Yearly Archives:2020

Մեկնարկել է ԱԺ արտահերթ նստաշրջանը

Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նստաշրջանը:Ի թիվս այլ հարցերի Ազգային ժողովը քննարկում է նաև «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերն ու փաթեթները: Ազգային ժողովի օրակարգում է նաև ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու հարցը:Նախաձեռնությունն Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներինն է։ Որպես հիմնավորում, «Իմ քայլի» նախագծում նշված է, որ նման բառապաշարով հանդես եկող անձը չի կարող կատարել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները։ Իմքայլականները մասնավորապես մեջբերում են Նաիրա Զոհրաբյանի՝ օրերս ֆեյսբուքում կատարած հետևյալ գրառումը․ – «Ես ժեխին հայրենիք չեմ տալու։ Ժեխն իմ երկրում այլևս ոչինչ չի որոշելու: Ու եթե պետք լինի, այո, մինչև կրթական որոշակի ցենզի հասնելը, ժեխին պիտի զրկել որևէ կարգի որոշում կայացնելու և առաջին հերթին՝ ընտրելու իրավունքից: Ու բռնի ուժով տանել կրթելու: Սա այլևս տեսակի կռիվ է՝ ժողովրդի ու ժեխի կռիվ. Ո՞ր տեսակը կհաղթի՝ էնպիսի պետություն էլ կունենանք»։ Նաիրա Զոհրաբյանը չի ընդունում մեղադրանքներն՝ ընդդծելով՝ սա քաղաքական հետապնդում է անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Գյումրի

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Գյումրի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում նախագահ Սարգսյանը հանդիպել է թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ:Հանրապետության նախագահը և Շիրակի թեմի առաջնորդն անդրադարձել են պատերազմի ընթացքում մեր կրած ցավալի կորուստներին և երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակին՝ համակարծիք լինելով, որ, որպես ժողովուրդ և պետություն, մենք այլ ընտրություն չունենք, քան միասնական ուժերով ոտքի կանգնելը:Նշելով, որ իրավիճակը շարունակում է մնալ ծանր՝ զրուցակիցներն իրենց մտահոգությունն ու անհանգստությունն են հայտնել երկրի առջև ծառացած լրջագույն ու բազմաբնույթ մարտահրավերների ու խնդիրների առնչությամբ, անդրադարձել դրանց հաղթահարման ուղիներին:Նրանք հատկապես կարևորել են պետության սահմանների ու սահմանամերձ համայնքների անվտանգությունն ու պաշտպանությունը, գերիների, պատանդների վերադարձի և անհայտ կորածների հայտնաբերման հետ կապված խնդիրների լուծումը:Հանրապետության նախագահը Շիրակի թեմի առաջնորդի ուղեկցությամբ այցելել է Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի։Նախագահ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ:

Աղբյուր՝  https://www.president.am/hy/press-release/item/2020/12/25/President-Armen-Sarkissian-visited-Gyumri/

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Հայտարարվում է ՀՀ ԶՈՒ պահեստազորի բժիշկ-մասնագետների պարտադիր զինծառայության զորակոչ. ՀՀ կառավարության նիստը

Կառավարությունը հավանություն է տվել որոշման նախագծին, որով չեղարկվում են Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ և Արցախի քաղաքացիների կողմից սեպտեմբերի 27-ից մինչեւ դեկտեմբերի 27-ը Ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի օրենսդրության մի շարք հոդվածների խախտումների համար սահմանված վարչական տույժերը: Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը նշեց, որ առաջարկվում է 2 կարգավորում: «Առաջինը մի շարք խախտումների համար կիրառված վարչական տույժերի համաներման մասին օրենքի ընդունումն է, որի նախագիծն արդեն պատրաստ է: Երկրորդ կարգավորումն այն է, որ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում արդեն իսկ առկա հոդված 17-ով կարգավորվող ծայրահեղ անհրաժեշտությամբ պայմանավորված կիրառումն է: Դրա դրույթները կարող ենք կիրառել այս դեպքում: Այս երկու տարբերակներից որն էլ կիրառելի լինի, պատրաստ ենք դրա կատարմանը»,- ասել է նա: Կառավարությունը հավանություն է տվել նաև Քաղաքացիական օրենսգրքում և Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին օրենքում փոփոխությունների փաթեթին: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ փոփոխությունները հնարավորություն կտան մարտական գործողություններին մասնակցած մեր հայրենակիցներին հատուցում ստանալ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից: «Մասնավորապես, կարգավորել ենք հետևյալը. հիմա անհայտ բացակայող ճանաչելու համար պետք է, որ մեկ տարի անձի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չլինեն: Մենք բացառություն կամ հատուկ կարգավորում ենք սահմանում զինծառայողների համար ռազմական գործողություններով պայմանավորված ու այդ ժամկետը կրճատում ենք դարձնելով երեք ամիս: Այն տարածվելու է սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Սա նշանակում է, որ ընտանիքի անդամները կարող են դիմել դատարան անձին անհայտ բացակայող ճանաչելու համար, եւ դատական ակտը օրինական ուժի մեջ մտնելուց հետո դիմել հիմնադրամ անհայտ բացակայող ճանաչելու փաստի հիման վրա հատուցում ստանալու նպատակով»,- ասել է նախարարը: 2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 20-ը ներառյալ կհայտարարվի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի. որոշումն ընդունվեց կառավարության նիստում:Որոշմամբ կսահմանվի պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 70 բժիշկ-մասնագետ:Պահեստազորի սպայական կազմի զորակոչի շրջանակներում մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կզորացրվեն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված ժամկետում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթնօրյա ժամկետում կընդունի պահեստազորի սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի զորակոչի անցկացման և օրենքով սահմանված ժամկետում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելու մասին հրաման:Պահեստազորի սպայական կազմի զորակոչից խուսափող քաղաքացիների տվյալները կուղարկվեն Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` նրանց վերաբերյալ կազմված նյութերը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության համապատասխան կայազորային քննչական բաժիններ:Առաջարկվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին շարունակել պահեստազորի սպայական կազմի զորակոչից խուսափող քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru