Գյումրու ավագանու հերթական նիստը կայացավ նոյեմբերի 12-ին։ Նիստի օրակարգում 23 հարց էր։ Ավագանու 33 անդամից ներկա էին 24-ը։ Բոլոր հարցերն ընդունվեցին։
Նիստի օրակարգում, ԳԱԼԱ խմբակցության նախաձեռնությամբ, ընդգրկվել էր երկու ուղերձի նախագիծ, որոնք եւս ընդունվեցին։
Գյումրու ավագանին ուղերձով դիմեց ՀՀ կառավարությանը՝ հանրապետության երկրորդ քաղաքն ազատել տնակներից, լուծել անօթեւանության հիմնախնդիրը։ Մյուս ուղերձը համայնքապատկան մանկապարտեզներն անվճար դարձնելու մասին էր։ ՀՀ կառավարությունից տարեկան ակնկալվում է շուրջ 259 միլիոն ՀՀ դրամ։ Կառավարության հավանության եւ ընդունման դեպքում ծնողներն այլեւս ստիպված չեն լինի վարձավճարներ մուծել, որը Գյումրիում ամսական տատանվում է 6000-8000 ՀՀ դրամի միջեւ։
Գյումրու ավագանու հերթական նիստը կայանալու է դեկտեմբերի 11-ին։ Մինչեւ տարեվերջ նախատեսվում է եւս մեկ արտահերթ նիստ, նաեւ հանրային քննարկում 2019 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ։