«Մարտի 1-ին, ժամը 18.30-ին Երևանի Հանրապետության հրապարակում հավաքվում ենք հանուն ժողովրդի իշխանության և օրինականության»: Անսալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեին արած այս կոչին, արդեն 2-րդ անգամ Գյումրու Վարդանանց հրապարակում էին հավաքվել մարդիկ, ովքեր վստահ էին, որ , ինչպես իրենք են նշում,ևս մեկ անգամ մերժելու են նախկին ռեժիմի գործիքներին և կանխելու նրանց վերադարձի փորձերը:
Գյումրիից մայրաքաղաք մեկնողներին առաջնորդում էր ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը: Ըստ նրա այստեղ են հավաքվել մարդիկ, ովքեր չեն ուզում նախկինների վերադարձը:
Իսկ ինչպես է վերաբերվում շիրակցի պատգամավորը «Լուսավոր Հայաստան կուսակցության» կողմից առաջարկված, ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծման տարբերակին, որով վերջինս առաջարկում է հուշագիր ստորագրել և վարչապետի հրաժարականի պարագայում գնալ խորհրդարանական ընտրությունների:
Անդրադառնալով Նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը առարկություններով վերադարձնելու հարցին, Կարեն Սարուխանյանը, ևս իր գործընկերոջ, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանի պես համոզված է , որ առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար:
Երկրում ստեղծված իրավիճակի կարգավորմանն այսօրվա հանրահավաքը բեկումնային ընթացք է ապահովելու, վստահեցնում էին Գյումրիից մայրաքաղաք մեկնողները և համոզված, որ խորհրդանշական այս օրը կավարտվի առանց լուրջ բախումների։
Կարճ դադարից հետո, Գյումրու Վարդանանց հրապարակից գյումրեցիներն ավտոերթով շարժվեցին Երևան` Հանրապետության հրապարակ` մասնակցելու Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին և երթին։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Այսօր լրանում է մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 13-րդ տարին։ 2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: 2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 13 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները ցայսօր պարզված չեն: Նշենք, որ ամեն տարի այս օրը Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթ է անցկացվում Երևանում։ Նախորդ տարի, սակայն, երթը չեղարկվեց՝ կապված Հայաստանում գրանցված կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքի հետ: Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի վարչապետը հրավիրել է է հանրահավաքի և երթի: «Երկուշաբթի օրը, մարտի 1-ին, ժամը 18.30-ին բոլորիդ հրավիրում եմ Երևանի Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի և երթի», – ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումը» ևս, այսօր ժամը հանրահավաք է հրավիրել՝ Բաղրամյան պողոտայում, Ազգային ժողովի շենքի դիմաց:
Աղբյուր՝ https://progressgyumri.am/
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
2021թ.-ի հունվարին Գյումրիում արձանագրվել է անչափահասների կողմից կամ մասնակցությամբ հանցագործության կատարման երկու դեպք: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը. «Մասնավորապես, ըստ դրանց առթիվ նախպատրաստված նյութերի՝ մի դեպքում Գյումրու Խաղաղության օղակի այգում 15-16 տարեկան մի խումբ դեռահասների միջև ծագած վիճաբանության և փոխադարձ հայհոյանքներ հնչեցրելու արդյունքում 4 դեռահասներ ձեռքերով հարվածներ են հասցրել իրենց տարեկցի մարմնի տարբեր մասերին, նրա գլխին հարվածել փայտով, ինչի հետևանքով դեռահասի առողջությանը հասցվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով: Մյուս դեպքում, որը տեղի է ունեցել «Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ-ում, 9-րդ դասարանի երկու աշակերտի միջև բջջային հեռախոսից օգտվելու հարցի շուրջ ճագած վիճաբանության ընթացքում նրանցից մեկը մյուսի դեմքին՝ աջ աչքի շրջանում, հարվածել է բռունցքով, ինչի հետևանքով տուժած անձը ստացել է գլխուղեղի ցնցում, նրա առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով: Հաշվի առնելով, որ իրենց տարեկիցներին ծեծի ենթարկած դեռահասները խոստովանել են արարքը, զղջացել, խնդրել իրենց չենթարկել պատասխանատվության, որոշումներ են կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ առաջին դեպքում հանցակազմի բացակայության և անձանց արարքը կատարելու պահին քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքով նախատեսված տարիքին հասած չլինելու հիմքերով, իսկ երկրորդի դեպքում՝ դիմողի բողոքի բացակայության հիմքով: Շիրակի մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2020թ.-ին մարզի տարածքում փաստացի արձանագրվել է 19 անչափահասի կողմից կատարված հանցագործության 24 դեպք։ 2019թ.-ի համեմատ հանցագործություն կատարած անչափահաս անձանց թիվը նվազել է 2-ով, սակայն դեպքերի քանակն ավելացել է 8-ով: Ընդ որում, 2020թ.-ի ընթացքում հանցագործություն կատարած անչափահասներից 1-ը, ով 2 անգամ կատարել է հափշտակություններ, հանցանքները կատարելու պահին գտնվել է հաշվառման մեջ: Մտահոգիչ է հատկապես այն հանգամանքը, որ 2020թ.-ին արձանագրվել էր անչափահասի կողմից կատարված առանձնապես ծանր հանցագործություն՝ սպանություն: Այս քրեական գործով կալանավորվել է 17 ամյա անչափահաս, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Նշված դեպքն առանձնանում է նրանով, որ դրա առաջացմանն էականորեն նպաստել էր ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարված լինելու պայմաններում 2 գյուղերի ֆուտբոլային թիմերի միջև խաղի կազմակերպումը և անցկացումը, որը դուրս է մնացել ոստիկանության համապատասխան աշխատակիցների վերահսկողությունից: Չնայած անչափահասների կողմից հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ կիրառվել են ներգործության միջոցներ, այդ թվում նաև՝ դատախազական, սակայն հատկապես 2020թ.-ին արձանագրված վիճակի խորապատկերին 2021թ.-ի հունվարին անչափահասների կողմից կատարված հանցագործության միանգամից 2 դեպքերը փաստում են, որ նրանց շրջանում հանցագործությունների նախականխման, խափանման ուղղությամբ ձեռնարկված միջոցները չեն տվել ցանկալի արդյունքները: Ելնելով պետական և հասարակական մարմինների հետ այդ ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու, առանց հսկողության թողնված անչափահասների, ինչպես նաև հաշվառման մեջ գտնվող անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները կանխելու անհրաժեշտությունից, հաշվի առնելով, որ հանցավոր դեպք է արձանագրվել նաև ուսումնական հաստատության տարածքում՝ ըստ էության, դաստիարակչական գծով աշխատանքներ իրականացնող մանկավարժների հսկողությունից դուրս մնալու հետևանքով՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը միջնորդագրեր է հասցեագրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին և ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին: Միջնորդագրերով բարձրացվել է ՀՀ ոստիկանության մարզային վարչության բաժիններում անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի աշխատակիցների կողմից տարվող կանխարգելիչ աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնելու, իրենց աշխատանքում թերացած պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված թերացումները մանրամասն վեր հանելու և գնահատաելու խնդիրը: Նախարարին ուղղված միջնորդագրով անհրաժեշտ է համարվել «Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ-ում նմանատիպ դեպքերը բացառելու, անչափահասներին ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելուց զերծ պահելու, դպրոցների տնօրինության և ոստիկանության տարածքային ստորաբաժանման անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման խմբի աշխատակիցների միջև աշխատանքային գործուն կապերի ապահովումը և համատեղ միջոցառումների իրականցումը: Մարզի դատախազությունն արդեն իսկ պլանավորել է ընթացիկ տարում ուսումնական և այլ սոցիալական հաստատություններ այցելությունների, հանդիպումների միջոցով առավել ինտենսիվ դարձնել անչափահասների հետ պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Աղբյուր՝ https://www.prosecutor.am/am/mn/8105/
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է, որ Հայաստանի զինված ուժերը լիարժեք և պատասխանատվությամբ կատարում են երկրի անվտանգության ապահովման իրենց գործառույթները և, անկախ քաղաքական գործընթացներից, շարունակում են իրենց ծառայությունը հանուն պետության եւ ժողովրդի անվտանգության ապահովման։ Պահանջում ենք զերծ մնալ զինված ուժերի անունից հայտարարություններ անելուց, բանակը չներքաշել քաղաքական պրոցեսների մեջ, երկրի անվտանգությունը չստորադասել սեփական քաղաքական շահերին։ Սիրելի հայրենակիցներ, պաշտպանության նախարարությունը, զինված ուժերը դուրս են քաղաքականությունից եւ հետեւողականորեն շարունակելու են բարեփոխումների իրականացմանն ու պաշտպանության բնագավառի արդիականացմանն ուղղված քայլերը։
Աղբյուր՝ https://www.mil.am/hy/news/8987
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Աշխատանքային այցով այսօր Շիրակի մարզում էր ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան: Դեսպանի առաջին կանգառը Շիրակի մարզպետարանում էր:
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյան ողջունեց հյուրին՝ նշելով, որ տեղյակ է դեսպանության կողմից մարզում իրականացվող ծրագրերի մասին ու կարևորում է դրանք․ «Ողջունում եմ Շիրակի մարզի լավ բարեկամին, պարոն Յամադա, ուրախ ենք ձեզ Շիրակում հյուրընկալելու։ Մեզ համար կարևոր է համագործակցությունն ու երկու բարեկամ երկրների միջև հաստատված կապերի ամրապնդումը։ Ինձ համար ուրախալի է, որ ձեր կողմից Շիրակի մարզում մի շարք ծրագրեր են իրականացվում, մասնավորապես, սոցիալական, էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունների մասին է խոսքս։ Մենք միանշանակ պատրաստակամություն ենք հայտնում համագործակցելու և ամեն ինչ կանենք հնարավորությունների սահմաններում աջակցելու, նոր ձեռնարկներ կյանքի կոչելու համար»։ Կողմերնն այնուհետ մտքեր փոխանակեցին նոր ծրագրերի իրականացման, զբոսաշրջության, սոցիալական ու մշակութային կապերի ամրապնդմանը միտված ձեռնարկների իրականացման առնչությամբ։
Դեսպանին այոնւհետ ընդունեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Խոսվեց վերջին տարիներին Գյումրիում իրականացված և այս պահին ընթացքի մեջ գտնվող ծրագրերի, զբոսաշրջության ոլորտում ունեցած ակտիվության, այս ոլորտի վրա համավարակի ունեցած բացասական ազդեցության և մի շարք այլ հարցերի մասին:
Ջուն Յամադան եղավ նաև Գյումրու պատմության թանգարանում:
Դեսպանին նաև սպասում էին Հայկական Կարիտասի Գյումրու մասնաճյուղի տարեցների ցերեկային խնամքի կենտրոնում: Այստեղ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան մասնակցեց «Գյումրիի եւ Տաշիրի տարեցների ցերեկային խնամքի կենտրոնների վերանորոգման աշխատանքներ» ծրագրի պաշտոնական փակման արարողությունը:
Եւս մեկ կարևոր ծրագիր էլ դեսպանի մասնակցությամբ փակվեց Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում: Կենտրոնի տնօրեն Կարինե Գյադուկյանը նշեց, որ «Մասնագիտական ուսուցումներ Շիրակի մարզի գործազուրկների համար» ծրագիրը, որն իրականացվել է 2019-2020թթ՝ Ճապոնիայի կառավարության և դեսպանության միջոցով, խիստ կարևոր ներդրում է Ճապոնիայի կառավարության և դեսպանության կողմից: Ծրագրի նպատակն է եղել նպաստել Շիրակի մարզի և Գյումրու առավել խոցելի ընտանիքների գործազուրկ կանանց և տղամարդկանց հնարավորությունների և ներուժի զարգացմանը՝ մասնագիտական և արհեստագործական դասընթացների անցկացման և զբաղվածության ապահովման միջոցով:
26.923 ԱՄՆ դոլար արժողությամբ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում վերանորոգվել է, ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներով կահավորվել են կենտրոնի դիմահարդարման, վարսահարդարման, մատնահարդարման, թխվածքների պատրաստման և ձևավորման, խոհարարության դասընթացների համար նախատեսված տարածքները:
Ջուն Յամադան նշեց, որ Ճապոնիան բարձր է գնահատում ենթակառուցվածքների բարելավումը տնտեսական աճի և զարգացման համար: Այս օժանդակությունն իրենց շարունակական քայլերից մեկն է առաջնային մակարդակում աշխարհը զարգացման ավելի կայուն ուղու վրա դնելու համար: Ըստ դեսպանի, ցանկացած երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացի գրավականը հենց մասնագիտական կրթությունն է: Այցի ավարտին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու դեսպանը հայ-ճապոնական բարեկամությունը խորհրդանշող տորթ կտրեցին:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։ «Կողմերը քննարկել են խորհրդարանի եւ նախագահի դերը առկա ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման գործում»,- ասված է հաղորդագրությունում:Նշենք, որ երեկ ԳՇ-ի հայտարարությունից հետո Արմեն Սարգսյանը հանդիպում է սկսել Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:
Աղբյուր՝
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
ՀՀ քաղհասարակության մի խումբ ներկայացուցիչներ հայտարարություն են տարածել, որում ասվում է. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի՝ 2021 թվականի փետրվարի 25-ի՝ ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող հայտարարությունը գնահատում ենք որպես հակասահմանադրական, ներքաղաղաքական հարցերում զինված ուժերի չմիջամտելու սկզբունքի եւ սահմանադրական նորմի խախտում, ինչը իրական եւ ծանր սպառնալիքներ է առաջացնում Հայաստանի համար: Այդ հայտարարությունը ավելի է բարդացնում երկրի ծանր դրությունը: Կոչ ենք անում բոլորին, այդ թվում՝ զինվորական ղեկավարությունը՝ հարգել ՀՀ Սահմանադրությունը, բանակն ու զինված ուժերը զերծ պահել ներքաղաքական գործընթացներից եւ չմիջամտել քաղաքական զարգացումներին: Վերագնահատելով ստեղծված դրությունը՝ կոչ ենք անում ՀՀ իշխանություններին՝ լինել շրջահայաց եւ պատասխանատու, անհապաղ սկսել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների գործընթաց եւ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ ապահովելու ժողովրդի ազատ եւ արդար կամարտահայտումը: Կարեւորելով խորհրդարանական պետության համակարգը՝ խորհրդարանական ուժերից պահանջում ենք հրավիրել ԱԺ հրատապ նիստ՝ քննարկելու ստեղծված դրությունը, Գլխավոր շտաբի հայտարարությանը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար անհրաժեշտ միջոցառումները, եւ հայտարարարել արտահերթ ընտրությունների անցկացման ժամանակացույցը: ՀՀ վարչապետից պահանջում ենք զուսպ, հավասարակշռված եւ պատասխանատու լինել հրապարակային խոսքում եւ գործողություններում։ Քաղաքական ուժերին կոչ ենք անում քաղաքական զսպվածության․ բացառել տեւական ժամանակ շարունակվող բռնության գործադրման, քաղաքական կյանքում բռնությունը եւ անօրինականությունը որպես մեթոդ կիրառելու տրամադրությունների տարածումը եւ հայտարարությունները: Այդ մեթոդաբանությունը իսպառ մերժելի եւ դատապարտելի է: Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կոչ ենք անում լինել զգոն, պատրաստ լինել պաշտպանելու ժողովրդավարական սկզբունքները և սեփական ազատությունները: Լեւոն Բարսեղյան Արթուր Սաքունց Ստեփան Գրիգորյան Սոնա Այվազյան Դանիել Իոաննիսյան Գենյա Պետրոսյան
Աղբյուր՝
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru