ԱԺ-ն ընդունել է ռազմական դրությունը վերացնելու մասին որոշման նախագիծը: Նախագիծն ընդունվել է 118 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Նախագծի հեղինակները Ազգային ժողովի ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններն էին: Նրանք առաջարկում էին հանել ռազմական դրությունը՝ ընդգծելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պահպանվում է հրադադարի ռեժիմը, իսկ ռազմական դրության իրավական ռեժիմը չվերացնելը, ըստ նրանց, քաղաքական նպատակներ ունի: Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ պատգամավորներին առաջարկել էր կողմ քվեարկել նախագծին՝ ընդգծելով, որ, Կառավարության որոշմամբ, ռազմական դրության իրավական ռեժիմը վերանալու է: Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն է հայտարարված սեպտեմբերի 27-ից՝ Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմով պայմանավորված: Թեև նախորդ տարվա դեկտեմբերին, ռազմական դրությամբ պայմանավորված, որոշ սահմանափակումներ հանվել էին, այնուամենայնիվ, ռազմական դրությունը շարունակում էր պահպանվել: ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Վճռաբեկ դատարանի դատավոր է ընտրել Արսեն Մկրտչյանին: Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ քվեատուփում առկա 102 քվեաթերթիկից անվավեր է ճանաչվել 4-ը: Արմեն Հայկյանցը ստացել է 11 «կողմ» ձայն, Արսեն Մկրտչյանը՝ 87: Սա ընտրության երկրորդ փուլն էր: Առաջին փուլով քվեարկությամբ ԱԺ-ն դատավոր չէր ընտրել: Այսպիսով, երկրորդ փուլին մասնակցում էին առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Ընտրության առաջին փուլում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել էր, որ խմբակցությունը չի ընտրի Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին, որոնց թեկնածությունն առաջադրել է Բարձրագույն դատական խորհուրդը: Մակունցը նշել էր, որ այդպիսով իրենց քաղաքական արձագանքը կարտահայտեն ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությանը, թեկնածուների նկատմամբ խորին ակնածանք ունեն: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է նաև «Հակակոռուպցիոն կոմիտեի» մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որի հեղինակը ՀՀ կառավարությունն է: Նախագիծն ընդունվել է 80 կողմ, 38 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը երեկ նախագծի քննարկման ընթացքում ասել էր, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագիծը փոփոխությունների է ենթարկվել: Ըստ նոր առաջարկությունների՝ նախատեսվում է լուծարել Հատուկ քննչական ծառայությունը: «Իրավապահ մարմինների հետ քննարկման արդյունքում որոշվել է լուծարել Հատուկ քննչական ծառայությունը: ՀՔԾ-ի հետ ենք քննարկել, ուժը կորցրած ճանաչելով «ՀՔԾ մասին» օրենքը, ըստ այդմ, ամբողջությամբ վերանայվել են հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի նախագծի մասին անցումային դրույթները»,- քննարկման ընթացքում ասել էր ՀՀ արդարադատության նախարարը: Հիշեցնենք, որ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագիծը ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել էր այս տարվա հունվարի 19-ին: Նախագծով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ հակակոռուպցիոն կոմիտե, որի հիմնական իրավասությունը լինելու է Քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների մինչդատական քրեական վարույթի կազմակերպումը և իրականացումը։ Միաժամանակ, քրեական վարույթ նախաձեռնելու հարցի լուծման նպատակով հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքով սահմանված կարգով իրականացնելու է օպերատիվ-հետախուզական գործունեություն: Ազգային ժողովը 6 ամսով երկարաձգել է Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունները: Որոշման նախագիծն ընդունվել է 117 կողմ, դեմ 1, ձեռնպահ 1 ձայների հարաբերկացությամբ: Հանձնաժողովի լիազորությունները երկարաձգելու մասին որոշման նախագիծը ԱԺ-ում քննարկվել էր երեկ: «Որպեսզի մենք կարողանանք տրամաբանական ավարտին հասցնել հանձնաժողովի աշխատանքները, մեզ անհրաժեշտ են լիազորությունների ժամկետի երկարաձգում, հետևաբար հանձնաժողովը այս առաջարկությամբ հանդես է գալիս և ներկայացնում սույն որոշման նախագիծը»,- քննարկման ընթացքում ասել էր հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը գործընկերներին առաջարկել է կողմ քվեարկել ընդդիմության առաջարկած ռազմական դրությունը վերացնելու նախագծին: Միրզոյանն ասել է, որ Կառավարությունը, միևնույն է, պետք է նախաձեռնի ռազմական դրությունը հանելու գործընթացը: Նա նաև հիշեցրեց, որ կա արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և այդպիսով երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու որոշում: «Ես ցանկանում եմ նաև համերաշխություն բառը օգտագործել, գուցե համերաշխության տակ բոլոր պատգամավորները չցանկանան ստորագրել, բայց առնվազն հանգուցալուծման ճանապարհ է սա, և քաղաքական կայունության այսպես թե այնպես վերականգնման, այս կամ այն ելքով վերականգնման ճանապարհ է»:ԱԺ նախագահը նշել է, որ բացարձակապես անհիմն են պնդումները, որ ռազմական դրության ժամկետը երկարաձգվում է քաղաքական նկատառումների պատճառով։ Ըստ նրա՝ դրա վառ վկայությունն է Բաղրամյան պողոտայում ընդդիմության տեղադրած վրանները։ ՀՀ ազգային ժողովը քննարկել է նաև կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը 6 ամսով երկարաձգել: Հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը: Խաչատրյանը հիշեցրել է , որ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է դեռ անցյալ տարվա ամռանը ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ: «Պատերազմի հետևանքով, ինչպես նաև պետական համակարգi գերծանրաբեռնվածության պայմաններում հնարավոր չի եղել ակնհայտորեն ապահովել հանձնաժողովի բնականոն գործունեությունը, և մենք կարողացել ենք իրականացնել մեր լիազորությունները միայն վերջին երկու ամսվա ընթացքում»,- ասաց Խաչատրյանը:Նա վստահեցրել է, որ բավականին ծավալուն աշխատանք է իրականացվել հանձնաժողովի գործունեության բոլոր ուղղություններով:Անդադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միզրոյանի՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին հարցին՝ Խաչատրյանը նշել է, որ նույնսիկ եթե ընտրությունների գնալու պարագայում քննիչ հանձնաժողովը չհասցնի ամբողջապես ավարտել աշխատանքը, ինքը կարծում է, որ կատարված աշխատանքը կորած չի լինելու: «Լիահույս եմ, որ մյուս ԱԺ-ի համար կորոնավիրուսի հետ կապված հարցերի քննությունը ևս կլինի օրակարգային և կարևոր ուղություններից մեկը»,- նշել է նա ու վստահեցրել, որ գործող հանձնաժողովն իր պարտականությունները կկատարի այնքանով, որքանով կհասցնի, և այդ տեղեկատվությունը կփոխանցվի նաև հաջորդ ԱԺ-ին:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտնում է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Գյումրիի տարածքային կենտրոնի տնօրենի և նրան ենթակա աշխատակիցների կողմից կաշառք ստանալու և նրանց կաշառք տալու դեպքեր բացահայտելու մասին, 9 անձ, այդ թվում՝ կենտրոնի տնօրենը ձերբակալվել են։ ԱԱԾ-ն մանրամասնում է՝ քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ պարզվել է, որ Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ա.Ա-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, նախնական համաձայնության գալով իր ենթակայությամբ աշխատող, պաշտոնատար անձ հանդիսացող աշխատակիցների հետ, «Զբաղվածության պետական գործակալության» շահառուների օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու, այն է՝ «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում», «Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրերի՝ մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում», «Փոքր բիզնեսի, ինչպես նաև անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրում» ծրագրերում ընդգրկելու և պետության միջոցներից դրամական օգնություն տրամադրելու համար, 2021 թվականի փետրվար-մարտ ամիսներին Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի իր աշխատասենյակում, մի շարք քաղաքացիներից, անձամբ կամ իր աշխատակիցների միջոցով, քողարկված եղանակով պահանջել և ստացել է զգալի չափերով կաշառքի գումարներ, իսկ այնուհետև՝ դրանցից որպես «մասնաբաժին» գումարներ է առանձնացրել և փոխանցել իր ենթակայության ներքո գտնվող աշխատակիցներին: Ըստ հաղորդագրության, հերթական անգամ՝ 2021 թվականի մարտի 19-ին, ծրագրի շահառու հանդիսացած և սոցիալապես անապահով Ա.Մ-ի կողմից անասնապահությամբ զբաղվելու համար աջակցություն տրամադրած գումարը ստանալուց և որպես կաշառք առանձնացված 50 հազար դրամ գումարը Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենի տեղակալին տալուց անմիջապես հետո՝ վերջինները և զբաղվածության կենտրոնի մյուս աշխատակիցները բռնվել ու բերման են ենթարկվել Ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչություն: Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում՝ ձերբակալվել են ընդհանուր թվով 9-ը անձինք, որոնցից 8-ը կին, այդ թվում՝ զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենը, տեղակալը, ինչպես նաև նրանց ենթակայության ներքո գտնվող թվով 6-ը մասնագետները, ովքեր, բոլորը, այդ թվում՝ կենտրոնի տնօրենը, գործով ձեռք բերված անհերքելի փաստերի ճնշման ներքո, տվել են խոստովանական ցուցմունքներ և աջակցել են նախաքննական մարմնին կոռուպցիոն մեխանիզմի ամբողջական բացահայտման համար: Քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են նաև զբաղվածության կենտրոնի աշխատակիցներին կաշառք տված քաղաքացիների ինքնությունները, որոնցից մեկը ձերբակալվել է, իսկ մյուսների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Կատարված երկու տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում, ինչպես ԱԱԾ-ն է նշում, հայտնաբերվել և վերցվել են գործի համար նշանակություն ունեցող բազմաթիվ իրեր, այդ թվում՝ կաշառքի գումարներ, կաշառք տված անձանց վերաբերյալ գրառումներ պարունակող փաստաթղթեր, նոթատետրեր և այլն: Քրեական գործով վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշումներ են կայացվել հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալների պաշտոնավարությունները ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ: Ձեռնարկվում են ակտիվ քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Գյումրիի տարածքային կենտրոնի աշխատակիցների կողմից կատարված կոռուպցիոն այլ հանցագործությունները և դրանում ներգրավված անձանց ինքնությունները բացահայտելու համար: ԱԱԾ-ն հորդորում է քաղաքացիներին և պետական ու համայնքային մարմինների աշխատակիցներին՝ դրսևորել բացառապես օրինապաշտ վարքագիծ՝ միաժամանակ հաշվի առնել, որ կաշառք և ապօրինի վարձատրություն տալու, ստանալու հանրային վտանգավորությունը բարձր է այնքանով, որ այն ոչ միայն խաթարում է պետաիշխանական և կառավարչական կառույցների բնականոն գործունեությունը, վնասում է նրանց հեղինակությանը, այլ ընդհանրապես քաղաքացիական հասարակարգ կառուցող բոլոր երկրներում մեծագույն խնդիր է, որը կարող է արգելակել իշխանության համակարգերում քաղաքացիական հասարակության ստեղծմանը, ժողովրդավարական հասարակարգի կառուցմանը՝ ի չիք դարձնելով բոլոր այն ձեռնարկումները, որոնք ուղղված են հասարակական հարաբերությունների առողջացմանը, մարդկանց բարեկեցության բարձրացմանը։
Աղբյուր՝ https://cutt.ly/oxbtQDK
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը: Նախաձեռնությունն «Իմ քայլը» խմբակցությանն է : ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Իմ քայլի» մի քանի պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսվում է նաև սահմանել, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացել է 80 «կողմ», 6 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներ: Փաթեթով առաջարկվում է ԲԴԽ-ին օժտել դատարանների բնականոն գործունեություն ապահովելու լիազորություն` նախատեսելով, որ վերջինիս իրականացման ուղղությամբ ԲԴԽ-ն իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր: Առաջարկվում է ԲԴԽ-ին օժտել նաև նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությամբ: Նախագծի ընդունման դեպքում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ արդարադատության նախարարից և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով, եթե առերևույթ առկա է էական կարգապահական խախտման որոշակի հիմք: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կտրակաnապես դեմ է արտահայտվել օրինագծին:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Հերոսներն անմահ են, քանի նրանց հիշում են. Արտակ Ժամակոչյանի անվան դասասենյակի բացում Գյումրու թիվ 4 դպրոցում
Գյումրու թիվ 4 դպրոցի դասասենայակներից մեկն այսօրվանից կրելու է Արցախյան 44-օրյա պատերազմում ընկած, հանուն հայրենի սահմանների պաշտպանության անմահացած հերոս Արտակ Ժամակոչյանի անունը: Այս դպրոցում է Արտակը կրթվել, այստեղ է դրվել հիմքը իսկական հայի ու հայրենասերի: Դասղեկի խոսքով` Արտակն ապրեց ընդամենը 30 տարի, բայց ապրեց շատ իմաստալից մի կյանք` հասցնելով լինել լավ աշակերտ ու որդի, լավ ամուսին ու հայր:
Արտակը ծնվել է մի ընտանիքում, որտեղ եղել են հերոսներ: Ժամակոչյանների ընտանիքը հայրենիքին երեք հերոս է տվել է, վերջինը Արտակն է:
«Որդուն հերոս անվանելով` որդեկորույս մորը չես սփոփի»,- ասում է հերոսի մայրը: Տիկին Շուշանիկի միակ սփոփանքը թոռնուհին է` Արտակի դուստրը, ում աչքերում նա իր որդուն է տեսնում:
Արտակը հետմահու պարգևատրվեց Երկրապահ կամավորականների միության մեդալով: Շիրակի մարզի նախագահ Յուրա Ալեքսանյանն այն հանձնեց հերոսի մորը:
Ցավի հետ մեկտեղ կա նաև հպարտություն. Արտակ կինը` Հեղինեն, նշում է` մենք չենք պարտվել, սա ժամանակավոր դադար է, առջևում հաղթանակներ կան:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru