ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության, Շիրակի մարզային վարչության և Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲ ընկերության մանկաբուժական բաժանմունքում 2020 թվականին պետպատվերի շրջանակներում բուժօգնություն տրամադրելու պատրվակով տարբեր երեխաների ձևական գրանցել են հիվանդանոցում և խաբեությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումարներ: Այս մասին հայտնում է Դատախազության հանրային կապերի վարչությունը: Նյութերի նախապատրաստման ընթացքում ստացվել են «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲ ընկերությունում 2020 թվականի ընթացքում բուժումներ ստացած շահառուների վերաբերյալ տվյալները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգում առկա հիվանդների վերաբերյալ տվյալները։ Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, կեղծել են պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հիվանդության պատմագրերը, որոնք վճարման են ներկայացվել Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ, որպիսի պայմաններում ՀՀ-ից՝ ի դեմս ՀՀ առողջապահության նախարարության, խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 7.973.400 (յոթ միլիոն ինը հարյուր յոթանասուներեք հազար չորս հարյուր) ՀՀ դրամ գումար։ Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցել է քրեական գործ:
Աղբյուր՝ https://www.prosecutor.am/am/mn/8127/
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
#ԱԺ #Ընտրություններ #Ընտրականօրենսգիրք
Հունիսի 20-ին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Շրջանառության մեջ դրված նոր Ընտրական օրենսգրքի ընդունման դեպքում քաղաքական ուժերը նոր խաղի կանոններով կմասնակցեն ընտրական գործընթացին։ Արտահերթ ընտրությունների գնալու ենք գործո՞ղ, թե՞ նոր Ընտրական օրենսգրքով։ Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ խորհրդարանական մեծամասնությունը որոշում է կայացրել գնալ ԸՕ-ի պարզ փոփոխությունների և ընտրություններն իրականացնել համամասնական ընտրակարգով , խորհրդարանական ընդդիմությունը հարցը թողել է խորհրդարանական մեծամասնության հայեցողությանը:
Ուղիղ հեռարձակում
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխող խմբակցության նախաձեռնությամբ խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է գումարել : Այդ մասին հայտնում է Ազգային ժողովի պաշտոնական կայքէջը: Խորհրդարանը 83 կողմ ձայնով եւ առաջին ընթերցմամբ ընդունել է ԱԺ պատգամավորներ Արման Բաբաջանյանի, Սերգեյ Բագրատյանի, Վահագն Հովակիմյանի, Համազասպ Դանիելյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Կյանքի 82-րդ տարում այսօր մահացել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ լեգենդար Կոմանդոսը: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին Էրեբունի բժշկական կենտրոնից: Վերջին օրերին նրա առողջական վիճակը վատացել էր, և տեղափոխվել էր հիվանդանոց։ Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին, վրացական ԽՍՀ-ի մայրաքաղաք Թբիլիսիում։ Նա Խորհրդային բանակի կազմում ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում։ 1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։ 1992 թվականի մայիսին 8-ի լույս 9-ի գիշերը հայկական ուժերը՝ Արկադի Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ, ազատագրել են բերդաքաղաք Շուշին։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Մենք, քաղաքացիական հասարակության ներքոնշյալ ներկայացուցիչներս, խիստ մտահոգված ենք Հայաստանյան քաղաքական դաշտում տիրող ատելության խոսքի և բռնության կոչերի կապակցությամբ, որոնք աճի միտում ունեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Թե՛ իշխանական և թե՛ ընդդիմադիր շրջանակների խնդրահարույց և վտանգավոր ելույթները թունավորում են հանրային դաշտը՝ երկրորդ պլան մղելով պետական և հասարակական նշանակություն ունեցող առաջնային խնդիրների քննարկումը։ Քաղաքական հակառակորդների և նրանց աջակիցների նկատմամբ վիրավորական պիտակների և հայհոյանքների կիրառումը, դավադրապաշտական տեսությունների, կեղծիքի և ապատեղեկատվության տարածումը, վախի և փոխադարձ ատելության մթնոլորտի սերմանումը ուղղակիորեն անհամատեղելի են ժողովրդավարության և արդար ընտրությունների անցկացման սկզբունքներին։ Հանրային հարցումները ցույց են տալիս, որ հանրությունը հոգնել է քաղաքական շրջանակների նման անպատասխանատու պահվածքից և ակնկալում է բովանդակային և կոնկրետ քայլեր ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար։ Քաղաքացիներն արժանի են բազմակարծության և կարծիքի հարգանքի հիման վրա քաղաքակիրթ նախընտրական քարոզարշավ ունենալ, որը նրանց հնարավորություն կտա ընտրություն կատարել՝ ճշգրիտ պատկերացում ունենալով համակարգային ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ քաղաքական ուժերի կողմից ստեղծված առաջարկվող լուծումների և նրանց կարողությունների մասին։ Հորդորում ենք իշխանական և ընդդիմադիր քաղաքական շրջանակներին զերծ մնալ ժողովրդավարական սկզբունքները և մարդու իրավունքների արժեքները խեղաթյուրող վարքագծից և գործելակերպից, գործադրել անհրաժեշտ քաղաքական կամք և ջանքեր ազատ և արդար ընտրությունների իրականացման համար, լեգիտիմ իշխանություն ձևավորելու և քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ կարևոր քայլ կատարելու համար։ Հայտարարությունը բաց է միանալու համար։ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն Իրազեկ քաղաքացիների միավորում Հանուն հավասար իրավունքների ՀԿ Փինք իրավապաշտպան ՀԿ Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ Հանրային լրագրության ակումբ «Սինեմարթ» Երիտասարդական ՀԿ Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ Ուղղակի ժողովրդավարություն ՀԿ Կանանց իրավունքների տուն Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն ՀԿ «Ազդեցիկ քաղաքացի» ՀԿ «Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան ՀԿ Սպիտակի ՛՛ՇՈՂԵՐ՛՛ Կենտրոն Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների իրավապաշտպան ՀԿ «Աջակցություն կանանց և երեխաներին» ՀԿ «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ Գյումրու «Առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ:
Աղբյուր՝ https://cutt.ly/RceNePb
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Վարչապետի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Մեր այն սպասումը և կանխատեսումը, թե նոր տիպի կորոնավիրուսի համավարակն առնվազն մեկ տարի տևելու է, ըստ էության արդարացան և արդարանում են, և հիմա ամբողջ աշխարհում կորոնավիրուսը շարունակում է տարածվել: Նոր հանգամանքը, որ ի հայտ է եկել, պատվաստանյութերի կիրառումն է, և մենք այսօր կքննարկենք այս պահին կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում և մեր անելիքները, մասնավորապես՝ պատվաստման քաղաքականությունը, պատվաստանյութերի ձեռքբերման առումով մեր պայմանավորվածությունները, հետագա քայլերը»: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանում համաճարակային իրավիճակը՝ նշելով, որ այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 190741 դեպք, որից 172096-ը՝ առողջացած, 3476-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14287 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 842817 թեստավորում: Վիճակագրական տվյալներ են ներկայացվել վարակի վերարտադրողության ցուցանիշի, դեպքայնության աճի, մահճակալային ֆոնդի զբաղվածության և առկա հիվանդանոցային կարողությունների վերաբերյալ: Նախարարը նշել է, որ նշված ցուցանիշների վերջին 7 օրվա համեմատականը մտահոգիչ է, Հայաստանում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ և վերահսկողական միջոցառումները չխստացնելու պարագայում կվատթարանա: Ա. Ավանեսյանն անդրադարձել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման գործընթացին, որի շրջանակում երեկ՝ մարտի 28-ին, Հայաստան է ներկրվել պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ: Այն նախատեսված է ռիսկային խմբերի շրջանում, կամավորության սկզբունքով, կորոնավիրուսի դեմ պատվաստելու համար: Ներկրված պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած չափանիշներին: Զեկուցվել է նաև Covid-19 դեմ պատվաստանյութի հաջորդ խմբաքանակների ձեռքբերման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Նիստում քննարկվել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ առաջնահերթ անելիքները: Վարչապետն առաջարկել է աշխատանքները կազմակերպել հետևյալ ուղղություններով՝ պատվաստման շարունակական գործընթաց, դիմակների կրման մակարդակի բարձրացում, վերահսկողական միջոցառումների խստացում և հիվանդանոցային ներուժի ավելացում: Այս կապակցությամբ քննարկվել են մի շարք առաջարկներ, այդ թվում՝ պատվաստանյութերի այլ տեսակների ձեռքբերման առնչությամբ: Արծարծվել են հանրակրթական ուսումնական հաստատություններում կանխարգելիչ միջոցառումներին վերաբերող հարցեր: Ընդգծվել է, որ պետք է աշխատանքներն իրականացնել կորոնավիրուսի նախորդ ճգնաժամային շրջաններում կիրառած սկզբունքների և փորձի հիման վրա: Վարչապետը հանձնարարել է ակտիվացնել տեսչական ստուգումները, հատկապես փակ տարածքներում և հանրային տրանսպորտում, շարունակել հանրային լայն իրազեկումը դիմակի կրման մշակույթը տարածելու ուղղությամբ և կենտրոնանալ պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերման աշխատանքների վրա:
Աղբյուր՝ https://www.primeminister.am/hy/press-release/item/2021/03/29/Nikol-Pashinyan-meeting/
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru