Նորություններ

Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառին, կա 5 տուժած

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում թիվ 20 համարի երթուղին սպասարկող Գյումրու քաղաքային տրանսպորտի մարդատար «Գազելը» բախվել է ծառին:

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. նա ձերբակալվել է

2024 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժամը 20:00-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող որդին, նռնակով սպառնալով, հրաժարվում է տեղափոխվել համապատասխան բուժհաստատություն:

Ահազանգի հիման վրա ոստիկանության ծառայողները մեկնել են քաղաքացու կողմից մատնանշած հասցե և պարզել, որ Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի բնակիչը հրաժարվում է բուժհաստատություն տեղափոխվել և ձեռքին պահելով նռնակ՝ հրաժարվում ենթարկվել շտապօգնության բուժանձնակազմին:

Բացատրական աշխատանքների արդյունքում տղամարդը նռնակը ցած է դրել, որից հետո ապօրինի զենք և զինամթերք պահելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Կոտայքի բաժին։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-րդ մասի և 194-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և վերցվել է նռնակ և նռնակի նմանվող առարկա, ինչպես նաև թղթի և ծխամորճի մեջ կանեփի նմանվող դեղնականաչավուն զանգված և «Բելամորկանալ» տեսակի ծխախոտի կիսադատարկ գլանակներում կանեփի նմանվող դեղնականաչավուն զանգված:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել նշված անձին ձերբակալելու մասին:

Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաձգաբանական, դատապայթունատեխնիկական, իսկ հայտնաբերված զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով՝ դատանյութագիտական համալիր փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Մանկապարտեզի դաստիարակը սաներից մեկին պարբերաբար ենթարկել է ֆիզիկական և հոգեկան բռնության

Թամարա Գ․-ն 2015 թվականի դեկտեմբերի 1-ից հանդիսանալով Երևանի մսուր- մանկապարտեզներից մեկի ավագ խմբի դաստիարակ, իրենից կախվածության մեջ գտնվող սաներից մեկին պարբերաբար ենթարկել է ֆիզիկական և հոգեկան բռնության:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկցել է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Գործը դատարան է ստացվել օգոստոսի 16-ին և մակագրվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանին։

Թամարա Գ․-ին մեղադրանք է ներկյացվել Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 6-րդ կետի հատկանիշներով։ Այն է Անձին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, եթե դա չի առաջացրել սույն օրենսգրքի 166-րդ կամ 167-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, և եթե բացակայում են սույն օրենսգրքի 450-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները, որը կատարվել է անչափահասի նկատմամբ, հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ։

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան․ փաստահավաք զեկույց

Այս զեկույցում ուսումնասիրվում է Լեռնային Ղարաբաղում ապրող էթնիկ հայերի իրավիճակը՝ սկսած 2020 թվականի երկրորդ արցախյան պատերազմից մինչև 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական հարձակումը և դրան հաջորդած էթնիկ զտումը։ Միջազգային փաստահավաք աշխատանքները ներառել են հարյուրավոր վկայություններ և բաց աղբյուրների տվյալներ, որոնց վերլուծությունը նպատակ ունի պատասխանել այն հարցին, թե ինչու 2024 թվականի մայիսի դրությամբ Լեռնային Ղարաբաղում չեն մնացել էթնիկ հայեր։ Զեկույցը փաստագրում է, թե ինչպես են Լեռնային Ղարաբաղի բնակիչները դիտավորյալ ենթարկվել կանոնավոր հարձակումների, ահաբեկումների, հիմնարար իրավունքների և արժանապատիվ կենսապայմանների բացակայության, ինչպես նաև հարկադրված տեղահանության։

Փաստահավաք զեկույցը համատեղ պատրաստվել է Freedom House-ի, International Partnership for Human Rights-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասմաբլեայի Վանաձորի գրասենյակի, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի, և Truth Hounds-ի կողմից: Բաց աղբյուրների հետաքննությունը և վավերացումն իրականացրել է Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը։

Զեկույցը հասանելի է Freedom House-ի կայքում։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

ՊԵԿ-ը՝ ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցների մասին ԵԱՏՄ պետություններին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 870421 և 870431 ծածկագրերին դասվող, ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ձեռք չբերած տրանսպորտային միջոցների մասին տեղեկատվությունը սահմանված կարգով ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային ծառայություններին փոխանցվում է այդ տրանսպորտային միջոցները Հայաստան ներմուծվելուց հետո 14 օրվա ընթացքում։

«Միաժամանակ, հիշեցնում ենք՝ վերը նշված տրանսպորտային միջոցների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունն առկա է ՊԵԿ պաշտոնական կայքէջի «Տեղեկատվություն՝ 2023թ․ հունվարի 1-ից ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ձեռք չբերած թիվ 339 տրանսպորտային միջոցների վերաբերյալ» ենթաբաժնում»,- ասված է հաղորդագրության մեջ։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում

Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն արդեն համակարգային այնքան մեծ նշանակություն ունեն, որ մենք ավելի շատ հնարավորություն պիտի տանք, որ նրանք մասնակցություն ունենան Հայաստանի տնտեսությունում ներդրումներ անելու գործում: Այս մասին ասել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Արմեն Նուրբեկյանը ներկայացրել է առաջարկվող փոփոխությունները: Նշվել է, որ ֆոնդերի ներդրումների որոշ սահմանափակումների մեղմման արդյունքում կընդլայնվեն ֆոնդերի կողմից իրականացվող ներդրումների և եկամուտների ստացման հնարավորությունները: Հնարավորություն կստեղծվի հանրության խնայողությունները լիարժեք կերպով ուղղելու տնտեսության իրական հատվածի ֆինանսավորմանը:

Ֆոնդերը կկարողանան որակյալ ներդրումային հնարավորությունների դեպքում ավելացնել բաժնային արժեթղթերում ներդրումների կշիռը, մասնակցել տարբեր նախագծերի ֆինանսավորմանը (միջազգային կազմակերպությունների և այլ հեղինակավոր գործընկերների հետ), որը լրացուցիչ դիվերսիֆիկացիա կապահովի, ինչպես նաև դրական ազդեցություն կունենա ֆոնդերի եկամտաբերությունների և ռիսկերի ցուցանիշների վրա: Մասնավորապես, Կենտրոնական բանկի հաշվարկների համաձայն՝ բաժնային արժեթղթերում ներդրումները մեծացնելու արդյունքում (25 տոկոսից 35 տոկոս) հնարավոր կլինի մեծացնել սպասվող միջին եկամտաբերությունը (օրինակ՝ 30 տարվա համար միջինում տարեկան հավելյալ 0.7 տոկոս): Այս ամենի արդյունքում հավանականությունը, որ ֆոնդերի ապահոված եկամտաբերությունը կլինի ավելի ցածր, քան գնաճն է, երկարաժամկետում էապես նվազում է: Իրական հատվածում, այդ թվում՝ ենթակառուցվածքային նախագծերում ուղղակի ներդրումների արդյունքում (10 տոկոսի չափով) հնարավոր կլինի ապահովել բարձր եկամտաբերություն՝ ավելի ցածր տատանողականությամբ (օրինակ՝ 30 տարվա համար միջինում տարեկան հավելյալ 0.43 տոկոս եկամտաբերությամբ և 0.2 տոկոսով պակաս տատանողականությամբ):

Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներին այլ տեսակի ներդրումային ֆոնդեր կառավարելու հնարավորություն տալու դեպքում ֆոնդերի կառավարիչները կկարողանան կիրառել իրենց կարողությունները՝ ստեղծելով և կառավարելով տարբեր տեսակի ֆոնդեր, որոնց շնորհիվ կֆինանսավորվեն տնտեսության տարբեր ոլորտներ և ներդրումային նախագծեր՝ էական ներդրում ունենալով տնտեսության ֆինանսավորման այլընտրանքային գործիքների ստեղծման և զարգացման գործում:

Նախագծի ընդունման արդյունքում կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցները տեղեկատվություն կարող են ստանալ միայն էլեկտրոնային եղանակով, ինչի շնորհիվ մասնակիցների ռեեստրը վարողը հնարավորություն կունենա նվազեցնելու գործառնական ծախսերը:

Հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը Կենտրոնական բանկի նախագահի տեղակալին առաջարկել է տարեկան գոնե մեկ անգամ հանդես գալ զեկույցով, որպեսզի քաղաքացիները տեղեկանան, թե ինչ է կատարվում կուտակային ֆոնդերում: Զեկուցողը դրական է արձագանքել առաջարկին՝ նշելով, որ նախատեսվող միջոցառմանը կներգրավվեն նաև ֆոնդերի ներկայացուցիչները:

Արմեն Նուրբեկյանը որոշ տվյալներ է ներկայացրել ընդհանուր կուտակային ֆոնդերի եկամտաբերության վերաբերյալ: «2023 թվականին միջին եկամտաբերությունը եղել է 15,3 տոկոս, 2024 թվականի տարեսկզբից՝ 9,4 տոկոս, իսկ ստեղծման պահից՝ մոտավորապես 8 տոկոսի եկամտաբերություն կա»,- ասել է նա:

Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Այն կառաջարկվի ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

1 մլրդ դրամ կհատկացվի Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար գույք, տեխնիկա գնելու նպատակով

2024-ին Կառավարությունը նախատեսել է ավելի քան 1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու նպատակով։

Ինչպես հայտնում են Կառավարությունից, այս տարի արդեն 250 միլիոն դրամ արժողությամբ երաժշտական գործիքներ ու լուսաձայնային սարքավորումներ տեղ են հասել, գնման գործընթացը շարունակվում է:

1 մլրդ դրամի արդիականացում՝ թատերահամերգասրահներում1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու նպատակով

Այս տարի արդեն 250 միլիոն դրամ արժողությամբ երաժշտական գործիքներ ու լուսաձայնային սարքավորումներ տեղ են հասել, գնման գործընթացը շարունակվում է:

Опубликовано ՀՀ կառավարություն Воскресенье, 24 ноября 2024 г.

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ. ՊՆ հորդորը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ դիմելով ԶԼՄ-ների ներկայացուցիչներին և տեղեկացնելով, որ օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի շարք հրապարակումներ:

«Այդօրինակ հրապարակումներն արագորեն տարածում են գտնում նաև Հայաստանի Հանրապետությունում գործող լրատվամիջոցներում:

Պաշտպանության նախարարությունը, տեղեկատվական անվտանգության պահպանման նկատառմամբ, ևս մեկ անգամ հորդորում է, նախքան նման նյութերը հրապարակելը, համապատասխան ճշտումներ և ճշգրտումներ կատարել պաշտպանական գերատեսչության հետ»,- ասված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Վարչապետն անդրադարձել է սոցիալապես անապահով ընտանիքների պետական աջակցության ծրագրերին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընկալմամբ՝ քաղաքացու չաշխատելը նաև որոշակի հոգեբանական շերտ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով պետական աջակցության մեխանիզմի վերաբերյալ:

Անդրադառնալով նպաստների և սոցիալական աջակցության ծրագրերի վերանայման անհրաժեշտության վերաբերյալ հարցին, թե արդյոք դա կիրականացվի մինչև ընտրությունները, քանի որ հնարավոր է այն հանգեցնի սոցիալական մեծ դժգոհության՝ վարչապետը նշեց, որ 2018 թվականից սոցիալական և ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների թիվն էականորեն կրճատվել է:

«Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, մոտավորապես 30 հազար ընտանիքով կրճատվել է, իհարկե, դա կապված է նաև աշխատատեղերի թվի աճի հետ: Ենթադրում եմ, որ այսօր կհրապարակվի Հայաստանում աշխատատեղերի նոր թիվը, որը հոկտեմբեր մասվա տվյալներով՝ բացարձակ ռեկորդ է սահմանել. եթե չեմ սխալվում, 749 հազար աշխատատեղ կա՝ աշխատավարձով ապահովված», – ասաց վարչապետը՝ նկատելով, որ խոսքը միայն իրական աշխատավարձ ստացողների մասին է:

Անդրադառնալով սոցիալապես անապահով ընտանիքներին պետական աջակցության նոր ծրագրին՝ վարչապետը նշեց, որ այն սկսելու է գործել 2025 թվականի հունվարի մեկից:

«Այն պիլոտային ձևով կկիրառենք 2 մարզում. հնարավոր է՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում: Ինչո՞ւ այդ մարզերում, որովհետև Սյունիքի մարզն աղքատության ամենացածր մակարդակն ունի, և ենթադրում ենք, որ այդ առումով հարմար է, որովհետև եթե հանկարծ չստացվի, ապա նախնական լարվածությունն ավելի քիչ կլինի: Այո, գաղափարն այն է, որ մենք աղքատության գնահատման համակարգը փոխենք», – հայտարարեց վարչապետը:

Վերջինիս խոսքով՝ Կառավարության կողմից իրականացվող ծրագրի տրամաբանությունն այն է, որ կառավարությունը նախ մարդուն ուղեկցում է և նրան պատրաստում է աշխատանքի:

«Նաև փորձագետների հետ մեր աշխատանքային քննարկումները հաստատում են իմ այս ընկալումը, որ չաշխատելը նաև որոշակի հոգեբանական շերտ ունի, որովհետև ինչպես աշխատողի համար չաշխատելը շատ մեծ սթրես է, այնպես էլ երկար տարիներ չաշխատողի համար աշխատելն է մեծ սթրես, և մարդուն պետք է ուղեկցել մինչև այդ կետը», – նկատեց վարչապետը:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Քաղաքական տրամաբանության տեսակետից դժվար կլինի դեմ արտահայտվել «Եվրաքվե»-ի նախաձեռնությանը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Եվրամիությանն առավելագույնս մոտ լինելու մասին հասարակական քննարկումներին և այս թեմայով ստորագրահավաքին՝ ընդգծելով, որ այս նախաձեռնությունը մեծ հանրային արձագանք է գտել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետը նշեց, որ Եվրախորհրդարանում իր ելույթը, որում հայտարարել էր Հայաստանի՝ Եվրամիությանը հնարավորինս մոտ լինելու մասին, սոցիալական ցանցերում ամենաշատ տարածում ստացած ելույթներից մեկն է եղել։

«Երբ ես նախորդ տարի Եվրոպական խորհրդարանում ելույթ ունեցա, ելույթի հիմնական լեյտմոտիվը հետևյալն էր՝ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրամիությանը լինել այնքան մոտ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։ Ինձ զարմացրեց, որ այդ ելույթը սոցիալական ցանցերում ամենամեծ տարածումն ու արձագանքը ստացած ելույթն է եղել։ Սա վկայում է այս օրակարգին հանրության լայն աջակցության մասին»,- ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով «Եվրաքվե»-ի ստորագրահավաքի արդյունքների հնարավոր քննարկմանը Ազգային ժողովում՝ վարչապետը նշեց, որ քաղաքական տրամաբանության տեսակետից դժվար կլինի դեմ արտահայտվել նախաձեռնությանը։
«Ես գնացել եմ Եվրոպական խորհրդարան և ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրամիությանը լինել այնքան մոտ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։ Իմ այդ ելույթից հետո Հայաստանում քննակումներն ակտիվացել են, և այդ ակտիվ քննարկումները բերել են ստորագրահավաքի և նախագիծ է մտնում Ազգային ժողով։ Քաղաքական տրամաբանությունն ասում է, որ այն կառավարող մեծամասնությունը, որի քաղաքական լիդերը հայտարարություն է արել Եվրոպական խորհրդարանի ամբիոնից, եթե չընդունի այն, դա ոչ միայն մեր հանրության ներսում, այլև նույն եվրոպական հանրությանը դժվար կլինի բացատրել։ Նրանք կարող են հարց տալ՝ մի րոպե, դուք հայտարարեցիք այդ մասին, իսկ ձեր հանրությունը արձագանքեց դրան, հիմա դուք դրան դե՞մ եք»,- ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ այդ հարցը դեռ քննարկման փուլում է։

Քաղաքական և հասարակական մի շարք նախաձեռնություններ ստորագրահավաք են անցկացրել Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու հարցով։ Նրանց հաջողվել է հավաքել 60 հազար ստորագրություն՝ անհրաժեշտ 50 հազարի փոխարեն, և հարցն առաջիկայում ներկայացվելու է խորհրդարանի քննարկմանը։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com