Լրահոս

Հակակոռուպցիոն դատարաններ և հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու վերաբերյալ նախագծերի քննարկումը հետաձգվել է

Ազգային ժողովի Պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն առաջարկել է հետաձգել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից ներկայացված օրինագծերի փաթեթում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկումը: «Քանի որ առաջինից երկրորդ ընթերցմանը բավականին ծավալուն աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա, որը մասամբ կատարել ենք, մասամբ էլ ընթացքի մեջ է, հանձնաժողովի հետ նույնպես համագործակցում ենք առանձին հարցեր քննարկելու առումով, առաջարկում եմ հետաձգել նախագծի քննարկումը, ներառել հետագա օրակարգում»,- ասել է նախարարը: Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հունվարի 19-ին առաջին ընթերցմամբ ընդունել էր Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որով առաջարկվում էր ստեղծել հակակոռուպցիոն և հակակոռուպցիոն վերաքննիչ դատարաններ։ Նույն հիմնավորմամբ հետաձգվել է նաև «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը: Խորհրդարանն այս նախագիծը նույնպես առաջին ընթերցմամբ ընդունել էր: Նախագծով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ հակակոռուպցիոն կոմիտե, որի հիմնական իրավասությունը լինելու է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների մինչդատական քրեական վարույթի կազմակերպումը և իրականացումը։ Միաժամանակ, քրեական վարույթ նախաձեռնելու հարցի լուծման նպատակով հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքով սահմանված կարգով իրականացնելու է օպերատիվ-հետախուզական գործունեություն: Օրինագծերի քննարկումը հետաձգվել է 2 ամիս ժամկետով:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Արցախի տարածքների մի մասի զավթումը չի կարող համարվել հակամարտության կարգավորում. ՀՀ ԱԳ նախարար

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ուժի կիրառման հետևանքները և Արցախի տարածքների մի մասի զավթումը չեն կարող համարվել հակամարտության կարգավորում. միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները և կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը, կարող է համարվել հակամարտության վերջակետը: Այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման ներկա մարտահրավերները հետպատերազմյան Հայաստանում խորագրով քննարկմանն ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: Նախարարը նախ նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում տեղի է ունենում թե տարածաշրջանային, թե խոշոր դերակատարների ուժերի, ազդեցությունների վերադասավորում: Սակայն դեռևս վաղ է ամբողջական գնահատական տալ հաստատվող իրողություններին և մարտահրավերներին: «Այդուհանդերձ կարելի է արձանագրել, որ տարածաշրջանում հրադադարի պահպանման, անվտանգության ապահովման և հումանիտար արդի հարցերի լուծման տեսանկյունից առանցքային դերակատարում է ստանձնել Ռուսաստանի Դաշնությունը: Ակնհայտորեն ավելացել են նաև Թուրքիայի հավակնությունները տարածաշրջանային գործընթացներում»,-ասել է նախարարը: Նա շեշտել է, որ տարածաշրջանում հայ ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովումը եղել է և մնում է ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունը: «Ղարաբաղյան հակամարտության չլուծվածությունը շարունակում է մնալ տարածաշրջանային առանցքային մարտահրավերներից մեկը: Թուրքիայի աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ուժի կիրառման հետևանքները և Արցախի տարածքների մի մասի զավթումը չեն կարող համարվել հակամարտության կարգավորում: Միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները և կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը, կարող է համարվել հակամարտության վերջակետը»,-ասել է Այվազյանը: Նախարարը շեշտել է, որ հայկական կողմը հանձնառու է կարգավորման գործընթացի վերսկսմանը, սակայն նախևառաջ պետք է ձևավորվի խաղաղությանը նպաստող միջավայր, իսկ դրա նախադրյալներն ադրբեջանական կողմից դեռևս նկատելի չեն: Դա է վկայում ադրբեջանական կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հումանիտար հատվածի չկատարումը, որը մասնավորապես արտահայտվում է գերիների հայրենադարձման ուղղությամբ խոչընդոտների հարուցմամբ: «Միևնույն ժամանակ մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ Մինսկի խմբի համանախագահությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է, և մենք շարունակելու ենք սատարել այդ ձևաչափը: Տարածաշրջանում մենք ակնկալում ենք տեսնել ուժեղ համանախագահություն, որը առաջին հերթին կկարողանա ապահովել իր մանդատի բովանդակությունը, մասնավորապես խաղաղ գործընթացի առաջմղումը»,-ասել է Այվազյանը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Դատարաններ ներկայացվող դիմում-բողոքների համար պետտուրքի դրույքաչափերը կփոփոփվեն

ՀՀ ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ կմտնի կառավարության ներկայացրած օրենքի նախագիծ, որով դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքների համար սահմանվում են պետական տուրքի այլ դրույքաչափեր: «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը: «Ըստ այդմ, առաջարկվել է որոշակի փոփոխություններ անել: Առաջին ատյանի դատարան դրամական պահանջով դիմելու դեպքում 2 տոկոս հայցագինը դարձվել է 3 տոկոս, միաժամանակ սահմանվել է առավելագույն չափ՝ 25 մլն դրամ: Գործող օրենքով նման սահմանափակում չկա, ինչը խնդրահարույց է»,- ասել է Դանիելյանը:Վերաքննիչ դատարան բողոք ներկայացնելու համար որպես առավելագույն չափ սահմանվել է 15 մլն դրամի դրույքաչափ, Վճռաբեկ դատարան՝ 10 մլն դրամ: Այսինքն՝ անկախ տոկոսից, այդ գումարները չեն կարող գերազանցել: Սահմանվել են պետական տուրքի առավելագույն, նվազագույն չափերը՝ նաև վարչական դատավարության կարգով քննվող գործերի համար:Փոխնախարարի խոսքով՝ տարանջատվել են քաղաքացիական, վարչական, սնանկության վարույթներով դրույքի չափերը:Սահմանվել են նաև պետական տուրքի վերադարձման լրացուցիչ դեպքեր:Նախագիծը նպատակ ունի նաև կանխել անհիմն հայցադիմումների ներկայացումը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

ԶԼՄ-ներին առնչվող վիճահարույց նախագծում «անանուն աղբյուր» եզրույթը կփոխարինվի «չնույնականացված աղբյուր»-ով

ՀՀ ազգային ժողով են հրավիրվել ՄԻՊ Արման Թաթոյանն ու կառույցի աշխատակազմի ներկայացուցիչներ, քննարկվել են «Զանգվածային լրատվության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները: Ինչպես տեղեկացնում են ԱԺ-ից՝ նախագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը, ներկայացնելով օրենքում նախատեսվող փոփոխությունները, նշել է դրանք կատարելու շարժառիթը. «Արգելվելու է լրատվամիջոցներին տեղեկություն հրապարակելիս հղում տալ անանուն աղբյուրների: Չգովազդել անհայտ ծագում ունեցող լրատվամիջոցներին, ստուգել տեղեկատվությունը մատուցելուց առաջ»: Ըստ ՄԻՊ Արման Թաթոյանի՝ մասնագետների կողմից թյուրըմբռնման տեղիք է տվել «անանուն աղբյուր» տերմինը: Այն ասոցացվում է լրագրողի՝ աղբյուրը չբացահայտելու հայտնի դրույթի հետ. թերի է նաեւ ներկայացված նախագծի հիմնավորումը: Այն չի բացահայտում իրական նպատակները եւ սխալ ըմբռնման պատճառ է հանդիսացել: Պատգամավորները պնդել են, որ փոփոխությունը լրատվամիջոցների գաղտնի աղբյուրներին չի վերաբերում եւ ընդունելով Թաթոյանի դիտարկումը՝ «անանուն աղբյուր» եզրույթը կփոխարինեն «չնույնականացված աղբյուր» եզրույթով: Նրանք ընդգծել են, որ նախագծում չի լինի դրույթ, որը կսահմանափակի խոսքի ազատությունը: ՄԻՊ-ը նաեւ նշել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող տուգանքները չեն նախատեսում անհատական մոտեցման հնարավորություն եւ կարող են հանգեցնել լրագրողի գործունեության նկատմամբ անհամաչափ միջամտության: ՄԻՊ-ի հետ աշխատանքային քննարկումները կշարունակվեն. նախատեսվում են նաեւ հանրային լսումներ:

Աղբյուր՝ 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

«Մենք շարժվում ենք այն ճանապարհային քարտեզով, որը հրապարակել ենք» Ն.Բաղդասարյան

«Մենք շարժվում ենք այն ճանապարհային քարտեզով, որը հրապարակել ենք» Ն.Բաղդասարյան

🔴🎥 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Վարչապետը հանձնարարել է շտկել անհետ կորածների ու գերեվարվածների ընտանիքների աջակցության ծրագրի թերությունները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ պատերազմի ընթացքում անհետ կորածների ու գերեվարվածների ընտանիքներին աջակցության ծրագիրը դեռևս չի ամբողջացել՝ ավելացնելով, որ կան շահառուներ, որոնց գումարը դեռևս չի փոխանցվել, պետք է արդեն ավելի ինտենսիվ զբաղվել, որ այս խնդիրը լուծվի:
«Կարգերի մեջ պետք է փոփոխություններ մտցնել, որպեսզի աջակցությունն ավելի արդյունավետ տեղ հասնի: Թերություն եմ համարում այն, որ երեխաները, կարծես թե որպես շահառու չեն հաշվառվում ու որոշակի հարցեր են առաջանում: Ես հանձնարարել եմ, որ այդտեղ որոշակի ուսումնասիրություն անենք, ճշգրտումների կարիք կա», – ասել է վարչապետը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավելեց, որ այս հարցով իրենք էլ են բողոքներ ստացել: «Այո, կան բողոքներ, այն հրատապությունը, որ մենք պարտավոր էինք ապահովել նախորդ ժամանակաշրջանում, խնդիր է առաջացրել: Այո, ճիշտ է, երեխաների խնդիրը կա, մենք պետք է բարելավենք այս միջոցառումները», -նշել է փոխվարչապետը:
Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ փետրվարի առաջին 15 օրերի տվյալներով` հանրապետությունում ՀԴՄ-ներով և հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին: Իսկ ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31,4 մլրդ դրամով: Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարվա փետրվարի առաջին օրերին դեռևս COVID-ի ազդեցությունները չկային, որովհետեւ ՀՀ-ում դեռ կորոնավիրուսի դեպք չէինք արձանագրել: Իսկ 2020-ի փետրվարը շատ լուրջ աճ է արձանագրել 2019-ի փետրվարի նկատմամբ:
Նրա խոսքով, էականորեն աճել են նաև արտահանման ու ներմուծման ծավալները փետրվարի առաջին 15 օրում: «Այստեղից հետևությունն այն է, որ տնտեսությունը կարծես թե մտնում է վերականգնման փուլ, ու իհարկե, սա շատ կարևոր նորություն է»,- ընդգծել է նա:
Կառավարությունը վերաբաշխում է կատարել 2021 թվականի բյուջեի մասին օրենքում, որի նպատակը՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղում սահմանազատման հետևանքով իրենց բնակելի նշանակության գույքերի (իրենց հողամասերով և օժանդակ շինություններով) տնօրինման հնարավորությունից զրկված ընտանիքների բնակարանային խնդրի լուծումն է:

Աղբյուր՝  https://www.primeminister.am/hy/press-release/item/2021/02/18/Cabinet-meeting/

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

«Ա.Դ.Սախարովի անվան ՄԻՊ հայկական կենտրոնի 2020թ. ենթադրամաշնորհները»

➡ Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ-ն անկախ, ոչ քաղաքական և շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է:
➡ Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնն ունի երեք մասնաճյուղ, որից մեկը Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղն է: Կենտրոնի առաքելությունն է՝ աջակցել քաղաքացիական հասարակության կառուցմանը Հայաստանում, բարձրացնել բնակչության իրավական գիտելիքների մակարդակը, պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները:
➡ Այս նպատակով, ի թիվս այլ ծրագրերի, կենտրոնը մրցույթային կարգով ենթադրամաշնորհներ է տրամադրում քաղաքացիական հասարակության կառույցներին և անհատ փորձագետներին։
➡ Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի ենթադրամաշնորհառու կազմակերպությունների ներկայացուցիչները կներկայացնեն 2020թ. ենթադրամաշնորհների նպատակը, դրան հասնելու քայլերը, ներկայացված խնդիրներն ու արդյունքները:
Ուղիղ հեռարձակում

ℹ Բանախոսներ՝
➡ Եսթեր Գրիգորյան- «Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոն» ՀԿ
➡ Մարգարիտա Գրիգորյան- Գյումրու Ռեստարտ նախաձեռնությունների կենտրոն ՀԿ
➡ Քրիստինա Բաղդասարյան- «Ինթրա» հոգեբանական ակումբ ՀԿ
➡ Արմեն Պետրոսյան- Սախարովի կենտրոնի ենթադրամաշնորհների պատասխանատու

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Գյումրիում քաղաքաշինական ծրագրերը շարունակվելու են

Գյումրիում քաղաքաշինական ծրագրերը շարունակվելու են Գյումրիում քաղաքաշինական ծրագրերը շարունակվելու են:Այս մասին փետրվարի 17-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը՝ մարզետարանում ՀՀ վարչապես Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո: Կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով կային աշխատանքներ, որոնք դանդաղել էին, բայց իրականում, այն աշխատանքերը, որոնք Շիրակի մարզում պլանավորված են եղել, գրեթե ամբողջությամբ իրականացվել են: «2021թվականի հետ կապված. այս պահին 42 համայնքից 62 սուբվենցիոն ծրագիր է ներկայացվել, մոտ 4.4 մլրդ դրամի կապիտալ ներդրումների մասին է խոսքը, այլ ծրագրերով ևս կան ծախսեր՝ դպրոցաշինություն, ՎԶԵԲ-ի ծրագիր և այլն, բոլորն էլ մեծ թափով սկսվել են, և հույս ունենք, որ դրանց ավարտից հետո մեծ տնտեսական տեղաշարժ կունենանք Շիրակի մարզում: Գյումրիում շարունակվելու են քաղաքաշինական ծրագրերը, դրանք չէին էլ ընդհատվել, կան փողոցներ, որոնց ասֆալտապատման աշխատանքները թողնվել էին գարնանը, դրանք կշարունակվեն, և դրանց զուգահեռ նոր աշխատաքններ կսկսվեն: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ քննարկվեց հետագա տնտեսական նոր ծրագրերի իրականացումը, շատ մեծ հույս ունենք, որ իրականացվելիք կապիտալ ծախսերն իրենց հետ բերելու են մեծ տնտեսական ակտիվություն, այսինքն՝ ներդրողների համար Գյումրին, Շիրակի մարզը լինելու են ավելի գրավիչ»,- նշել է Հովհաննես Հարությունյանը:

Աղբյուր՝   https://www.facebook.com/SHIRAKREGIONALADMINISTRATIONRA/posts/2826621984263668

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Գյումրին նորովի կառուցելու գործընթացը սկսվել ու շարունակվում է

Գյումրին նորովի կառուցելու գործընթացը սկսվել ու շարունակվում է․ վարչապետը Շիրակում խորհրդակցություն է անցկացրել Աշխատանքային այցով այսօր Գյումրիում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փակ օրակարգով, առանց լրագրողների մասնակցության, կառավարության ղեկավարը նախ Շիրակի մարզպետարանում անցկացրել է հերթական մարզային խորհրդակցությունը՝ առաջարկելով քննարկել մարզի ընթացիկ և ռազմավարական խնդիրները, կարևորել պետական և տեղական կառավարական մարմինների համատեղ գործունեությունը ետպատերազմական , սոցիալ-հոգեբանական և տնտեսական խնդիրների կարգավորման ուղղությամբ: Մարզպետարանում կայացած խորհրդակցությանը մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխմարզպետները և պաշտոնատար այլ անձինք: Խորհրդակցությունից հետո, Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է ունեցել նոյեմբերի 9-ից հետո Արցախում գերեվարվածների հարազատների հետ:

Աղբյուր՝  https://www.primeminister.am/hy/domestic-visits/item/2021/02/17/Nikol-Pashinyan-visit-Shirak-Marz/

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Հանդիպում գերեվարվածների հարազատների հետ

Աշխատանքային այցով այսօր Գյումրիում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: փակ օրակարգով,   առանց լրագրողների մասնակցության, կառավարության ղեկավարը նախ Շիրակի մարզպետարանում անցկացրեց հերթական մարզային խորհրդակցությունը, առաջարկելով քննարկել մարզի ընթացիկ և ռազմավարական  խնդիրները, կարևորել  պետական և տեղական կառավարական մարմինների համատեղ գործունեությունը ետպատերազմական , սոցիալ-հոգեբանական և տնտեսական խնդիրների կարգավորման ուղղությամբ

Կառուցենք Հայաստանը նորովի  կարգախոսը հիմա առավել արդիական  է հնչում, ընդգծել է երկրի ղեկավարը, ու կոչ արել ներկաներին համատեղ ջանքերով փոխել ընդհանուր իրավիճակն ու տրամադրությունը:

Խորհրդակցությունից հետո, Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում ունեցավ նոյեմբերի 9-ից հետո Արցախում գերեվարվածների հարազատների հետ:  Թե հանդիպման ընթացքում ինչ հարցեր են քննարկվել կամ ինչ պատասխաններ են ստացել շիրակցիները, լրատվամիջոցների համար անհայտ մնաց, քանի որ այս հանդիպումը եվս անցավ առանց լրագրողների մասնակցության: Հայտնի է միայն, որ գերեվարվածների հարազատները պահանջում  են հստակ տեղեկություններ փոխանցել իրենց ազգականների մասին և կոնկրետ քայլեր ձեռնարկել նրանց հայրենիք վերադարձներու ուղղությամբ:

Մինչ մարզպետարանում ընթանում էր հանդիպումը, դրսում վարչապետի հետ հանդիպման ակնկալիքով հավաքվել էին Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցի մանկավարժներն ու ծնողները: Նրանց պահանջն արդեն տևական ժամանակ է նույնն է:

Իրավապահ մարմինները Ցուցարարներին հորդորեցին իրենց պահանջը ներկայացնել գրավոր ու անտեղի չսպասել վարչապետին, սակայն վերջիններս չհամաձայնեցին, ու չնայած անբարենպաստ եղանակին, ակնկալում էին անձամբ հանդիպել կառավարության ղեկավարին: Սակայն գերեվարվածների հարազատների նետ հանդիպումից հետո,  վարչապետը հեռացավ Գյումրիից առանց նրնաց հետ հանդիպման

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru