Նորություններ

Աշխատանքներ են իրականացվում գերիների տվյալների ճշտման և հետագա փոխանակման քայլերի հետ կապված.

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախքան օրակարգային հարցի քննարկումը փոխվարչապետն անդրադարձել է գերիների փոխանակման գործընթացի հետ կապված հարցերին: «Ինչպես բոլորդ տեղյակ եք, այս շաբաթ տեղի ունեցավ գերիների փոխանակման առաջին փուլը, բայց նաև շարունակական աշխատանքներ են իրականացվում գերիների տվյալների ճշտման և հետագա փոխանակման քայլերի հետ կապված: Եվ այս առումով բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ Կարմիր խաչի և ռուսական կողմի ներգրավվածությամբ»: Անդրադառնալով Խծաբերդում տեղի ունեցած միջադեպին՝ Տիգրան Ավինյանը նշել է. «Երկրորդ խնդիրը վերաբերում է Խծաբերդում տեղի ունեցած միջադեպին և նաև այն անձանց, ովքեր ամենայն հավանականությամբ գերեվարված են: Տվյալներն այս պահին ճշտվում են: Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այսօր գտնվում է Արցախում՝ այս և այլ հարցերի կապակցությամբ տեղում լուծումները հասկանալու և քննարկումներ իրականացնելու: Այս հարցի շուրջ էլ տեղի են ունենում խոսակցություններ ադրբեջանական կողմի հետ, և մոտակա ժամանակներս ակնկալում ենք հանգուցալուծում»: Հին Շեն համայնքի հետ կապված խնդիրների վերաբերյալ փոխվարչապետը տեղեկացրել է, որ որոշակի լարվածություն է եղել նաև այնտեղ։ «Այս պահի դրությամբ միջդիրքային հաղորդակցությունն առկա է: Խնդիրն ամբողջապես հանգուցալուծված չէ, բայց այդ հատվածում տեղակայված են նաև ռուս խաղաղապահ զորքերը: Ակնկալում ենք նաև, որ մոտակա ժամանակներս Հին Շենի հետ կապված հարցերում նույնպես մենք կունենանք վերջնական հանգուցալուծում: Եվ ուզում եմ տեղեկացնել նաև, որ Պաշտպանության նախարարն այս պահին գտնվում է Սյունիքում: Սահմանապահ զորքերը Սյունիքի մեր սահմանների երկայնքով արդեն իրականացնում են տեղակայման աշխատանքներ: Համոզված եմ, որ Պաշտպանության նախարարությունը նաև օրվա ընթացքում կտեղեկացնի, թե ինչ աշխատանքներ են իրականցվում»: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ նշել է, որ մշտական կապի մեջ է Սյունիքի մարզի գործընկերների հետ: «Մարզպետն այս փուլում աշխատանք է տանում և՛ սահմանապահ ծառայության գործընկերների, և՛ պաշտպանության նախարարության մեր գործընկերների հետ: Իմ ստացած տեղեկատվության համաձայն, այս պահին սահմանապահ զորքերի ուժերը տեղաբաշխվում են Հայաստանի Հանրապետության սահմանի երկայնքով: Եվ խուսափելու համար տարբեր մեկնաբանություններից և ապատեղեկատվությունից, պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետության սահմանները, բնականաբար, ամուր են և մեր զինված ուժերի կողմից վերահսկելի»,-ասել է նախարարը: Կառավարությունը հաստատել է պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիներին աջակցելու ևս 4 միջոցառում Կառավարությունը հաստատել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության միջոցառումը: Միջոցառման շրջանակում, մասնավորապես, գործազուրկ անձանց աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով առաջարկվում է գործազուրկ անձին վճարել ամսական աշխատավարձ` 100 հազար դրամի չափով, ինչպես նաև գործատուին վճարել գործազուրկ անձի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը։ Բացի այդ, նախատեսվում է նաև գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետին ամսական կտրվածքով վճարել 34 հազար դրամ: Գործադիրը հաստատել է նաև վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով՝ պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցառումը: Մասնավորապես, որոշման շահառու հանդիսացող գործազուրկ անձանց ժամանակավոր զբաղվածության ապահովման նպատակով առաջարկվում է կազմակերպել վարձատրվող հասարակական աշխատանքներ՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով։ Միջոցառման շրջանակում վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկված շահառուին՝ օժանդակ աշխատանքներ կատարելու համար մեկ աշխատանքային օրվա համար նախատեսվում է վճարել 8 000 դրամ: Հաստատվել է ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառումը: Գործող իրավակարգավորումների համաձայն՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված զինծառայողների սոցիալական պաշտպանությունն իրականացվում է Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի միջոցների հաշվին։ Ընդ որում, որպեսզի անձը դառնա հիմնադարամի շահառու, անհրաժեշտ է սահմանել հաշմանդամության (վնասվածքի կամ խեղման) պատճառական կապ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետ։ Որոշմամբ՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներին, մինչև հիմնադրամի շահառու դառնալը, հիմնադրամից վճարվող գումարը կավելացվի ամսական 200 000 դրամով և կկազմի 300 000 դրամ։ Կառավարությունը հաստատել է ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող համայնքների հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման եռամսյա սոցիալական աջակցության միջոցառումը: Ըստ այդմ՝ առաջարկվում է Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող համայնքների հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալող անձանց տրամադրել եռամսյա դրամական օգնություն: Ընդ որում` առաջարկվում է ՀՀ հյուրընկալ ընտանիքին տրամադրել յուրաքանչյուր հյուրընկալվողի համար 30000 դրամ, իսկ Արցախի Հանրապետության հյուրընկալ ընտանիքին՝ 45000 դրամ: Օրենսդրական նախաձեռնություն. կհստակեցվեն անհետ կորած զինծառայողներին և այլ քաղաքացիներին դատական կարգով անհետ բացակայող կամ մահացած ճանաչելու ժամկետները Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների կապակցությամբ անհետ կորած զինծառայողներին և այլ քաղաքացիներին (ներառյալ՝ ՀՀ պաշտպանությանը մասնակցող կամավորականների) դատական կարգով անհետ բացակայող կամ մահացած ճանաչելու ժամկետները հստակեցնելու անհրաժեշտությամբ: Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է ռազմական գործողությունների կապակցությամբ անհետ կորած զինծառայողին կամ այլ քաղաքացուն դատական կարգով անհետ բացակայող ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու հնարավորություն ընձեռել զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չլինելու դեպքում, ինչպես նաև նույն պայմաններում անհետ կորածին դատարանի կողմից մահացած ճանաչելու ժամկետը երկու տարվա փոխարեն սահմանել մեկ տարի՝ ռազմական գործողությունների ավարտից հետո, ինչպես նաև նախատեսվում է, որ օրենքի գործողությանը տրվում է հետադարձ ուժ՝ 2020թ. սեպտեմբերի 27-ից: Օրենքի ընդունումը կապահովի ռազմական գործողությունների ժամանակ (կամ հետևանքով) անհետ կորած զինծառայողների և այլ քաղաքացիների ընտանիքների անդամների համար օրենսդրությամբ սահմանված սոցիալական երաշխիքների կիրառման գործընթացն իրականացնել առավել սեղմ ժամկետներում: Այլ որոշումներ Կառավարության որոշմամբ Անդրեյ Ղուկասյանն ազատվել է Լոռու մարզպետի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ էլ Լոռու մարզպետ է նշանակվել Արամ Խաչատրյանը: Գործադիրի նիստում քննարկվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում Դիանա Գալոյանի ընտրության արդյունքները հաստատելու մասին որոշումը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, ով նաև Տնտեսագիտական համալսարանի խորհրդի անդամ է, առաջարկել է հարցը ևս մեկ անգամ քննարկել: «Ընտրությունների նիստի հետ կապված եղել է դատական հայց, մասնավորապես դատարանի կողմից եղել է որոշում ընտրությունների իրականացումը կասեցնել՝ հաշվի առնելով խորհրդի և ընտրական գործընթացի հետ կապված խնդիրները: Այդ ժամանակ դատարանի մեկ այլ որոշմամբ, նիստից ընդամենը 10 րոպե առաջ չեղյալ է համարվել դատարանի մյուս որոշումը: Ընդ որում երկու դատարանները եղել են առաջին ատյանի դատարաններ: Այս պահին կա նաև ԿԳՄՍ նախարարության դեմ դատական հայց՝ խորհրդի նիստի ընտրությունների հետ կապված: Հետևաբար, ես կարծում եմ, որ առվազն հավելյալ ուսումնասիրության անհրաժեշտության կա այս հարցի շուրջ»,-ասել է նախարարը: Անդրադառանլով հարցին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ այս պահին հարցը չհաստատելու ֆորմալ որևէ հիմք չկա և պետք է վերջակետ դնել ռեկտորի ընտրության գործընթացին, քանի որ այդ ընթացքում միայն բուհն է տուժում։ Ըստ նախարարի՝ եթե հետագայում լինեն համապատասխան վճիռներ, ապա դրանք կարվեն սահմանված կարգով: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առաջարկությամբ հարցը հանվել է օրակարգից՝ մեկ անգամ ևս քննարկելու նպատակով: «Աշխատակազմի տեսակետը նույնպես իրավական տեսանկյունից այդպիսին է, բայց քանի որ Մեսրոպ Առաքելյանի կողմից հարցը բարձրաձայնվել է, մեկ քննարկում անպայման տեղի կունենա աշխատակազմում: Եվ եթե կարիք լինի նույնիսկ հեռակա կարգով որոշումը կընդունվի: Քննարկումը մեկ շաբաթվա ընթացքում կանենք և եթե իրավական տեսանկյունից որևէ այլ հարց չառաջանա, կհաստատենք»,-ասել է փոխվարչապետը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստ 10․12․2020

Ռազմական գործողություններին մասնակցած և մինչև  օրս փնտրվող  22 անապահով զինվորների ընտանիքները 50 հազարական դրամ գումար  կստանան. որոշումը կայացվել է Գյումրու ավագանու այսօրվա նիստում: Ավագանու միաձայն որոշմամբ՝  թվով 109 անձանց որպես դրամական օգնություն կհատկացվի՝  1 միլիոն 160 000 դրամի չափով: Թեև  Գյումրին ամանորյա զարդարանք չի ունենա, չի տեղադրվի գլխավոր տոնածառը, սակայն սոցիալապես  անապահով 5 հազար երեխաներ    այս տարի ևս կստանան ամանորյա պարկեր: Ավագանին միաձայն կողմ քվեարկեց նաև   «Ամանորյա տոների  կապակցությամբ դրամական օգնություն հատկացնելու մասին»   որոշմանը, ըստ որի՝  տոների առթիվ դրամական օգնություն կստանան Հայրենական Մեծ պատերազմի վետերանները, Արցախյան ազատամարտի ժամանակ զոհված ազատամարտիկների ընտանիքները, զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքները, Գյումրու զինկոմիսարիատում հաշվառված հաշմանդամ զինծառայողները, 1956թ հոկտեմբերին Հունգարիայի հեղաշրջման ճնշմանը մասնակից վետերանները: Նախատեսված գումարն, ըստ Գյումրու քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանի,  կազմում է ընդհանուր 10 մլն 95 հազար դրամ: Ավագանին կողմ է  քվեարկել  նաև  «Մհեր Մկրտչյանի թանգարան»-ին 350 հազար դրամ  նվիրատվություն հատկացնելու որոշման նախագծին:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Ազգային ժողովն ընդունեց 2021 թվականի պետական բյուջեի նախագիծը

Ազգային ժողովը շարունակում է քառօրյան։ 84 կողմ, 14 դեմ ձայներով խորհրդարանն ընդունել է  Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Երեկ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ԱԺ-ում ներկայացրեց բյուջեի նախագծի վերջնական տարբերակը։ Նա հատակպես այս իրավիճակում կենսական համարեց առաջիկա ժամանակահատվածի համար ծրագիր ունենալը։ «Պետական բյուջեն, ինչպես գործող օրենսդրությամբ, այնպես էլ իր բովանդակությամբ սահմանվում է որպես առաջիկա ժամանակահատվածի պետության ծրագիր, և միայն այդ պարագայում է, որ հնարավոր է հավակնություններ ունենալ՝ ներկայանալու ներդրողներին, որոնք կարող են որոշումներ կայացնել ներդրումներ կատարելու վերաբերյալ թե՛ պետական պարտքի մեջ և թե՛ մասնավոր հատվածի հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների մեջ»։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Կառավարությունը հաստատել է պատերազմից տուժած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու ևս 4 միջոցառում

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրը հաստատել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը: Սոցիալական աջակցությունը կտրամադրվի ամենամսյա դրամական օգնության ձևով՝ 300 000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 6 ամսվա համար՝ սկսած այս միջոցառումը հաստատելու ամսվանից։ Ամենամսյա դրամական օգնության տրամադրումը կիրականացվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցով՝ հիմք ընդունելով ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացված տվյալները։
«Աջակցությունը տրամադրվելու է այնքան ժամանակ մինչև նրանք կդառնան շահառու՝ համաձայն գործող օրենքի։ Աջակցությունը տրամադրվելու է բյուջեից՝ այս պահին 500 մլն դրամի չափով։ Այնուհետեւ՝ հիմնադրամի կողմից վճարումները կատարելուց հետո կատարված չափով նույնպես կփոխհատուցվի բյուջեից»,- նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեր օրենսդրության համաձայն նաև անետ կորած զինծառայողներն են համարվում հիմնադրամի շահառու: Բայց օրենսդրությունը բավականին երկար ընթացակարգեր է նախատեսել, որպեսզի այդ կարգավիճակը ստանան զինծառայողները: Դրա համար նախ մենք օրենսդրության մեջ փոփոխություն ենք մտցնում և կրճատում ենք այդ ժամկետը։ Այդ կարգավիճակը պետք է հաստատվի դատարանով։
Մինչև հիմա օրենսդրությամբ նախատեսված էր, որ դա պետք է տեղի ունենա մեկ և ավելի տարվա ընթացքում: Մենք ժամկետները կրճատելու ենք, որպեսզի այն ավելի արագ տեղի ունենա: Բայց ժամկետներն ինչքան էլ կրճատենք, այնուամենայնիվ, մի քանի ամիս այդ պրոցեսները տևելու են: Ըստ այդմ, որոշում ենք կայացրել բյուջեից գումար փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որպեսզի այս ընթացքում նման կարգավիճակ ունեցող կամ նման կարգավիճակի հավանականություն ունեցող անձանց ընտանիքներին ամսական 300.000 դրամ աջակցություն տրվի՝ մինչև իրենց կարգավիճակը կհստակեցվի: Եթե այս պրոցեսի արդյունքում կպարզվի, որ քաղաքացիները շահառու են, այսինքն պիտի ստանան օրենքով սահմանված աջակցությունը, բյուջեից վճարված գումարը կհաշվանցվի: Այսինքն՝ կնվազեցվի այդ գումարից, որն ի սկզբանե պետք է ստանային: Եթե կպարզվի, որ շահառու չեն, այս ընթացքում դա ուղղակի կլինի որպես աջակցություն: Եվ ուզում եմ ընդգծել, որ այս համատեքստում ներառվում են նաև գերեվարված անձանց ընտանիքները. այս որոշման իմաստով մենք որոշեցինք, որպեսզի նրանք նույնպես այս հնարավորությունից օգտվեն դարձյալ նույն սկզբունքներով»:

Սոցիալական աջակցություն կտրամադրվի պատերազմի հետևանքով բնակելի անշարժ գույքն ավերածությունների հետևանքով կորցրած քաղաքացիներին
Կառավարությունը հաստատել է «Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառումը: Մասնավորապես, նախատեսվում է Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ի դրությամբ հաշվառված և առնվազն 3 ամիս փաստացի բնակված քաղաքացիներին վճարել 250 000–ական դրամ, եթե նրանց հաշվառման վայրի հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը դարձել է բնակության համար ոչ պիտանի։ Անչափահաս երեխաներին միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է ծնողին, եթե ծնողը հանդիսանում է միջոցառման շահառու։

Մարտական գործողությունների մասնակիցների վերականգնողական բուժօգնությունը կիրականացվի պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով
Գործադիրը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝
ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության արդյունքում տուժած որոշակի խումբ անձանց սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Որոշմամբ առաջարկվում է Հայաստանի կամ Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացված ռազմական գործողությունների արդյունքում տուժած զինծառայողների և ոչ զորահավաքային զորակոչով պատերազմի մասնակիցների (կամավորներ), ինչպես նաև ՀՀ պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակիցների վերականգնողական բուժօգնությունը իրականացնել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով: Ըստ այդմ, նախատեսվում է «ՀՀ պետբյուջեի մասին» «Առողջապահություն» բաժնի «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակում դեպքերի թվի ավելացում շուրջ 4000-ով, որի համար կպահանջվի լրացուցիչ շուրջ 2,870 մլրդ ՀՀ դրամ:
Կարևորելով ընդունված որոշումը վարչապետը նշել է, որ հայրենիքի պաշտպանությանը մասնակցած անձանց վերականգնողական բուժման ծախսերը պետությունը վերցնում է իր վրա: «Ընդ որում այդ ծախսերը վերցնում է իր վրա՝ ծառայությունը չկապելով կոնկրետ բուժհաստատության հետ: Այսինքն՝ վերականգնողական բուժման կարիք ունեցող քաղաքացին ինքն է ընտրում բուժհաստատությունը, իսկ կառավարությունը կվճարի այդ բուժման համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ուսման վարձի փոխհատուցում՝ մարտական գործողությունների մասնակիցներին, ընտանիքի անդամներին
Գործադիրը հասատատել է պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսնու ուսման վարձի փոխհատուցման միջոցառումը: Որոշման նպատակն է ուսման վարձի փոխհատուցում տրամադրել ՀՀ-ում գործող միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական (կլինիկական օրդինատուրա) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում միջին մասնագիտական կրթական ծրագրի, բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և կլինիկական օրդինատուրայի սովորողներին: Սովորողներին տրվում է 2020-2021 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի 100 տոկոս փոխհատուցում:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով կառավարության այսօրվա նիստի ընդունած աջակցության միջոցառումների վերաբերյալ որոշումներին, նշել է, որ դրանք ևս վերաբերում են նոյեմբերի 18-ին իր հրապարակած ճանապարհային քարտեզին: «Մենք արդեն ունենք այդպիսի շուրջ մեկ տասնյակ որոշումներ, որոնք կապվում են ճանապարհային քարտեզի հետ: Այս որոշումներրի ընդունումը կշարունակվի, որովհետև արդեն նախագծեր կան շրջանառության մեջ, և ինչպես ասել ենք՝ հետևողականորեն առաջ ենք գնալու այս ճանապարհով»,-ընդգծել է կառավարության ղեկավարը:

Այլ որոշումներ
Գործադիրի որոշմամբ Գարիկ Սարգսյանը ազատվել է Արարատի մարզպետի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ էլ Ռազմիկ Թևոնյանը նշանակվել է Արարատի մարզպետ:
Կառավարությունը հաստատել է նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի պաշտոնում Եղիազար Վարդանյանի ընտրության արդյունքները:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru