Հայաստանում ներքաղաքական լուրջ խմորումներ են տեղի ունենում, որոնք ավելի շատ միտված են ոչ այնքան ապագային, որքան անցյալի իրողություններին։ Այդ անցյալի իրողությունները մշտապես ներկա են եղել հայաստանյան քաղաքական զարգացումներում, ուղղորդել շատ գործընթացներ, քաղաքական նպատակներով օգտագործվել տարբեր շրջանակների կողմից։
Պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանն օրերս հրապարակեց Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակ, ուր անդրադարձ է կատարում այդ անցյալի որոշ իրադարձություններին ու դրվագներին, ավելի կոնկրետ՝ քոչարյանական իշխանության տարիներին։ Իր ամբողջության մեջ նամակը մեղադրանքների մի ամբողջ շարք է Ռոբերտ Քոչարյանի դեմ՝ պետական-քաղաքականից բովանդակությունից մինչեւ քրեական-իրավական բնույթի։
Նամակում խոսք է գնում Ռ. Քոչարյանի ու իր իշխանության կողմից խոշոր կոռուպցիայի, պետական թալանի, անօրինական սեփականաշնորհումների, 1998 թվականի նախագահական ընտրությունների կեղծման, 1999 թ-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ժամանակ դրսեւորած կասկածելի վարքի մասին։
Սրանցից յուրաքանչյուրն ինքնին բազմաթիվ դետալներ ու նրբերանգներ պարունակող պատմություններ ու գործեր են՝ իրենց բնորոշ քաղաքական շրջանակով, շարժառիթներով, իրավական հատկանիշներով, իրադարձությունների հետագա ընթացքի վրա թողած ազդեցությամբ։
Որպեսզի հասկանալի լինի իրերի իրական դրությունը, պետք է հիշենք այն քաղաքական իրականությունը, որը գոյություն ուներ այդ տարիներին։
1998 թվականի փետրվարին տեղի էր ունեցել պետական հեղաշրջում. հայտնի ուժերի պահանջով նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական էր տվել։ Հայտնի ուժերն էին Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանը եւ վերջինիս հավատարիմ ռազմական ու երկրապահական շրջանակները։ Հատկանշական է, որ նամակի հեղինակ Վահան Շիրխանյանը հենց այդ շրջանակից է։ Այդ շրջանակները հաջորդ նախագահի պաշտոնում տեսնում էին հենց Վազգեն Սարգսյանին, վերջինս նախապես համաձայնելով այդ առաջարկին, հետագայում հրաժարվում է դրանից։ Ի վերջո կանգ են առնում Ռոբերտ Քոչարյանի թեկնածության վրա։
Նամակում Շիրխանյանն ասում է, թե Քոչարյանը կեղծել է ընտրությունները, խոսքը վերաբերում է հատկապես երկրորդ փուլին։ Նա թվեր է բերում, ըստ որոնց՝ Կարեն Դեմիրճյանը մեծ առավելությամ հաղթել է ընտրություններում, սակայն պաշտոնական թվերը փոխվել են, ու Քոչարյանն իրեն հռչակել է նախագահ։ Շիրխանյանը եղել է Քոչարյանի նաընտրական շտաբի քարոզչության պատասխանատուն, ներսից գիտի շատ փաստեր։ Ըստ էության, ընտրություններում նա աշխատել է Քոչարյանի համար։ Բնականաբար, եթե ընտրությունները կեղծվել են, ապա դրան մասնակցել են Քոչարյանի նախընտրական շտաբի անդամները։
Շիրխանյանը նաեւ ասում է, թե ընտրություններից հետո Վազգեն Սարգսյանը խոստովանել է, որ սխալվել է Քոչարյանի հարցում եւ քայլեր է ձեռնարկել վերջինիս ունեցած իշխանությանը հակակշռելու ուղղությամբ։ Սա հայտնի փաստ է։ Հենց այդ քայլերի տրամաբանության մեջ է ՀՀԿ-ի նախագահ դանալը, Կարեն Դեմիրճյանի ու նրա առաջնորդած ՀԺԿ-ի հետ «Միասնություն» դաշինքը կազմելը, խորհրդարանական ընտրություններին մասնակցելը, համոզիչ հաղթանակ տանելը, Ռոբերտ Քոչարյանին իշխանության իրական լծակներից զրկելը եւ անգլիական թագուհու կարգավիճակում թողնելը։ Ներքաղաքական դաշտում այս իրավիճակն էր 1999 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո մինչեւ հոկտեմբերի 27-ը ընկած ժամանակահատվածը։
Հոկտեմբերի 27-ից հետո մի քանի ամիս տեւական աճակատում էր տեղի ունենում Վազգեն Սարգսյանի զինակիցների եւ Ռոբերտ Քոչարյանի ու վերջինիս թիմակիցների միջեւ։ Գնում էր նաեւ իշխանության համար պայքար։ Տարբեր ինտրիգների միջոցով Քոչարյանին հաջողվեց հաղթել եւ միահեծան իշխանություն հաստատել երկրում, որը հետո վերածվեց քրեաօլիգարխիկ համակարգի։
Այս օրերին, Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրավիճակի ու մթնոլորտի փոփոխություններից հետո, կարծես նորից վերաթարմացել է առճակատումը Վազգեն Սարգսյանի զինակիցների եւ Ռոբերտ Քոչարյանի ու նրա թիմակիցների միջեւ (ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի թիմակից ասվածը շատ հարաբերական բան է, նկատելի է, որ այսօր նրան պաշտպանողների որոշ մասը ընդամենը վարձու քարոզիչներ են, որոնք նախկինում հայտնի էին նաեւ որպես քաղաքական հաճախորդներ)։ Սակայն այսօրվա առՃակատումն ունի բոլորովին այլ ենթատեքստ ու դրդապատճառներ։
Կարեւոր է, որ այդ առճակատումը, ինչպես նաեւ անցյալի իրողությունների բացահայտումը չդառնան ներկայիս քաղաքական օրակարգը որոշող գործոններ, այլապես նորից կհայտնվենք նույն շրջապտույտի մեջ։
Այդ ամենը պետք է քննարկվի բացառապես իրավական հարթության մեջ։ Ի դեպ, ՀՔԾ-ն արդեն հետաքրքրվում է 1998 թվականի նախագահական ընտրությունների փաստերով։ Իսկ ԱԱԾ-ն՝ Շիրխանյանի նամակում նշված այլ դրվագներով, ամենայն հավանականությամբ, կոռուպցիոն ու անօրինական սեփականաշնորհումների փաստերով, չի բացավում՝ նաեւ Հոկտեմբերի 27-ով։
Հ. Կիրակոսյան
©progressgyumri.am Armenian News/Analyses:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru