Դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ամենամեծ արդյունքն այն է, որ դրանց ժողովրդավարական, թափանցիկ, ազատ լինելու հարցում որեւէ անվստահություն ու տարակարծություն չկա։ Հայաստանում վերջապես կոտրվեց կեղծված ընտրությունների՝ տարիներ շարունակ եղած ավանդույթը, որը հանրությանը հանում էր փողոց, առաջացնում ներքաղաքական ճգնաժամեր, տարածում հիասթափության տրամադրություններ, ձեւավորում ոչ լեգիտիմ իշխանություն, անջրպետ առաջացնում ժողովրդի ու իշխանության միջեւ։
Ընտրությունների արդյունքները ողջունել ու ընդունել են գրեթե բոլոր քաղաքական ուժերը, անցկացված ընտրություններն ժողովրդավարության աստիճանով աննախադեպ ու բարձր են գնահատել միջագային դիտորդներն ու կառույցները։
Ներքաղաքաքական տիրույթում որոշակի վերապահումներ կան ընտրությունների արդյունքների արդարացիության հարցում, որը կապված է ոչ թե ընտրական գործընթացի որակի, այլ առաջիկա խորհրդարանի պատկերի ու կազմի հետ։ Որոշ շրջանակներ գտնում են, որ ունենալու ենք բազմազանության տեսանկյունից սահմանափակ խորհրդարան, որն արդյունք է գործող Ընտրական օրենսգրքի, մասնավորապես ռեյտինգային ընտրակարգի, որը հնարավորություն չտվեց ձեւավորել քաղաքական լայն սպեկտրով խորհրդարան եւ շատ ուժեր դուրս մնացին Ազգային ժողովից։
Արդյունքների տեսանկյունից որեւէ անակնկալ չկար հեղափոխական ուժի՝ «Իմ քայլը» դաշինքի հավաքած տոկոսների հարցում՝ 884,864 ձայն կամ 70,42 տոկոս։ Այս արդյունքով հանրությունը նյութականացրեց ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը եւ Նիկոլ Փաշինյանին բացարձակ մանդատ տվեց շարունակել այն։
Ընտրությունների գլխավոր ինտրիգը խորհրդարանի ընդդիմադիր 30 տոկոսի համար պայքարն էր, որի համար մրցակցում էր 10 ուժ։ Շատերի համար անակնկալ չէր ԲՀԿ-ի երկրորդ տեղում հայտնվելը՝ 103,801 ձայնով կամ 8,26 տոկոսով։ Այս արդյունքը, թերեւս, անցանկալի էր ԲՀԿ-ի համար, որը նախորդ բոլոր ընտրություններում 3-4 անգամ շատ ձայներ էր հավաքել։ Սակայն Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակը իր օբյեկտիվ ազդեցությունը թողեց այս հարցում, եւ ԲՀԿ-ն պետք է համակերպվի դրան։ Ավելին, պետք է աշխատի հետագայում մնալ քաղաքական ասպարեզում եւ չարժաանալ լուսանցքում հայտնված իր նախկին կոալիցիոն գործընկերների ճակատագրին։
Խորհրդարանում երրորդ ուժը դարձավ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ հավաքելով 80,047 ձայն կամ 6,37 տոկոս։ ԼՀԿ-ին չհաջողեց դառնալ երկրորդ ուժը, ինչին ձգտում էր, սակայն գրանցված արդյունքը պետք է հաջողություն համարել այս կուսակցության համար։
Հին քաղաքական համակարգի երկու հանգուցային ուժերը՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, իսկական ֆիասկո ապրեցին ընտրություններում եւ չհայտմվեցին նոր խորհրդարանում։ ՀՀԿ-ն հավաքել է 59,083 ձայն կամ 4,7 տոկոս, անցողիկ շեմն հաղթահարելու համար պակասեց ընդամենը 4000 ձայն կամ 0,3 տոկոս։ Ճակատագրօ հեգնանքով, եթե ՀՀԿ-ն դիմադրած չլիներ նոր Ընտրական օրենսրքի ընդունմանը, ապա այս գրանցած արդյունքով կհայտնվեր խորհրդարանում։ Թեեւ նոր Ընտրական օրենսգրքով ընտրությունների անցկացման պարագայում, հնարավոր է, ունենայինք բոլորովին այլ ընտրություններ, արդյունքներ ու խորհրդարանի կազմ։ Այսինքն՝ միանշանակ չէ, որ նոր ընտրակարգի դեպքում ՀՀԿ-ն հավաքեր այն քանակի ձայները, ինչ ունեցավ ընտրություններում։
Նույնը կարելի է ասել նաեւ ՀՅԴ-ի պարագայում, որը հավաքել է 48,816 ձայն կամ 3,88 տոկոս։ Նոր Ընտրական օրենսգրքով այս արդյունքը բավարար էր որպես չորրորդ ուժ անցնել խորհրդարան։ Գործող Ընտրական օրենսգիրքը այդ հնարավորությունը չի տալիս, եւ տարիներ շարունակ քաղաքական դաշտում «կողմ ըլլալով դեմ ըլլալու» քաղաքականությունը տարած այս ավանդական կուսակցությունը դուրս մնաց խորհրդարանից։
Ընտրություններին մասնակից մնացած 6 քաղաքական ուժերը հավաքեցին 2-ից մինչեւ 0,33 տոկոս ձայն, եւ նրանց մասնակցությունը կարելի է դիտարկել որպես փորձաշրջան հաջորդ ընտրական փուլերի համար, հատկապես նոր կուսակցությունների համար։
Այսպիսով, նոր խորհրդարանը կունենա երեք ուժ եւ մանդատների բաշխման այսպիսի պատկեր. «Իմ քայլը» դաշինք – 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 26 մանդատ, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 18 մանդատ։
Ի տարբերություն գործող խորհրդարանի, որն ունի 105 պատգամավոր, նոր խորհրդարանը կունենա 132 պատգամավոր։ Թվի ավելացումը կապված է օրենքի պահանջի հետ, ըստ որի՝ պետք է պահպանվի իշխանություն-ընդդիմություն 70-30 տոկոս ներկայության համամասնությունը։ Փաստացի ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն իրենց հավաքած քվեների համեմատ, ստացած բոնուսների հաշվին, կրկնակիից ավելի շատ մանդատներ կստանան։ Այս կարգը գործող Ընտրական օրենսգրքի բամաթիվ թերություններից եւս մեկն է, քանի որ հանրությունը իր ընտրության արդյունքով կոնկրետ թվով մանդատներ է տվել այս կուսակցություններին, սակայն վերջիններս մեխանիկորեն շատ ավելին կունենան։
Մինչ ընտրություններից հետո հաղթող «Իմ քայլը» դաշինքում բուռն քննարկումներ են գնում կառավարության ու խորհրդարանի պատասխանատու պաշտոնների բաշխման ուղղությամբ, խորհրդրանի ընդդիմադիր հատվածում հայտնված ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն լայնամասշտաբ պատերազմ են սկսել իրար դեմ։ Հետաքրքիրն այն է, որ այդ բանավեճը ոչ թե քաղաքական կամ գաղափարական թեմաների շուրջ է, այլ՝ զուտ անձնական դաշտում։ Տպավորություն է, որ այս երկու ուժերը ոչ թե ընդդիմադիր են իշխող «Իմ քայլը» դաշինքին, այլ՝ մեկմեկու։ Հանկարծ այդպես չլինի նաեւ նոր խարհրդարանի գործունեության ժամանակ։
Հ. Կիրակոսյան
©progressgyumri.am Armenian News/Analyses: Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru