտրական համակարգի, ամբողջական գործընթացի, ընտրություններում հաղթած քաղաքական ուժերի հանդեպ:
Եւ ահա հեղափոխությունը հնարավորություն է ստեղծել վերջ տալ այս երեւույթներին, անցկացնել օրինական ու արդար ընտրություններ եւ ձեւավորել լեգիտիմ իշխանություններ:
Երեւանի ավագանու ընտրություններն այս իմաստով կարելի է համարել առաջիկա համապետական՝ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական փուլ, այսպես ասած՝ միկրոպատկեր, թեեւ ինքնին այդ ընտրությունների կարեւորությունը շատ մեծ է, քանի որ խոսք է գնում մայրաքաղաքի իշխանության ձեւավորման մասին:
Արդեն ավարտվել է այդ ընտրություններին քաղաքական ուժերի առաջադրման ժամկետը, եւ ցանկություն հայտնած ուժերը ընտրական փաստաթղթերը ներկայացնել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչև սեպտեմբերի 3-ը բոլոր հայտերը կուսումնասիրի եւ կհայտարարի այն քաղաքական ուժերի անվանումները, որոնք կմասնակցեն սեպտեմբերի 23-ին կայանալիք արտահերթ ընտրություններին: Քարոզարշավը տեղի կունենա սեպտեմբերի 10-21-ը:
Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով անհրաժեշտ փաստաթղթեր է ներկայացրել 13 քաղաքական ուժ՝ 4 դաշինք եւ 9 կուսակցություն: Սա աննախադեպ թիվ է տեղական ընտրության համար: Հիշեցնենք, որ Երեւանի վերջին ընտրության ժամանակ առաջադրվել էր ընդամենը երեք ուժ՝ ՀՀԿ-ն ԵԼՔ դաշինքը եւ Երկիր Ծիրանի կուսակցությունը: Քաղաքական դերակատարություն ունեցող մյուս մեծ ու փոքր կուսակցությունները հրաժարվել էին մասնակցել այդ ընտրություններին՝ հիմնականանում աչքի առաջ ունենալով 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների դառը փորձն ու էլ ավելի խորացած անվստահությունը հայաստանյան ընտրական համակարգի, մշտապես կեղծվող ընտրությունների հանդեպ:
Այսպիսով, ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած դաշինքներն են՝ «Իմ քայլը» դաշինքը, «Երևանի հանրություն» դաշինքը, «Երեւանցիներ» դաշինքը, «Լույս» դաշինքը:
«Իմ քայլը» դաշինքում ընդգրկված են վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Առաքելություն» կուսակցությունները, ինչպես նաեւ հեղափոխությանը մասնակցած քաղաքացիական ակտիվիստներ, հասարակական գործիչներ ու անհատներ:
Խորհրդարանում ՔՊ-ի դաշնակից «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունները մասնակցում են միասնական դաշինքով, որին տվել են «Լույս» անվանումը:
«Երեւանի հանրություն» դաշինքը ձեւավորել են ԳԱԼԱ եւ կանաչների կուսակցությունները, այստեղ ներկայացուցիչներ են ընդգրկված նաեւ հասարակական-քաղաքական այլ միավորումներից: «Երեւանցիներ» դաշինքը այնքան էլ հայտնի չէ:
Ընտրություններում առաջադրված 9 կուսակցություններն են՝ ԲՀԿ-ն, ՀԺԱՄ-ը, ՀՅԴ-ն, ՀՀՇ-ն, «Ռեֆորմիստներ», «Հայկազուններ», «Ժառանգություն», «Օրինաց երկիր», «Երկիր Ծիրանի» եւ «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները: Ինչպես նկատելի է՝ նախկին իշխող ուժը՝ ՀՀԿ-ն, ընտրություններին չի մասնակցում:
Առաջադրված գրեթե բոլոր ուժերն էլ հայտարարում են, թե դիմացիներին համարում են ոչ թե թշնամիններ, ինչպես շատ դեպքերում եղել է նախկինում, այլ՝ մրցակիցներ, զերծ են մնալու քարոզչական ու հակաքարոզչական կեղտոտ տեխնոլոգիաներ օգտագործելուց, իրար մրոտելուց եւ ներկայացնելու են սեփական ծրագրերը, մոտեցումները Երեւանի խնդիրներին ու զարգացմանը: Այսինքն, մտնելու են ազնիվ ու արդար մրցապայքարի մեջ՝ նոր Հայաստանի եւ սիրո ու համերաշխության տրամաբանության լույսի տակ:
Եթե առաջադրված քաղաքական ուժերը, իրոք, պահեն իրենց այս խոստումը եւ չդիմեն նախկին ընտրություններից հայտնի կեղտոտ մեթոդներին, ընտրական գործընթացի լավ ավանդույթ կձեւավորվի եւ հասարակության մեջ էլ բաժանարար գծերը կվերանան, ինչը շատ կարեւոր է նոր Հայաստանի համար:
Այս ընտրությունների մյուս առանձնահատկությունն այն է, որ առաջադրված ուժերի մեջ ընդգծված չէ ավանդական իշխանություն-ընդդիմություն բաժանումը: Այդ բաժանումը մասնակիորեն տեղի կունենա Երեւանի ընտրություններից, իսկ հիմնարար կերպով՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո:
Համլետ Կիրակոսյան
©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com