Այսօր շահագործման հանձնվեց Գյումրու նոր ավտոմաքսատան առաջին հատվածը: Աշխատանքներն ամբողջությամբ դեռ ավարտված չեն, սակայն մաքսազերծման գործընթացի համար խնդիրներ չկան:
Առաջին օրն արդեն առաջին աշխատանքային ժամերին 100 մեքենա է մաքսազերծել: Այսօրվանից սկսած Գյումրի կգան նաեւ ավտոքարշակներով մեքենաները :
«Սահմանը հատած ավտոքարշակներով մեքենաները տեղափոխվելու են այս տարածք, բայց դեռ տեղ չեն հասել, ինձ թվում է վաղն առաջին ավտոքարշակն այստեղ կլինի: Ավտոքարշակներին ամբողջովին սպասարկելուն պատրաստ ենք, դրանք ձեւակերպող 12 տեսուչ կա Գյումրիում: Այն պահին, երբ հավելյալ գործառույթ կտեղափոխենք այստեղ , աշխատակիցների թիվն էլ կավելացնենք: Մենք կադրային ռեսուրսի առումով ամբողջովին պատրաստ ենք եւ ինչպես հայտարարել ենք, ամեն ինչ փորձելու ենք անել, որ բեռնարկղերով եկած մեքենաներն էլ կարողանանք այստեղ սպասարկել: Բեռնարկղերով սահմանը հատած մեքենաները միակն են, որ մնացել են այսօր Երեւանում: Այսինքն, այն պահից, երբ որ բեռնարկղերով մեքենաներն էլ կտեղափոխենք այստեղ , իսկ դա կլինի մոտ ապագայում, կարող ենք հայտարարել, որ արդեն մաքսազերծման գործընթացը տեղափոխեցինք Գյումրի»,-լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը:
Այն, որ տարածքոիմ մշտապես եւ երկար ձգվող հերթեր կան, ըստ Շուշանիկ Ներսիսյանի, բնական է: «Ասում ենք հերթեր են, բայց մենք ինչ ենք հասկանում հերթ ասելով: Այսօր մաքսատան աշխատանքային օրը սկսվելուն պես դռան մոտ արդեն կանգնած են լինում 300-ից 350 մեքենա: Եվ, եթե մենք ուզում ենք, ոչ այդ 350 մեքենան 15 րոպեում սպասարկվի, ուրեմն ժամը 09:00-ին ՊԵԿ-ը պետք է 350 ձեւակերպող տեսուչ ունենա, ինչն այս կարճ ժամկետի համար արդարացված չէ»,-պարզաբանեց Ներսիսյանը:
Մինչեւ ժամը 18:00-ն Գյումրի մտած բոլոր մեքենաները սպասարկվում են հենց նույն օրը: Բանկերի մասնաճյուղերի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որպեսզի մի փոքր երկար աշխատեն, որպեսզի ժամը 18:00-ին մեքենայի մաքսազերծման փաստաթղթերն իր ձեռքում ունեցող վարորդը նաեւ վճարումները կարողանա կատարել եւ գնալ Գյումրիից:
Գյումրիում խոսակցություններ կան, որ մեքենայի հերթերը վաճառվում են: Շուշանիկ Ներսիսյանն ասաց արդեն որոշակի քայլեր ձեռնարկվել են: «Մենք էլ ենք տիրապետում նման տեղեկությունների, մեզ էլ են դրանք հասել, բայց այդ ամենը կատարվում է փողոցում, մաքսատան տարածքից դուրս: Մենք համագործակցում ենք ոստիկանության հետ, եթե չեմ սխալվում մի քանի քաղաքացի արդեն հրավիրվել է ոստիկանություն»:
Նորագավիթի մաքասատունը կգործի մինչեւ տերեվերջ: Այս պահին ՀՀ մաքսակետերում օրական 1000 ավտոմեքենա է սպասարկվում, քարշակներով մտնում է մոտ 250-ից 300 մեքենա, բեռնարկղերով մեքենաների թիվն օրական մոտ 200 է: Այդ ամբողջ ծավալն, ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի, առաջիկայում կսպասարկեն Գյումրիում:
Ա․ Մինասյան
©progressgyumri.am Armenian News/Analyses:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru