Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նախքան օրակարգային հարցերի քննարկումը կառավարությունը մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգանքի տուրք է մատուցել արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին: Վարչապետը հանդես է եկել ելույթով՝ նոյեմբերի 18-ին հրապարակված ճանապարհային քարտեզի իրականացման վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել է Արցախի մեր հայրենակիցների համար իրականացվող աջակցության ծրագրերին և խնդրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին մանրամասներ ներկայացնել:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը զեկուցել է, որ արցախահայության աջակցության մասով այս պահին կա 2 հաստատված միջոցառում: «Առաջին միջոցառումն ուղղված է Արցախում հաշվառում ոնեցող քաղաքացիներին: Յուրաքանչյուր քաղաքացուն տրամադրվում է սոցիալական աջակցություն՝ 68.000 դրամի չափով: Այս պահի դրությամբ արդեն մոտ 30.000 քաղաքացի ունի հաստատված դիմում, և այսօրվանից արդեն վճարումները «Հայփոստ»-ի և «Արցախփոստ»-ի բաժանմունքների միջոցով կիրականացվեն: Համաճարակային կանխարգելման կանոնները պահելու նպատակով մենք այսօրվանից սկսել ենք փոքր խմբերով. մոտ 3000 քաղաքացի առաջին օրը կստանա, հետագայում արդեն, հերթերի իրավիճակը հասկանալով, հնարավոր է ավելի շատ քաղաքացիների յուրաքանչյուր օր տրամադրենք: Դիմումների հոսքը շարունակվում է, մեր գնահատականներով՝ այս միջոցառման շահառու կարող է հանդիսանալ մինչև 94.000 քաղաքացի:
Երկրորդ միջոցառումը վերաբերում է Արցախի այն քաղաքացիներին, ում բնակավայրերն այս պահին գտնվում են Արցախի վերահսկողությունից դուրս: Այդ քաղաքացիներին տրամադրվելու է օժանդակություն՝ յուրաքանչյուր քաղաքացու 300.000 դրամի չափով: Արդեն հաջորդ շաբաթվանից քաղաքացիները կսկսեն դիմումները էլեկտրոնային տարբերակով ներկայացնել, և 1-2 օրվա ընթացքում յուրաքանչյուր դիմումից հետո նաև կսկսվի այդ գումարների վճարումը:
Այս 2 միջոցառումն է հաստատված, նաև քննարկվում է մի քանի միջոցառում: Մասնավորապես, այն քաղաքացիները, ովքեր այս պահին, իրենց բնակավայրերը կորցնելով պայմանավորված, իրենց կեցությունն առաջիկա ամիսներին կանցկացնեն Հայաստանում, նաև որոշակի ծախսերի փոխհատուցման մեխանիզմ կունենան»:
Նիկոլ Փաշինյանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ երկու միջոցառումների շահառու են ոչ թե ընտանիքները, այլ անձինք: «Այսինքն՝ նույն ընտանիքից մի քանի հոգի ընդունված 2 միջոցառումներով կարող են հանդիսանալ միջոցառման շահառու: Մենք քննարկում ենք և առաջիկայում կընդունենք միջոցառում՝ բնակարանից զրկված քաղաքացիների համար: Այդտեղ էլ միջոցառման շահառու կլինեն ոչ թե ընտանիքները, այլ անհատները: Այստեղ հիմա ուղղակի նաև հույս ունենք՝ Արցախի կառավարության հետ համատեղ հնարավորինս արագ իրականացնել հաշվառումը, որպեսզի կարողանանք ծրագիրը ճիշտ նկարագրել, որպեսզի այն ճիշտ գործի: Առաջիկայում նաև, այո, աջակցության ծրագրեր կշարունակեն իրականացվել: Բայց ցանկանում եմ ասել, որ այդ ծրագրերի միտումը լինելու է այնպիսին, որ Արցախի մեր հայրենակիցները հնարավորինս շուտ վերադառնան Արցախ և բնակություն հաստատեն Արցախում: Սա է լինելու մեր ծրագրերի բովանդակային ուղղվածությունը, և, բնականաբար, մենք ամեն ինչ պետք է անենք՝ այդ հարցում նրանց աջակցելու համար», – նշել է վարչապետը:
Կառավարության նիստում վարչապետն անդրադարձել է կորոնավիրուսային համավարակի հետ կապված ընթացիկ իրավիճակին և խոսքը փոխանցել առողջապահության նախարարին: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ներկայացնելով վիճակագրությունը, նշել է. «Այսօր 1785 նոր դեպք ունենք՝ նախորդ օրվա 1563-ի համեմատ, բայց թեստերի քանակն ավելի շատ է, քան նախորդ օրվանը: Այսինքն՝ հարաբերական կայուն վիճակ ունենք և մի փոքր բարելավված, եթե համեմատենք մոտ 3-4 շաբաթվա վաղեմության թվերի հետ: Հիվանդանոցային ֆոնդի ծանրաբեռնվածությունն արդեն ավելի տանելի է: Մենք երեկվանից չունենք քաղաքացիներ, որոնք գտնվում են ծանր վիճակում, և մենք չենք կարողանում տեղավորել: Այսինքն՝ բոլորին տեղավորում ենք և հույս ունենք, որ այս իրավիճակը առնվազն մոտակա մի քանի շաբաթներին կպահպանվի՝ իհարկե, մեր բոլորի, մեր ազգաբնակչության օգնությամբ, որովհետև կանոնների պահպանումը շատ կարևոր է:
Հիվանդանոցները շարունակում են աշխատել նույն ռեժիմով, դեռ փակելու մասին չենք մտածում: Մտածում ենք արդեն ձմեռային սեզոնին պատրաստ լինելու մասին, քանի որ հիմա էլ քննարկումներ են գնում համաշխարհային ակադեմիական շրջանակներում, որ, այո, հնարավոր է, նորից անկում, բայց կրկին աճ՝ 2-3 ամիս ինտերվալով, և ամեն դեպքում համակարգը մնում է միշտ պատրաստ՝ իր առջև դրված խնդիրը լուծելու համար»:
Աշխարհում կորոնավիրուսային իրավիճակի միտումների հետ կապված վարչապետը նշել է հետևյալը. «Այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ Covid-ի հետ կապված զարգացումներն աշխարհում ընթանում են մոտավորապես այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ մենք կանխատեսում էինք: Որովհետև վերջնարդյունքում, ըստ էության, եթե ոչ բոլոր երկրները, առնվազն երկրների մի շատ հատված, անկախ կարճ ժամանակաշրջանում եղած արդյունքից, գալու և մոտավորապես նույն արդյունքներն են ունենալու: Օրինակ, կար ժամանակ, երբ Հայաստանը 100.000 բնակչի թվով աշխարհում ամենաբարձր վարակելիության ցուցանիշն էր ցույց տալիս: Բայց հիմա երբ վիճակագրությունը նայում ենք, այս ցուցանիշը դառնում է փոխանցիկ: Այսինքն՝ ինչ-որ ժամանակ Հայաստանն է, ինչ-որ ժամանակ Վրաստանն է, ինչ-որ ժամանակ, ենթադրենք, Իտալիան է, ինչ-որ ժամանակ Բելգիան է, ինչ-որ ժամանակ Իսպանիան է, ինչ-որ ժամանակ Միացյալ Նահանագներն են, ինչ-որ ժամանակ Բրազիլիան է, նկատի ունեմ՝ աշխարհի 100.000 բնակչի թվով առաջատարը: Եվ, իհարկե, ես հույս ունեմ, որ մենք այդ առումով մեր պիկը հաղթահարել ենք, չնայած էլի անկանխատեսելի է, չի կարելի բացառել: Այսինքն՝ քանի դեռ բոլոր երկրները չեն հասցրել պատվաստանյութ ունենալ, այս ցուցանիշը փոխանցիկ դրոշի նման վերցնելու են և վերցրել են, և շատ քիչ երկրներ կան այսօրվա դրությամբ, որ այս ցուցանիշը դեռ չեն ունեցել: Ինչ-որ մի շաբաթ կամ ամիս իրենք եղել են աշխարհում 100.000 բնակչի թվով ամենաբարձր վարակելիություն ունեցող երկիրը: Սա այն ժամանակ մեր կանխատեսումն էր, որ այդպես էլ լինելու է, և, ցավոք, այդպես էլ պատահեց»:
Նիկոլ Փաշինյանը նախարարից հետաքրքրվել է պատվաստանյութի ձեռքբերման ուղղությամբ տարվող աշխատանքներից՝ նշելով, որ գործընթացը չի դադարեցվել, և արդեն կան որոշակի պայմանավորվածություններ: Ի պատասխան Արսեն Թորոսյանը վարչապետին տեղեկացրել է, որ աշխատանքներն ընթացքի մեջ են.«Այս պահի դրությամբ մինչև 10 թեկնածուի մասին է խոսքը, և դրանցից որը հաստատվի, մենք հնարավորություն կունենանք ձեռք բերելու, ինչպես իմ նշած բազմաթիվ երկրներ: Նախնական մենք պատվիրել ենք մեր բնակչության 10 տոկոսի չափով, այսինքն՝ 300.000 բնակչի հաշվարկով: Հավանական մատակարարման ամսաթիվը տատանվում է գարնան կեսերի շուրջ, ինչպես և ամբողջ աշխարհի համար: Խոսքը վերջնական հաստատված պրոդուկտի մասին է: Իսկ փորձնական պրոդուկտներ հիմա կան աշխարհում և օգտագործվում են տարբեր փորձարկումների ժամանակ՝ թե՛ Ռուսաստանի Դաշնությունում, թե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Եվրոպայում: Մենք նաև ուղիղ բանակցություններ ենք վարում, բայց ցանկանում եմ նշել, որ այդ բոլոր պրոդուկտները նաև կան իմ նշած միջազգային պլատֆորմի մեջ: Եվ եթե, օրինակ, ռուսական պատվաստանյութը վերջնական հաստատում ստանա ԱՀԿ-ի և այդ պլատֆորմի կողմից, մենք կարող ենք ընտրել նաև այդ պրոդուկտը, կամ ամերիկյան պրոդուկտը՝ որը կլինի ավելի արագ և ավելի էֆեկտիվ: Որոշելիքը մերն է լինելու: Մենք այդ որոշումների կայացման պրոցեսը տանում ենք փորձարկումներին և հաստատմանը զուգընթաց, աշխարհին համընթաց գնում ենք»:
Պարզաբանելով կորոնավիրուսի պատվաստանյութի 300.000 բնակչի համար չափաքանակի վերաբերյալ վարչապետի հարցադրումը՝ առողջապահության նախարարը զեկուցել է, որ դա շատ պահպանողական հաշվարկ է. հաշվի են առնված անորոշությունները, որովհետև պարզ չէ, թե պատվաստանյութի առկայության պահին դրա իրական պահանջարկն ինչքան է լինելու, օրինակ, ապրիլ ամսին: «Հաշվի առնելով մեր փորձը, այլ նմանատիպ հիվանդությունների դեմ պատվաստման, օրինակ՝ գրիպի դեպքում՝ մենք տարեկան ձեռք ենք բերում մոտ 180.000 քաղաքացու պատվաստանյութ և դժվարությամբ ենք հաճախ դա սպառում՝ իմանալով, այսպես ասած, մեր բնակչության պատվաստվելու ավանդույթները: Նման պահպանողական սցենար ենք ընտրել, բայց եթե բարեբախտաբար, և՛ կարիքը լինի, և՛ հաջողվի անել, հետագայում կավելացնենք նաև քանակները: Սա սկիզբն է», – նշել է Ա. Թորոսյանը: Միևնույն ժամանակ, նախարարի խոսքով, սկզբնական շրջանում հասանելիություն լինելու է կոնկրետ խմբերի համար՝ քրոնիկական հիվանդություններ ունեցող քաղաքացիների, տարեցների, փակ հաստատություններում ապրող անձանց, բուժաշխատողների, ինչն սկզբունք է ողջ աշխարհում:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
#Մամուլի_Ասուլիս #Artsakh
«Պատերազմում հաղթել է զինվորը»
—————————————–
➡Սպասելի՞ էր պատերազմի նման ելքը
➡Արդյո՞ք եռակողմ համաձայնագրով կարող ենք ասել, որ պատերազմն ավարտվել է
ℹԲանախոսներ՝
➡️ Արմեն Ներսիսյան – «Ազգային արժեք ակումբի» անդամ
➡️ Սևակ Խաչատրյան – «Ազգային արժեք ակումբի» անդամ
➡️ Կարեն Թիլբյան – «Ազգային արժեք ակումբի» անդամ
➡️ Աբրահամ Ավագյան – «Ազգային արժեք ակումբի» անդամ
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Ազգային ժողովում մեկնարկել է ռազմական դրությունը վերացնելու մասին ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնոությամբ հրավիրած արտահերթ նիստը, թեև երեկ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց Հայաստանում սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրությունը վերացնելու նախագծին։Նախագծին դեմ էին քվեարկել իշխանական բոլոր չորս պատգամավորները, կողմ էին ԼՀԿ-ի երկու և ԲՀԿ-ից նիստին ներկա մեկ պատգամավոր։Դեմ քվեարկող պատգամավորների հիմնավորումն այն էր, որ ռազմական դրությունը հայտարարվել է Զինված ուժերի առաջարկով, ուստի հենց Կառավարության և Զինված ուժերի գնահատականի հիման վրա էլ պետք է հանվի։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
1. Արդյո՞ք ձեզ համար սպասելի էր պատերազմի այսպիսի ավարտը
2. Ինչպե՞ս եք վերաբերվում, քաղաքական ուժերի կողմից հնչեցվող, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը։ Պատգամավորները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են արցախյան պատերազմի զոհերի հիշատակը։Նիստի օրակարգում Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին և «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I – Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցերն են։«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ այս իրավիճակում ճիշտ կլիներ արտահերթ նիստ գումարել և Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած համատեղ համաձայնագիրը քննարկել։ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Լենա Նազարյանն արձագանքել է՝ այդ հարցերը երեկ քննարկվել են, սակայն ընդդիմադիր պատգամավորները բացակայել են։ «Դա ո՛չ անգործություն էր, ո՛չ պատահականություն, այլ` դիրքորոշում», – ասել է Նազարյանը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Սիրելի հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում,
Աշխարհասփյուռ հայությունը ներկայումս ապրում է մեր ազգի հազարամյա պատմության ամենաշրջադարձային պահերից մեկը։
Այն նպատակները, որոնց ազգովի ձգտում էինք մայր հայրենիքի բաղձալի անկախացումից հետո, սասանված են։
Մենք պարտվեցինք մեզ պարտադրված պատերազմում՝ ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ դիվանագիտական և միջազգային հանրային հարթակներում։
Կրկին ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:
Մենք զավակներն ենք Ցեղասպանությունը վերապրած և հաղթահարած ժողովրդի:
Կարելի է պարտվել ճակատամարտը, բայց անթույլատրելի է պարտվել որպես ազգ:
Սեփական ձեռքերով վառած տունը և կորցրած հայրենիքը կարելի է վերականգնել միայն մի ձևով՝ վերագտնելով մեր հաղթանակը և կառուցելով այն պետությունը, որով բոլորս իրապես հպարտ կլինենք:
Եվ մենք դա վստահաբար կարող ենք անել՝ սթափ գնահատելով իրավիճակը, դասեր քաղելով թույլ տրված սխալներից և համախմբված լծվելով ազգային վերածնունդին։
Ինչպիսին էլ լինեն անցյալի վերաբերյալ մեր գնահատականների տարբերությունները, ակնհայտ է, որ հայտնվել ենք աննախադեպ խնդիրների առջև:
Արցախը ծանր վիրավոր է:
Ունենք ալեկոծված հասարակություն:
Վիրավոր տնտեսությունը ծանրաբեռնված է սոցիալական վիթխարի խնդիրներով:
Արցախից Հայաստան տեղափոխվածների մեծ հոսքի արդյունքում առկա է մարդասիրական աղետ:
Չափազանց բարդ է նաև համաճարակով պայմանավորված իրավիճակը:
Ի վերջո, խոցված է հայի ոգին՝ աշխարհի ցանկացած անկյունում։
Մեր երկիրն այսօր այլևս այն երկիրը չէ, որն ունեինք սեպտեմբերի 26-ին, և նույնիսկ այն չէ, ինչ ունեինք նոյեմբերի 8-ին:
Մենք չենք կարող անտեսել այս իրականությունը և շարունակել ապրել սովորական կյանքով։
Վերջին մի քանի օրերի ընթացքում, պահի հրամայականին համահունչ, քաղաքական խորհրդակցություններ և մի քանի տասնյակ հանդիպումներ եմ անցկացրել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական տարբեր կազմակերպությունների ու անհատների հետ: Հեռախոսազրույցներ եմ ունեցել Սփյուռքի տարբեր կառույցների և մեր հայրենակիցների հետ:
Հանդիպման մասնակիցների բացարձակ մեծամասնությունը համակարծիք են մեկ հարցում՝ Սահմանադրությանը համապատասխան վարչապետի հրաժարական կամ պաշտոնավարման դադարեցում և արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Ակնհայտ է, որ չնայած պատերազմի դադարեցմանը, Արցախի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը և ողջ հայ ժողովուրդը թևակոխում են նոր փորձությունների շրջան, որում յուրաքանչյուր սխալ կարող է աղետալի հետևանքներ ունենալ:
Ստեղծված իրավիճակում հայ ժողովրդի համար այլընտրանք չկա, քան լինել միասնական և համախմբված:
Այս օրերին մեզանից յուրաքանչյուրը, հատկապես քաղաքական գործիչները և պետական պաշտոնյաները պետք է դրսևորեն բարձր պատասխանատվություն և զսպվածություն՝ ջանքերը կենտրոնացնելով բացառապես ստեղծված ճգնաժամը հաղթահարելու ուղիներ փնտրելու վրա:
Այս իրավիճակում ուզում եմ դիմել իրավապահ մարմիններին:
Դուք այսօր շատ մեծ պատասխանատվություն ունեք՝ նախ և առաջ մեր երկրում ապահովելու կարգուկանոն, լինել ամուր, վճռական, բայց, միևնույն ժամանակ, յուրաքանչյուր անգամ, յուրաքանչյուր առիթով հիշելով, որ ձեր դիմաց ձեր քույրն է կամ եղբայրը:
Որևէ շեղում, օրենքի և օրինականության որևէ խախտում, անընդունելի և աններելի է: Կոչ եմ անում ձեզ՝ պահպանել ու պաշտպանել օրենքը և օրինականությունը:
Հանդիպումների և խորհրդակցությունների արդյունքում ձևավորված իմ դիտարկումները հետևյալն են՝
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և այն արժանապատվորեն հաղթահարելու հրամայականը, ականջալուր լինելով հանրային պահանջին, ակնհայտ է, որ երկիրը ցնցումներից զերծ պահելու համար ի վերջո անխուսափելի են լինելու Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները:
Այս համատեքստում, իմ կարծիքով, միակ պատասխանատու մոտեցումը կարող է լինել կառավարության և իշխող քաղաքական ուժի կողմից սեփական ներուժի օբյեկտիվ գնահատելը և սեղմ ժամկետում ճանապարհային քարտեզ ներկայացնելը, որով կնախատեսվեն համապատասխան սահմանադրական գործընթացների նախաձեռնման ժամկետները, որոնց արդյունքում հնարավոր կդառնա իրականացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, իսկ մինչ այդ կառավարումը կհանձնվի բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարությանը:
Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության ու աշխարհի տարբեր երկրներում բնակվող ողջ հայ ժողովրդի համար այս դժվարին օրերին ճգնաժամը հաղթահարելուն ուղղված իմ վերոնշյալ դիտարկումները բխում են բացառապես համապետական և համազգային շահերից:
Հուսով եմ, որ քաղաքական բոլոր ուժերը կգիտակցեն պահի պատասխանատվությունը և արժանապատվորեն կիրականացնեն պատմական առաքելության իրենց մասը։
Ուզում եմ հիշեցնել, որ այսօր Հայաստանին հետևում են բոլորը՝ թե՛ մեր բարեկամները, և՛ թե մեր թշնամիները:
Մենք ուրիշ պարտականություն չունենք, բացի մեր երկիրը հզորացնելը:
Մենք ուրիշ ճանապարհ չունենք, բացի ժողովրդին համախմբելը՝ տուրք չտալով հասարակության պառակտման վտանգ պարունակող որևէ խոսքի և քայլի:
Միայն միասնականությամբ մենք կկարողանանք պարտության բեռի տակ ճկված վիճակից ուղղել մեր մեջքը, և թե՛ մեզ, թե՛ ապագա սերունդներին ու համաշխարհային հանրությանը ներկայանալ որպես զավակներն այն ժողովրդի, որին հաղթելն անհնարին է:
Վստահ եմ, որ հայ ժողովուրդը պատվով և հաղթական դուրս կգա ստեղծված դժվարին իրավիճակից:
Աստված պահապան բոլորիս:
Տեսանյութ՝ https://www.facebook.com/Armpresident/videos/1249209962124551/?v=1249209962124551
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ազգային ժողով, որտեղ նիստ է տեղի ունենալու։ Նիստին կմասնակցեն նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Տեսանյութ՝ https://m.facebook.com/story.php?story_fbid=398226494638739&id=1378368079150250
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
🔴🎥
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
«Մենք անցնում ենք երկարատև շնչառության պատերազմի» Հայկ Սուքիասյան
🔴🎥
#ArtsakhStrong #StopAgression #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru