«Հավերժ փառք մեր բոլոր նահատակված հերոսներին» հեշթեգով Գյումրիում երթ է անցկացվել՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհված հերոսների: Միասնության երթը մեկնարկել է Շիրակի պետական համալսարանի մոտից, անցել Պարույր Սևակ, Մովսես Խորենացի, Վազգեն Սարգսյան, Գարեգին Նժդեհ փողոցներով: Երթի մասնակիցների խոսքով՝ դա տուրք է պատերազմում ընկածներին ու նրանց հարազատներին։ Պատերազմում միայն Շիրակի մայր բուհից 33 ուսանող ու շրջանավարտ է զոհվել: Շիրակի պետական համալսարանի Նոր Ուսանողական խորհրդի, «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու Հայորդյաց տան նախաձեռնությամբ իրականացված երթն ավարտվել է Հայորդաց տանը: Կառույցի երգչախմբի կատարմամբ կայացել է համերգ. հնչել է հոգևոր և հայրենասիրական երաժշտություն, ինչին հաջորդել է միասնության պար՝ «Հայկական զարդանախշեր» պարային համույթի կատարմամբ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ վաղը՝ փետրվարի 16-ին՝ ժամը 12։00-13։00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Երազգավորս համայնքում իրականացվելու է բնակչության ազդարարման, տարահանման և պատսպարման միջոցառում, գործարկվելու է էլեկտրաշչակը։ ԱԻՆ-ից հայցում են բնակչության ներողամտությունը՝ հորդորելով չանհանգստանալ:
Աղբյուր՝ http://mes.am/hy/news/item/2021/02/15/1157/
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Խորհրդարանական մեծամասնությունը պնդում է` Սյունիքի վիճելի համարվող տարածքների վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել, ընդդիմությունը համոզված է՝ փաստերն այլ բանի մասին են խոսում: Այսօր` փետրվարի 12-ի խորհրդարանական ճեպազրույցներին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ու Հայկ Գևորգյանը պնդել են` որևէ գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել, որը վերաբերում է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածին: Ընդդիմադիր որոշ գործիչներ փաստաթղթեր են հրապարակել, որում անդրադարձ կա հատվածին, այս մասին Գաբրիելյանն ասում է` դրանք մտացածին են: Ցանկացածը կարող է նման փաստաթուղթ սարքել և հրապարակել, այնտեղ չկա որևէ ստորագրություն: «Ի՞նչ է այդ փաստաթուղթը. Ա-4 ֆորմատի վրա համակարգչով հավաքած տեքստ է, որի մեջ ինչ ասես գրում են ու տարածում որպես 100%-անոց ճշմարտություն: Թղթեր են պարզապես, որը համակարգչից յուրաքանչյուր օգտվող կարող է սարքել»,- ասել է Գաբրիելյանը` հիշեցնելով, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին վստահեցրել է` չկա որևէ այլ փաստաթուղթ, որի մասին հանրությունը տեղյակ չէ:Գաբրիելյանը չի հերքել` վերջին իրադարձությունների պատճառով սյունեցիները անհանգստանալու առիթ ունեն, 25-30 տարի այլ վիճակ էր, հիմա` այլ, և կարող է իր մոտ անհանգստություն առաջացնել: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն իշխանությունից պահանջում է հոդաբաշխ բացատրություն տալ, թե ինչի մասին է խոսքը:«Այն փաստաթուղթը, որը հրապարակվել է, միայն տեքստն է, չկա ստորագրություն հայկական կողմից, չգիտենք ինչ ուժ ունեցող փաստաթուղթ է»,- ասել է նա: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով` հիմնավոր կասկած ունեն, որ այդ փաստաթուղթը բանավոր պայմանավորվածությամբ իրականացվածի տեքստն է, միգուցե` չստորագրված: Մարուքյանը հիշեցրեց, որ սոցիալական ցանցերում արդեն մի քանի օր է՝ տարածվում է այդ տեքստը, սակայն իշխանությունից որևէ արձագանք չկա: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այն կարծիքին է, որ նոյեմբերի 9-ի գիշերը ստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթի կարծես թե շարունակությունն է լինում, և կրկին տարածքներ ենք կորցնում: Իվետա Տոնոյանն ընդգծել է` իշխանությունն այն ջանասիրությամբ, որ անդրադառնում է ընդդիմությանը, լավ կլիներ նույն ջանասիրությամբ անդրադառնար մամուլում երեք օր տարածվող փաստաթղթին, որը վերաբերում է Սյունիքի տարածքային ամբողջականությանը:Տոնոյանը հիշեցրել է` վարչապետն անգամ գողացված օծանելիքի ու ժամացույցի մասին էր ֆեյսբուքյան ուղիղ եթերով հանդես գալիս, սակայն նման կարևոր հարցի անդրադարձ չկա: Նույն խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն էլ հավելեց` շարունակում են ողջամիտ կասկած ունենալ, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ գոյություն ունի հավելված:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրել «Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցի» ուսուցիչները, ծնողները և աշակերտները տնօրենի թափուր պաշտոնում նշանակման գործընթացի հետ կապված։ՄԻՊ հաղորդագրության համաձայն՝ մասնավորապես, նրանք նշել են, որ տնօրենի թափուր պաշտոնում նշանակելու մասին որոշման կայացման գործընթացում հաշվի չի առնվել իրենց կարծիքը։Բարձրացված բողոքներով դիմումատուները նշել են, որ տնօրենի թափուր պաշտոնի նշանակման գործընթացում չեն պահպանվել օրենքով սահմանված պահանջները, այդ թվում՝ ժամկետները, իսկ հավակնորդների հետ անցկացված հարցազրույցը չի ունեցել իրավական հիմք։ Դրանից բացի, մի շարք ուսուցիչներ և աշակերտների ծնողներ ահազանգեր են փոխանցել իրենց նկատմամբ ճնշումների ու սպառնալիքների մասին։Հաշվի առնելով, որ տեղի ունեցած վարչական ընթացակարգերը բացասական են ազդել հատկապես երեխաների իրավունքների վրա, դպրոցում խաթարված է ուսումնական գործընթացները, առկա է լարվածություն՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման վարույթ։ Համապատասխան գրություններ են հասցեագրվել Շիրակի մարզպետին ու փոխվարչապետին։
Աղբյուր՝ https://www.facebook.com/Armenianombudsman/posts/1626193560901435
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Այսօր խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը, որի հեղինակը Կառավարությունն է:Նախագծով, հիշեցնենք, նախատեսվում է վարույթի ամրագրումը դարձնել էլեկտրոնային:Առաջարկվում է ներդնել պահեստային դատավորի գաղափարը, այսինքն՝ գործերի ծավալի բարդության դեպքում դատարանի նախագահին հնարավորություն է տրվում ընտրել դատավորի, որը մասնակցում է գործի քննությանը պասիվ դերում և բուն դատավորի փոփոխության դեպքում ստիպված չի լինում գործը նորից սկսել:Նախատեսվում է նաև ներդնել փաստերի իրավական կանխավարկածի ինստիտուտը, վերացնել քրեական գործի հարցման ձևական փուլը: Նախաքննության փուլում առաջարկվում է մեծացնել պաշտպանի դերակատարումը. վերջինիս կողմից ներկայացված տեղեկությունները ապացույցի կարգավիճակ կունենան: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 85 կողմ, 2 դեմ , 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru