Տնտեսական փոփոխությունների դժվարին գործընթացը

Տնտեսական փոփոխությունների դժվարին գործընթացը

Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո հայաստանյան քաղաքական գործընթացները թեւակոխում են նոր փուլ՝ քաղաքական բոլորովին այլ իրողություններով ու խաղի կանոններով, նոր պայմաններով, խաղացողներով ու դասավորությամբ։ Կարելի է ասել, որ այսօր արդեն քաղաքական հին համակարգը վերջնականապես տապալված է, սակայն դեռեւս ստեղծված չէ նորը։

Հետհեղափոխական 7-8 ամիսներին այդ նորը հնարավոր էլ չէր ստեղծել։ Այդ շրջափուլում կային այլ առաջնահերթություններ՝ հնարավոր հակահեղափոխության լիկվիդացում, սաբոտաժային տարատեսակ դրսեւորումների հաղթահարում, հեղափոխության ու դրա արժեքների նյութականացում, պայքար հին ու նոր կոռուպցիոն երեւույթների դեմ։

Այս ամենի իրականացմանը խանգարում էր, ինչ-որ տեղ նաեւ դիմադրում տարիներով ձեւավորված համակարգերի, կաղապարների ու ավանդույթների գոյությունը։ Մասնավորապես, դատաիրավական համակարգը, որը ժամանակ առ ժամանակ գործում է հին կարգերի տրամաբանությամբ, մի կողմից խոչընդոտներ ստեղծելով երկրի՝ հեղափոխության արժեքներով զարգացման համար, մյուս կողմից՝ առաջացնելով հանրության դժգոհությունը մի շարք աղմկոտ գործերի առնչությամբ։

Նոր համակարգի ստեղծման համար խանգարող հանգամանքներ են նաեւ հին ուժերի ձեռքին գտնվող ֆինանսատնտեսական հսկայական միջոցները, մեդիառեսուրսները, որոնք այդ ուժերը լիուլի օգտագործում են հեղափոխության ու հեղափոխական ուժերի դեմ, ընդ որում՝ օգտագործում են ինչպես ներսում, այնպես էլ՝ դրսում։

Քաղաքական իմաստով հեղափոխությունը նյութականացվեց խորհրդարանական ընտրություններով։ 2019 թվականին, երբ կձեւավորվի նոր կառավարությունն ու աշխատանքները կսկսի նոր Ազգային ժողովը, իշխանության հիմնական խնդիրը կդառնա հանրությանը տված խոստումների ու ծրագրերի իրականացումը։

Լիարժեք իշխանություն ունեցող Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը այլեւս չեն կարողանա խոստումների չկատարման համար պատճառ բերել իշխանության ոչ ամբողջական լինելը, հակահեղափոխական ու աշխատանքներին խանգարող խորհրդարանը։ Հանրության սպասելիքները մեծ են։ Եթե այդ սպասելիքները չարդարանան, ապա որոշ ժամանակ հետո նոր իշխանությունը կարող է կորցնել վստահության այն մեծ ռեսուրսը, որն այսօր ունի։

Իհարկե, բոլորն էլ հասկանում են, որ մարդկանց սպասելիքներն հնարավոր չէ ամբողջությամբ արդարացնել, առավել եւս՝ կարճ ժամանակում։ Իշխանության հռչակած տնտեսական հեղափոխությունը ժամանակատար գործընթաց է։ Այդ գործընթացի անգամ հաջող ընթացքի պարագայում դրա արդյունքները շատ շուտ չեն երեւա։

Բացի այն, որ տնտեսական բարեփոխումների արդյունքները կարճ ժամկետում չեն նյութականանա, դրանք կարող են նաեւ շատ ցավոտ լինել, դուր չգալ հանրության որոշակի հատվածների, առաջացնել դժգոհություններ, բողոքի օջախներ։ Դրանց առաջին սաղմերն ու դրսեւորումներն արդեն նկատելի են։

Իշխանությունն հայտարարել է կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին, որը ենթադրում է պետական ապարատի օպտիմալացում, նախարարությունների թվի կրճատում՝ նպատակ ունենալով արդյունավետ դարձնել տարիներով անարդյունավետ գործող պետական համակարգը։ Շրջանառության մեջ դրված «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է կառավարության 17 նախարարությունների փոխարեն ունենալ 12-ը: Նախագծի համաձայն՝ նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից եւ նախարարներից: Կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը:

Նախագծի համաձայն՝ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը, պետական գույքի կառավարման կոմիտեն, ջրային կոմիտեն միավորվում են էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը, իսկ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը վերանվանվում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն:

Մշակույթի, կրթության եւ գիտության, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների միավորումից էլ ստեղծվելու է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն:

Գյուղատնտեսության նախարարությունը միավորվում է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը: Այն կոչվելու է տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն:

Ռազմարդյունաբերական կոմիտեն միավորվում է տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարությանը եւ կոչվելու է բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերական նախարարություն:

Սփյուռքի նախարարության գործունեությունը դադարեցվում է, իսկ կանոնադրության ուժը կորցրած է ճանաչվում:

Այսպիսով, նախագծով նախատեսվում է ունենալ հետեւյալ նախարարությունները՝ 1.Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, 2.Առողջապահության նախարարություն, 3.Արդարադատության նախարարություն, 4.Արտակարգ իրավիճակների նախարարություն, 5.Արտաքին գործերի նախարարություն, 6.Բնապահպանության նախարարություն, 7.Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, 8.Պաշտպանության նախարարություն, 9.Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, 10.Բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն, 11. Տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն, 12. Ֆինանսների նախարարություն

Այս նախագիծը ներքին շրջանառության համար է, այն դեռ պետք է քննարկվի շահագրգիռ կատույցներում, հանրության շրջանակներում, պետք է ներկայացվեն դիտողություններ ու առաջարկություններ, եւ հնարավոր է, որոշակի փոփոխությունների ենթարկվի: Արդեն իսկ նախագծի վերաբերյալ կան դժգոհություններ տարբեր շրջանակներից, տարբեր տեսանկյուններից ու պատճառաբանություններով։ Մասնավորապես, դժգոհության ալիք են բարձրացրել առաջարկված նախագծով ինքնուրույն կարգավիճակից զրկվող ու միավորվող Մշակույթի նախարարության եւ լուծարվող Սփյուռքի նախարարության աշխատակիցները։

Անկախ նրանից, թե կառավարության կառուցվածքում կատարվելիք փոփոխություններ վերջնական ինչ տեսք ու բնույթ կունենան, դրանք զգալի դժոհություններ կառաջացնեն, առաջին հերթին՝ աշխատանք կորցնող մարդկանց շրջանում։ Նոր կառավարությունը պետք է պատրաստ լինի սրան եւ քայլեր ձեռնարկի առաջացող սոցիալական հարցերն այլ եղանակով լուծելու համար։

Հ. Կիրակոսյան

Comments Are Closed!!!