Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն անցնում է քաղաքական տեսանկյունից զարմանալի մի տրամաբանության մեջ. ընտրություններին մասնակից 11 ուժերից 10-ը իր առջեւ խնդիր է դրել ոչ թե հաղթել ընտրություններում, այլ՝ որոշների պարագայում զբաղեցնել 2-րդ, որոշների դեպքում՝ 3-4-րդ տեղերը, մի մասի համար էլ գերական կամ լավագույն արդյունքը անցողիկ տոկոսներ ապահովելն ու Ագային ժողով մուտք գործելն է։
Հաղթանակի մասին խոսում է միայն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը։ Մյուս ուժերը ոչ միայն համակերպվել են այդ մտքին, այլեւ ընդունել ու համաձայնել են դրա հետ՝ որպես կայացած փաստ։ Սա լուծված հարց են համարում նաեւ բոլոր քաղաքական վերլուծաբանները, փորձագետները, դիտորդները, հանրությունը։ Այս իրողությունը փաստում են նաեւ կատարված բոլոր սոցիոլոգիական հարցումները
Ինչպես եւ սպասելի էր, այս անգամ եւս քարոզարշավային ընդհանուր տրամադրություններում ծրագրային-գաղափարական պայքարը մղվեց երկրորդ պլան։ Հանուն արդարության պետք է ասել, որ մասնակից քաղաքական ուժերի մեծ մասը իրենց հանդիպումներում, ելութներում, այնուամենայնիվ, ներկայացնում են ծրագրեր, նախընտրական գաղափարներ ու դրույթներ (թերեւս բացառությամբ ՀՀԿ-ի, որը տեղավորվել է քարոզչական այլ դաշտում), սակայն դրանք մնում են առավել աղմկոտ հայտարարությունների, փոխհրաձությունների, դրվագների ստվերում։
Խորհրդարանի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավն էլ, ինչպես Երեւանի քաղաքապետի ընտրությունները, անցնում է սեւ-սպիտակի բաժանման ու քարոզչական հակադրության մեջ։ Տարբերությունն այն է, որ ի տարբերություն Երեւանի ընտրությունների, երբ այդ բաժանումը կատարվեց Նիկոլ Փաշինյանի թիմի կողմից, այս ընտրություններում գունաբաժանումը արեց ՀՀԿ-ն։ Նախկին իշխող կուսակցությունն ինքնակամ իր վրա վերցրեց սեւի դերը, տեղավորվեց սեւի դաշտում՝ դա արտահայտելով նաեւ իր նախընտրական պաստառներում։
ՀՀԿ-ի նախընտրական տեխնոլոգիան պարզ է. դաշտը բաժանել երկու մասի, մեկում տեղավորել հեղափոխական ու հաղթող ուժին՝ «Իմ քայլը» դաշինքին, իսկ ինքը տեղ գրավել մյուս դաշտում՝ որպես հեղափոխական թիմին ընդդիմացող ու հակակշռող միակ ուժ, եւ ըստ այդմ էլ՝ հավակնել միակ ընդդիմության դերին ու խորհրդարանական երկրորդ ուժը լինելու կարգավիճակին, ամեն դեպքում՝ փորձելով ստեղծել նման տպավորություն։
ՀՀԿ-ականները, հասկանալի պատճառներով, նախընտրական հավաքներ չեն անցկացնում, ժողովրդի հետ չեն հանդիպում եւ սահմանափակվում են ընդամենը իրենց «մտահոգ» սոցցանցային ելույթներով, գրառումներով, մամլո ասուլիսներով, հարցազրույցներով՝ թիրախում պահելով բացառապես Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին, հրապարակ նետելով թեժ, զգայուն, բայց հորինովի թեմաներ, չափազանցված, հաճախ էլ անթույլատրելի հնչերանգներով ներկայացնելով դրանք։
Հանրապետության բոլոր մարզերում բազմամարդ հանրահավաքներ ու նախընտրական հանդիպումներ անցկացնող «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը որոշ դեպքերում հակադարձում է ՀՀԿ-ականների խայթոցներին՝ մի քանի պարագաներում վերադառնալով «ասֆալտին փռելու, պատերին ծեփելու» հռետորաբանությանը։
Շատ հետաքրքիր քարոզարշավ է անցկացնում ԲՀԿ-ն՝ որեւէ կերպ չմասնակցելով քաղաքական փոխհրաձգություններին եւ խոսելով միայն իրենց սոցիալ-տնտեսական ծրագրերի, բերվելիք ներդրումների մասին։ Սա, թերեւս, պայմանավորված է երեւանյան ընտրությունների փորձով, երբ ԲՀԿ-ն փոխհրաձգության մեջ մտավ «Իմ քայլը» դաշինքի հետ, արդյունքում՝ իր համար շատ ցածր տոկոսներ հավաքելով։
Հիմնական քաղաքական ուժերից «Լուսավոր Հայաստանը», «Սասնա Ծռերը» եւ «Մենք» դաշինքը բավական ակտիվ քարոզարշավ են անցկացնում, առաջին երկուսը ժամանակ առ ժամանակ թիրախավորելով հին ուժերին, «Սասնա Ծռերի» ներկայացուցիչների բնութագրմամբ՝ մարտի 1-ի կոալիցիային (ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ), նշելով, թե այդ ուժերը նոր Հայաստանի քաղաքական կյանքում ու խորհրդարանում տեղ չպետք է ունենան, քանի որ պատասխանատվություն են կրում քրեաօլիգարխիկ եւ կոռուպցիոն համակարգի ստեղծման ու պահպանման համար։
Այդ հին ուժերից ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը իներցիոն քարոզարշավ են անցկացնում, փորձում իրենց ներկայացրել նոր Հայաստանի տեսլականում ներկայություն ու դերակատարություն ունեցող ուժեր։
Նոր ուժերը՝ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ», «Ազգային առաջընթաց» կուսակցությունները, ընտրողներին ներկայանալու, ճանաչվելու, քաղաքական դաշտում տեղ գրավելու խնդիր են լուծում։ Շատ հետաքրքիր եւ ուրույն քարոզարշավ են անցկացնում «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները՝ ներդրելով հասարակական ակտիվիզմի, հանրության հետ առավել բաց, ուղղակի շփվելու, ժամանակակից տեխնոլոգիական մեթոդներ ու նորամուծություններ։ Սրանք ապագայի կուսակցություններ են, շատ մոտ ապագայի։
Այս ընտրությունների առանձնահատկություններից է այն, որ եթե առաջին տեղի ու հաղթողի անունը հայտնի է, ապա մյուս հորիզոնականների հարցը շատ անկանխատեսելի է եւ կարող են գրանցվել շատ անսպասելի արդյունքներ ու անկանկալներ
Հ. Կիրակոսյան
©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com