Գյումրի համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական, չորրորդ նիստի օրակարգում ընդգրկված էր 20 հարց:Գյումրու ավագանու հաստատմանը ներկայացվեց Գյումրի համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը, որին շատերն էին սպասում: Գյումրու քաղաքաշինական կանոնադրության մշակման, կազմման աշխատանքները դեռեւս 2015 թվականից էին սկսվել, սակայն կանոնադրությունը չէր հաստատվել, քանի որ, ըստ գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի, կառավարության որոշմամբ, հաստատվել էր քաղաքաշինական կանոնադրության օրինակելի ձեւ: Կանոնադրությամբ սահմանվում են համայնքի տարածքում քաղաքաշինական գործնեության իրականացման առանձնահատկությունները՝ ելնելով համայնքի պատմականորեն ձևավորված ավանդույթների և պատմաճարտարապետական միջավայրի պահպանման անհրաժեշտությունից: Օրակարգային մյուս հարցը վերաբերում էր ՀՀ ՇՄ Գյումրի և Ֆրանսիայի հանրապետության Կրետեյ քաղաքների համագործակցության շրջանակներում Գյումրու Ազատ ոճի ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի ջրային ցանցի վերանորոգման ու վարակազերծման աշխատանքների և ջեռուցման համակարգի տեղադրման պայմանագիրը վավերացնելուն։