Yearly Archives:2020

Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստ 10․12․2020

Ռազմական գործողություններին մասնակցած և մինչև  օրս փնտրվող  22 անապահով զինվորների ընտանիքները 50 հազարական դրամ գումար  կստանան. որոշումը կայացվել է Գյումրու ավագանու այսօրվա նիստում: Ավագանու միաձայն որոշմամբ՝  թվով 109 անձանց որպես դրամական օգնություն կհատկացվի՝  1 միլիոն 160 000 դրամի չափով: Թեև  Գյումրին ամանորյա զարդարանք չի ունենա, չի տեղադրվի գլխավոր տոնածառը, սակայն սոցիալապես  անապահով 5 հազար երեխաներ    այս տարի ևս կստանան ամանորյա պարկեր: Ավագանին միաձայն կողմ քվեարկեց նաև   «Ամանորյա տոների  կապակցությամբ դրամական օգնություն հատկացնելու մասին»   որոշմանը, ըստ որի՝  տոների առթիվ դրամական օգնություն կստանան Հայրենական Մեծ պատերազմի վետերանները, Արցախյան ազատամարտի ժամանակ զոհված ազատամարտիկների ընտանիքները, զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքները, Գյումրու զինկոմիսարիատում հաշվառված հաշմանդամ զինծառայողները, 1956թ հոկտեմբերին Հունգարիայի հեղաշրջման ճնշմանը մասնակից վետերանները: Նախատեսված գումարն, ըստ Գյումրու քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանի,  կազմում է ընդհանուր 10 մլն 95 հազար դրամ: Ավագանին կողմ է  քվեարկել  նաև  «Մհեր Մկրտչյանի թանգարան»-ին 350 հազար դրամ  նվիրատվություն հատկացնելու որոշման նախագծին:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Ազգային ժողովն ընդունեց 2021 թվականի պետական բյուջեի նախագիծը

Ազգային ժողովը շարունակում է քառօրյան։ 84 կողմ, 14 դեմ ձայներով խորհրդարանն ընդունել է  Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Երեկ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ԱԺ-ում ներկայացրեց բյուջեի նախագծի վերջնական տարբերակը։ Նա հատակպես այս իրավիճակում կենսական համարեց առաջիկա ժամանակահատվածի համար ծրագիր ունենալը։ «Պետական բյուջեն, ինչպես գործող օրենսդրությամբ, այնպես էլ իր բովանդակությամբ սահմանվում է որպես առաջիկա ժամանակահատվածի պետության ծրագիր, և միայն այդ պարագայում է, որ հնարավոր է հավակնություններ ունենալ՝ ներկայանալու ներդրողներին, որոնք կարող են որոշումներ կայացնել ներդրումներ կատարելու վերաբերյալ թե՛ պետական պարտքի մեջ և թե՛ մասնավոր հատվածի հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների մեջ»։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Կառավարությունը հաստատել է պատերազմից տուժած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու ևս 4 միջոցառում

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրը հաստատել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը: Սոցիալական աջակցությունը կտրամադրվի ամենամսյա դրամական օգնության ձևով՝ 300 000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 6 ամսվա համար՝ սկսած այս միջոցառումը հաստատելու ամսվանից։ Ամենամսյա դրամական օգնության տրամադրումը կիրականացվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցով՝ հիմք ընդունելով ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացված տվյալները։
«Աջակցությունը տրամադրվելու է այնքան ժամանակ մինչև նրանք կդառնան շահառու՝ համաձայն գործող օրենքի։ Աջակցությունը տրամադրվելու է բյուջեից՝ այս պահին 500 մլն դրամի չափով։ Այնուհետեւ՝ հիմնադրամի կողմից վճարումները կատարելուց հետո կատարված չափով նույնպես կփոխհատուցվի բյուջեից»,- նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեր օրենսդրության համաձայն նաև անետ կորած զինծառայողներն են համարվում հիմնադրամի շահառու: Բայց օրենսդրությունը բավականին երկար ընթացակարգեր է նախատեսել, որպեսզի այդ կարգավիճակը ստանան զինծառայողները: Դրա համար նախ մենք օրենսդրության մեջ փոփոխություն ենք մտցնում և կրճատում ենք այդ ժամկետը։ Այդ կարգավիճակը պետք է հաստատվի դատարանով։
Մինչև հիմա օրենսդրությամբ նախատեսված էր, որ դա պետք է տեղի ունենա մեկ և ավելի տարվա ընթացքում: Մենք ժամկետները կրճատելու ենք, որպեսզի այն ավելի արագ տեղի ունենա: Բայց ժամկետներն ինչքան էլ կրճատենք, այնուամենայնիվ, մի քանի ամիս այդ պրոցեսները տևելու են: Ըստ այդմ, որոշում ենք կայացրել բյուջեից գումար փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որպեսզի այս ընթացքում նման կարգավիճակ ունեցող կամ նման կարգավիճակի հավանականություն ունեցող անձանց ընտանիքներին ամսական 300.000 դրամ աջակցություն տրվի՝ մինչև իրենց կարգավիճակը կհստակեցվի: Եթե այս պրոցեսի արդյունքում կպարզվի, որ քաղաքացիները շահառու են, այսինքն պիտի ստանան օրենքով սահմանված աջակցությունը, բյուջեից վճարված գումարը կհաշվանցվի: Այսինքն՝ կնվազեցվի այդ գումարից, որն ի սկզբանե պետք է ստանային: Եթե կպարզվի, որ շահառու չեն, այս ընթացքում դա ուղղակի կլինի որպես աջակցություն: Եվ ուզում եմ ընդգծել, որ այս համատեքստում ներառվում են նաև գերեվարված անձանց ընտանիքները. այս որոշման իմաստով մենք որոշեցինք, որպեսզի նրանք նույնպես այս հնարավորությունից օգտվեն դարձյալ նույն սկզբունքներով»:

Սոցիալական աջակցություն կտրամադրվի պատերազմի հետևանքով բնակելի անշարժ գույքն ավերածությունների հետևանքով կորցրած քաղաքացիներին
Կառավարությունը հաստատել է «Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառումը: Մասնավորապես, նախատեսվում է Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ի դրությամբ հաշվառված և առնվազն 3 ամիս փաստացի բնակված քաղաքացիներին վճարել 250 000–ական դրամ, եթե նրանց հաշվառման վայրի հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը դարձել է բնակության համար ոչ պիտանի։ Անչափահաս երեխաներին միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է ծնողին, եթե ծնողը հանդիսանում է միջոցառման շահառու։

Մարտական գործողությունների մասնակիցների վերականգնողական բուժօգնությունը կիրականացվի պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով
Գործադիրը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝
ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության արդյունքում տուժած որոշակի խումբ անձանց սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Որոշմամբ առաջարկվում է Հայաստանի կամ Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացված ռազմական գործողությունների արդյունքում տուժած զինծառայողների և ոչ զորահավաքային զորակոչով պատերազմի մասնակիցների (կամավորներ), ինչպես նաև ՀՀ պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակիցների վերականգնողական բուժօգնությունը իրականացնել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով: Ըստ այդմ, նախատեսվում է «ՀՀ պետբյուջեի մասին» «Առողջապահություն» բաժնի «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակում դեպքերի թվի ավելացում շուրջ 4000-ով, որի համար կպահանջվի լրացուցիչ շուրջ 2,870 մլրդ ՀՀ դրամ:
Կարևորելով ընդունված որոշումը վարչապետը նշել է, որ հայրենիքի պաշտպանությանը մասնակցած անձանց վերականգնողական բուժման ծախսերը պետությունը վերցնում է իր վրա: «Ընդ որում այդ ծախսերը վերցնում է իր վրա՝ ծառայությունը չկապելով կոնկրետ բուժհաստատության հետ: Այսինքն՝ վերականգնողական բուժման կարիք ունեցող քաղաքացին ինքն է ընտրում բուժհաստատությունը, իսկ կառավարությունը կվճարի այդ բուժման համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ուսման վարձի փոխհատուցում՝ մարտական գործողությունների մասնակիցներին, ընտանիքի անդամներին
Գործադիրը հասատատել է պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսնու ուսման վարձի փոխհատուցման միջոցառումը: Որոշման նպատակն է ուսման վարձի փոխհատուցում տրամադրել ՀՀ-ում գործող միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական (կլինիկական օրդինատուրա) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում միջին մասնագիտական կրթական ծրագրի, բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և կլինիկական օրդինատուրայի սովորողներին: Սովորողներին տրվում է 2020-2021 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի 100 տոկոս փոխհատուցում:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով կառավարության այսօրվա նիստի ընդունած աջակցության միջոցառումների վերաբերյալ որոշումներին, նշել է, որ դրանք ևս վերաբերում են նոյեմբերի 18-ին իր հրապարակած ճանապարհային քարտեզին: «Մենք արդեն ունենք այդպիսի շուրջ մեկ տասնյակ որոշումներ, որոնք կապվում են ճանապարհային քարտեզի հետ: Այս որոշումներրի ընդունումը կշարունակվի, որովհետև արդեն նախագծեր կան շրջանառության մեջ, և ինչպես ասել ենք՝ հետևողականորեն առաջ ենք գնալու այս ճանապարհով»,-ընդգծել է կառավարության ղեկավարը:

Այլ որոշումներ
Գործադիրի որոշմամբ Գարիկ Սարգսյանը ազատվել է Արարատի մարզպետի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ էլ Ռազմիկ Թևոնյանը նշանակվել է Արարատի մարզպետ:
Կառավարությունը հաստատել է նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի պաշտոնում Եղիազար Վարդանյանի ընտրության արդյունքները:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով մասնավորապես առաջարկվում է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներից և տաքսիներից զատ, 1 տուգանային միավոր կիրառել նաև անձնական տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ընթացքի ժամանակ ծխելու համար: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 79 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայներ: Նախագիծն ԱԺ նիստում ներկայացնելիս ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը նշել էր, որ մասնավորապես նախատեսվում է համապատասխան հոդվածների սանկցիաներում լրացնել նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից այդ արարքը կատարելու համար պատասխանատվությունը վրա հասնելու պահանջ: Այսինքն՝ այն խախտումները, որոնց համար որպես վարչական տույժ նախատեսված է միայն վարելու իրավունքից զրկում, ապա վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելու դեպքում կսահմանվի տուգանքի ձևով վարչական պատասխանատվություն: Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներից և տաքսիներից զատ, 1 տուգանային միավոր կկիրառվի նաև անձնական տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ընթացքի ժամանակ ծխելու համար: Այսպիսով` սահմանվում է, որ վարորդի կողմից ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելը կառաջացնի տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով, եւ տուգանային միավորի կիրառում` 1 միավոր: Օրենսգրքում նախատեսվում է հստակ ամրագրել, որ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը տուգանային միավորը որպես վարչական տույժ կիրառվելու է միայն տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար:
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է նաև կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով հեշտացվում են ՔԿԱԳ ծառայություններից օգտվելու կարգը, որոշ ծառայություններ այսուհետ կմատուցվեն էլեկտրոնային եղանակով, վարչարարությունը կկրճատվի: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 80 կողմ, 2 ձեռնպահ ձայներ:Նախագծերով սահմանվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների նոր համակարգ: Նախատեսվում է Էլետրոնային դիմումների ներկայացման հնարավորություն. ՔԿԱԳ ծառայությունների մատուցումն իրականացնել նաև օնլայն հարթակի միջոցով: Այս տարի ներդրվել է այդ ոլորտում առաջին էլեկտրոնային ծառայությունը՝ ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում:Գրեթե բոլոր գործընթացներում կնվազի վարչարարությունը: Կրճատվել է ամուսնության գրանցումների ժամկետը: Ներկայումս գրանցումը կատարվում է դիմում ներկայացնելուց հետո 10 օրից մինչև 3 ամիս ժամկետում, սահմանվել է՝ դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից մինչև 6 ամիս՝ անձի նախընտրությամբ օր: Կրճատվել են անվան փոխման գրանցման ժամկետները՝ մինչև 5 ամսից դարձվել է 15 օր: Հանվել են անվան փոխման համար կառավարության որոշմամբ սահմանված հիմքերը՝ հարգելի դեպքեր, օրինակ բարեհունչ անուն ընտրելը, դժվար արտասանելիություն կամ ՔԿԱԳ պետի որոշմամբ այլ դեպքեր: Ուղղագրական սխալների փոփոխման համար սահմանվել է կրճատ ժամկետ՝ մինչև 3 օր: Ընդ որում, առանձին տառերի, թվերի ուղղագրական սխալների փոփոխության համար պետական տուրքը հանվել է, ինչի արդյունքում քաղաքացիները ստիպված չեն լինի ժամանակ ու գումար ծախսել վրիպակների շտկման համար: Հանվել են պետական տուրքերը՝ ամուսնության համար: Առաջին ընթերցմամբ ընդունվել է նաև «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը. այն ընդունվել է միաձայն` 78 «կողմ» ձայնով:Կառավարության ներկայացրած նախագծով առաջարկվում է ՀՀ քաղաքացիներին հին նմուշի՝ ոչ կենսաչափական անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել` 2021 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը: Փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով:
Ավտոմոբիլային ճանապարհների վրա տեղադրված գովազդային վահանակների վրա տեղադրված սոցիալական գովազդը կազատել հարկումից, իսկ դատարկ վահանակների և գովազդակիր ընկերության սեփական գովազդի մասով ճանապարհային հարկի դրույքաչափերը կհամապատասխանեցվեն համայնքներում տեղադրվող գովազդի համար վճարվող տեղական տուրքի դրույքաչափերին: ՀՀ կառավարության ու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ-ում ընդունվել է 79 «կողմ» և 2 «ձեռնպահ» ձայնով:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru