Այս փուլում Հայաստանի ներքաղաքական օրակարգի գլխավոր հարցը բացառապես խորհրդարանական արտահերթ ընտրություններն են: Զուգահեռ ընթացող բոլոր գործընթացները ածանցյալ են այս հարցին ու ինչ-որ կետում գալիս, հատվում են դրան:
Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակորեն ձեւակերպեց խնդիրը. խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հետ բանակցություններ սկսել խորհրդարանի լուծարման ու արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով: Ընդ որում, ժամկետների պահով առաջ է եկել ընտրությունները որքան հնարավոր է շուտ անցկացնելու անհրաժեշտությունը: Այժմ արդեն խոսք է գնում ընտրությունները ոչ թե հաջորդ տարվա մայիս-հունիսին, այլ մինչեւ այս տարեվերջ անցկացնելու մասին:
Երեւանի ավագանու ընտրություններն անցկացվեցին Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների տրամաբանության ու համատեքստի մեջ: Երեւանյան ընտրությունների քարոզարշավի երկրորդ կեսում առանցքային դարձավ հենց այս հարցը՝ խորքում ընտրությունները վերածելով հեղափոխության ու Նիկոլ Փաշինյանի վստահության հանրաքվեի: Հենց այս շեշտադրումներն ունենին վարչապետի մի քանի ելույթներ, որը նշում էր, թե այդ ընտրություններով լուծվելու է խորհրդարանի լուծարման ու արտահերթ ընտրությունների անցկացման հարցը եւ իրեն դրա համար պետք է ժողովրդի մանդատը:
Երեւանցիներն այդ մանդատը տվեցին Ն. Փաշինյանին՝ 81 տոկոս ձայնով: Հեղափոխական ուժի՝ նման քանակի քվեներ հավաքելը ընտրություններին մասնակցած մյուս դաշինքների ու կուսակցությունների համար հավասարազոր էր նոկաուտի: Տարիներ շարունակ ՀՀԿ-ից հետո երկրորդ ուժ համարվող ու բոլոր ընտրություններում շատ բարձր արդյունքներ ապահոված ԲՀԿ-ի համար, նոկաուտից բացի, երեւանյան ընտրությունները նաեւ կատարյալ ֆիասկո էին: Այս կուսակցությունը հավաքեց իր գոյության ընթացքի ամենացածր քվեները՝ ընդամենը 7 տոկոս: ՀՅԴ-ն ընդհանրապես մուտք չգործեց Երեւանի ավագանի:
Այս փաստերն արձանագրում են, որ Հայաստանի քաղաքական դաշտը լուրջ խմորումների մեջ է ու արմատական վերակառուցման կարիք ունի. այլեւս գոյություն չունեն քաղաքականություն ու քաղաքական գործընթաց խաղալու նախկին կաղապարները, անդրկուլիսյան պայմանավորվածությունները, այն բոլոր արհեստական ուժերն ու գործողությունները, որոնք քաղաքական կյանքի իմիտացիա էին ստեղծում՝ ձեւավորելով հանրապետության, ըստ էության, ապաքաղաքական ու գաղափարազուրկ համակարգը, որն ստեղծել էին նախկին իշխանությունները: Միակ գաղափարը, որը գոյություն ուներ այդ համակարգում, քաղաքական դերաբաշխումն էր ու քվոտաների բաժան-բաժան անելը իրենց միջեւ:
Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Հայաստանում քաղաքական հին համակարգը կազմաքանդված է, սակայն նորը դեռ ստեղծված չէ: Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի 80-ից ավել տոկոս հավաքելը խոսում է այդ նորի չգոյության մասին: Այդ նորը ստեղծվելու է խորհրդարանական արտահերթ ընտրությունների եւ հետագա գործընթացների արդյունքում:
Սակայն հները դիմադրում են. հանրապետականները շարունակում են պնդել, թե խորհրդարանի լուծարման ու արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն չեն տեսնում, դա համարում են հակասահմանադրական քայլ, արհեստական ու զավեշտալի մի շարք այլ պատճառաբանություններ են բերում: Օրինակ, այն, որ Երեւանի ընտրությունների մասնակցության տոսկոսը 43 է, ինչը նշանակում է, ըստ նրանց, որ երեւանցիների մեծամասնությունը իր համաձայնությունը չի հայտնել Նիկոլ Փաշինյանին: ՀՀԿ-ականներն այս իմաստով հաշվի չեն առնում փաստը, որ ընտրական ցուցակները ուռճացված են, ընտրական ցուցակներում գտնվողների զգալի մասը գտնվում են արտերկրում, եւ իրականության մեջ ընտրությանը մասնակցել է Երեւանում գտնվող ընտրողների ավելի քան 60 տոկոսը:
Ընտրություններից խուսափելու ՀՀԿ-ի այս գործելակերպի դրդապատճառը հասկանալի է. նրանք լավ գիտակցում են, որ մեծ դժվարություն, եթե ոչ անհնարինություն են ունենալու հաջորդ խորհրդարանում հայտնվելու համար: Այդ պատճառվ էլ փորձում են ամեն կերպ ձգձգել արտահերթ ընտրությունների անցկացումը: Այդ ձգձգման համատեքստում կարելի է գնահատել նրանց այն հայտարարությունը, թե արտահերթ ընտրությունների հարցով պատրաստ են բանակցությունների, սակայն դեմ են հրատապ ընտրություններին: ՀՀԿ-ի այս դիմադրությունը էլ ավելի է դժվարացնում նրա վիճակը՝ մեծացնելով հանրության դժգոհությունն ու ատելությունը հանրապետականների հանդեպ:
Դիմադրում է ոչ միայն ՀՀԿ-ն: Երեւանի ընտրություններից հետո դիմադրության գործելակերպին անցավ նաեւ նոր կառավարության կազմում նախարարական պորտֆելներ ունեցող ԲՀԿ-ն: Այս կուսակցության ներկայացուցիչներն այսօր եւս խորհրդարանի լուծարման ու արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չեն տեսնում, մինչդեռ մինչ երեւանյան ընտրությունները նման անհրաժեշտություն տեսնում էին ու առաջիններից մեկն էին, որ խոսում էին այդ մասին: ԲՀԿ-ի դիրքորոշման այս փոփոխությունը կարող է ունենալ երկու պատճառ. 1, Երեւանի ընտրության արդյունքներից հետո ԲՀԿ-ն եւս մտավախություն ունի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ցածր տոկոսներ գրանցելու ու ունեցած տեղերը կորցնելու մասին: 2. Հնարավոր է՝ այս դիրքորոշման մեջ դեր է խաղացել այն առճակատումը, որը եղավ Նիկոլ Փաշինյանի կուսակցության ու ԲՀԿ-ի միջեւ Երեւանի ընտրության քարոզարշավի ընթացքում:
Նախկին իշխող համակարգի ուժերից ՀՅԴ-ի պահվածքը եւս միանշանակ չէ: Դաշնակցականները նույնպես ոգեւորված չեն արտահերթ ընտրություններով, հատկապես վերջին ընտրության իրենց 1-2 տոկոս արդյունքները տեսնելուց հետո:
Խորհրդարանական մյուս խմբակցության՝ ԵԼՔ դաշինքի պարագայում հստակություն կա: Արտահերթ ընտրություններին Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը գնալու է առանձին, եւ դա բնական է՝ հաշվի առնելով նրա շատ բարձր վարկանիշը: ԵԼՔ-ի մյուս երկու կուակցությունների ներկայացուցիչներն հայտարարում են, թե արտահերթին կմասնակցեն իրենց նորաստեղծ Լույս դաշինքով, որը Երեւանի ընտրություններում զբաղեցրեց 3-րդ տեղը եւ մուտք գործել Ավագանի:
Արտախորհրդարանական ուժերի մեծ մասը, բնականաբար, կողմ են արտահերթ ընտրություններին, որը նրանց համար հնարավորություն է ստեղծել առավել ակտիվորեն մասնակցել քաղաքական գործընթացներին ու խորհրդարանի ձեւավորման պայքարին: Հնարավոր է՝ որոշ ուժեր մասնակցեն դաշինքներով, ստեղծվեն նոր ուժեր ու կուսակցություններ:
Այդպիսի մի կուսակցություն արդեն ստեղծվել է՝ Սասնա ծռերը, որը կարող է էական դերակատարություն ունենալ քաղաքական նոր համակարգում, մանավանդ որ կուսակցության ղեկավարներն հայտարարում են, թե այս փուլում իրենք սատարում են Նիկոլ Փաշինյանին եւ աջակցելու են նրան՝ հեղափոխությունը շարունակելու, կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարության հաստատման, հին ուժերին արմատախիլ անելու պայքարում:
Սասնա ծռերը հանդես են գալիս ազգային-ազգայնական դաշտում, արտաքին քաղաքականության հարցերում արմատական դիրքերից, որը կարող է գրավել նախկինում ՀՅԴ-ի ընտրական զանգված համարվող շրջանակներին ու արեւմտամետ հայացքներ ունեցող մարդկանց: Այս դաշտերը մեծ մասամբ բաց են մնացել: Ըստ երեւույթին արեւմտականության դաշտում կգործի նաեւ Լույս դաշինքը:
Հ.Կիրակոսյան
©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com