Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այսօր ամփոփեց անցած 2019 թվականը: Ներկայացվող վիճակագրությունից պարզ դարձավ, որ անցնող տարում 113-ով ավելացել է մարզում գրանցված հանցագործությունների թիվը: Արձանագրվել է հանցագործությունների 1422 դեպք՝ 2018թ-ի 1309-ի դիմաց: Հիմնականում աճել են միջին ծանրության հանցագործությունների թվերը: Մեքենաներից գողության դեպքերի թիվը փոքր չի եղել: Նաեւ գողության դեպքեր են արձանագրվել քաղաքային տրանսպորտում:
2019-ին Շիրակի մարզում արձանագրվել է սպանության 2 և սպանության փորձի 3 դեպք, որոնք բացահայտվել են։ Կոռուպցիոն բնույթի 189 նյութ է պատրաստվել,138-ով հարուցվել է քրեական գործ: Կաշառք ստանալու, կաշառք տալու դեպքերի թվի աճ է արձանագրվել 2019 թվականին: 107 քրեական գործ կա հարուցված: 2018-ին այս մասով ընդամենը 37 դեպք է գրանցվել:
2019 թվականին Շիրակի մարզում 12 անչափահասի կողմից կատարված 14 հանցագործության, եւ ընտանեկան բռնության 9 դեպք է արձանագրվել: Ընթացքի մեջ է նաեւ ՇՊՀ ռեկտորի ժպ Երվանդ Սերոբյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը:
Ուշադրության կենտրոնում է նաեւ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Առաջիկայում Ղուկասյանը հրավիրվելու եւ հարցաքննվելու է «Թումո» կենտրոնի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում:
2019-ին մի քանի գիշերային ակումբ է փակվել, հյուրատների նկատմամբ սահմանվել է: հսկողություն: Կարեն Գաբրիելյանը նաեւ ասաց, որ օրենքի ընդունումից հետո քրեական ենթամշակույթ կրողները եւս կհայտնվեն լուրջ ուշադրության կենտրոնում:
Ա․Մինասյան
©progressgyumri.am Armenian News/Analyses:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru