Մարտի 29-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպումն պաշտոնական ձեւաչափով առաջին շփումն էր, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Մինչ այդ երկու երկրների ղեկավարներն երեք անգամ հանդիպել էին ոչ պաշտոնական ձեւաչափով, որոնցից մեկում բանավոր պայմանավորվածություն էր ձեռքբերվել սահմանում լարվածություն թուլացնելու ու միջադեպերը կանխելու ուղղությամբ։
Նախորդ երեք հանդիպումները Հայաստանի ղեկավարը բանակցություններ չի համարում։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը խուսափում է բանակցություն անվանել նաեւ Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը։ Մինչ Վիեննա մեկնելը նա հայտարարել էր, թե բանակցային իմաստով այդ հանդիպումը հատուկ օրակարգ չի ունենալու, այլ կողմերը ներկայացնելու են իրենց պատկերացումներն ու մոտեցումները հակամարտության կարգավորման ու բանակցային գործընթացի վերաբերյալ։
Հայաստանի նոր իշխանության պատկերացումներն ու մոտեցումները ներկայացվել էին մարտի 12-ին Ստեփանակերտում կայացած ՀՀ եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, որն աննախադեպ իրադարձություն էր։ Այդ նիստում հայկական կողմերը վերահաստատել էին այն մոտեցումը, որ բանակցությունները կարող են լիարժեք ու արդյունավետ լինել, եթե Արցախը վերադառնա բանակցային սեղանի մոտ։ Ըստ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, Հայաստանը քայլեր է անելու Արցախի Հանրապետության սուբյեկտության մակարդակը բարձրացնելու եւ արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացում Արցախի՝ որպես հակամարտության հիմնական կողմի ներգրավվածության համար. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ ես՝ որպես ժողովրդի վստահության քվեն ստացած վարչապետ, ըստ այդմ հետեւողական քայլեր ենք ձեռնարկելու այս ուղղությամբ, եւ այս հարցը եղել եւ շարունակելու է մնալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մեր քննարկումների կարեւորագույն կետերից մեկը: Հարկ եմ համարում ընդգծել, որ Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում մեզ համար քմահաճույք չէ, ոչ էլ առավել եւս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը»:Հայկական կողմերի մոտեցումների հաջորդ կարեւոր կետը վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ հակամարտության խաղաղ կարգավորման առաջարկներին, այսինքն՝ Մադրիդյան սկզբունքներին. «Համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները, տարրերը վերջին 10 տարիներին ամենատարբեր եւ ամենատարածական մեկնաբանությունների տեղիք են տվել, եւ հետևաբար, առաջիկա բանակցային գործընթացի կարևորագույն նպատակը պետք է լինի այսպես ասած հիմնական հասկացությունների՝ 3 սկզբունքների եւ 6 տարրերի պարզաբանումը, եւ մենք պատրաստ ենք նաեւ այսպիսի խոսակցության»:
Եթե Արցախը բանակցային գործընթնաց վերադարձնելու մասին Նիկոլ Փաշինյանն հայտարարել էր դեռ շուրջ մեկ տարի առաջ ու մի քանի անգամ կրկնել այն, ապա Մադրիդյան սկզբունքների հանդեպ այս վերապահումների մասին արտահայտվում էր առաջին անգամ։ Հատկանշական է, որ Արցախի որոշ պաշտոնական ու ռազմական շրջանակներ այս հարցում առավել կոշտ են արտահայտվում, հայտարարելով, թե Մադրիդյան սկզբունքները դեմ են Հայաստանի ու Արցախի շահերին եւ վերանայման կարիք ունեն։ Մասնավորապես Արցախի արտաքին գործերի նախարար Մայիս Մայիլյանն էր հայտարարել, որ եռանախագահների ներկայացրած սկզբունքները կտրականապես անընդունելի են Արցախի եւ Հայաստանի համար՝ հատկապես անվտանգության տեսանկյունից, եւ եկել է այդ հնացած սկզբունքներից հրաժարվելու ժամանակը։
Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Ստեփանակերտի համատեղ նիստն ու այնտեղ արված հայտարարությունները հետեւել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Վիեննայի հանդիպումից արված հայտարարությանը, որտեղ ուղերձներ էին հղվել կողմերին։ Համանախագահները, մասնավորապես, կողմերին կոչ էին արել ձեռնպահ մնալ հայտարարություններից եւ գործողություններից, որոնք առաջարկում են էապես փոխել իրավիճակը տեղում, նախապայմաններ են սահմանում ապագա բանակցությունների համար, պահանջում են ձեւաչափի միակողմանի փոփոխություն՝ առանց մյուս կողմի համաձայնության, ռազմական գործողությունները վերսկսելու պատրաստակամություն են պարունակում:
Հասկանալի է, որ ռազմատենչ հայտարարությունների մասով զգուշացումն ուղղված էր Ադրբեջանին, իսկ բանակցային ձեւաչափի միակողմանի փոփոխության նախաձեռնությունը՝ Հայաստանին։ Օրերս խորհրդարանում ելույթ ունենալով՝ Նիկոլ Փաշինյանն հայտարարեց, որ իր ասածը բանակցային ձեւաչափի փոփոխություն համարելը սխալ ընկալում է, ինքն աաջարկում է ոչ թե փոխել բանակցային ձեւաչափը, այլ վերականգնել այն, որն ի սկզբանե արձանագրված է եղել։
Չնայած Վիեննայում կայացած հանդիպման վերբերյալ կողմերի պաշտոնական հայտարարություններում շատ քիչ բան է ասվում քննարկված հարցերի շրջանակի մասին, սակայն դժվար չէ ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանն այդ հանդիպումներում ներկայացրել է հայկական օրակարգը, այսինքն՝ Ստեփանակերտի համատեղ նիստում արձանագրված խնդիրները։
Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը կարեւորել է, որ այնտեղ ներկայացրել էր մեր օրակարգը. «Կարող եմ ասել, որ դրական եմ գնահատում նախագահ Ալիեւի հետ մեր հանդիպումը: Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում, հեղափոխություն, ինչ-որ մի դարակազմիկ շրջադարձ կամ իրադարձություն, բայց կարեւոր է, որ սկսվել է մի պրոցես, որը հնարավորություն է տալիս խոսել մեր օրակարգերի, պատկերացումների, խդիրների մասին եւ խոսել այն գործընթացի մասին, ինչի մասին առիթ ունեցա հայտարարել Ստեփանակերտում եւ հետագայում իմ ունեցած ասուլիսի ընթացքում»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի գնահատականով, բանակցություններում առաջընթաց կա, նաեւ նշել է, թե Հայաստանի հետ բանակցությունների ձեւաչափը մնում է անփոփոխ: Իհարկե, ձեւաչափի առումով դժվար թե այլ բան հայտարարեր, բացի ներկայում գործող վիճակ արձանագրելուց, մանավանդ որ, Արցախը բանակցային գործընթացում ներգրավելու Հայաստանի նախաձեռնությունը մի քանի օրում, անգամ ամսում ու տարում իրականություն դարձնելը անիրատեսական է, դրա համար տեւական ժամանակ է ու ջանքեր են պահանջվում։
Հ. Կիրակոսյան