Yearly Archives:2026

Դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 17 քրեական վարույթ՝ 60 անձի վերաբերյալ, հանձնել են դատարան

2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից առ այսօր դատախազները, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան են հանձնել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 17 քրեական վարույթ՝ 60 անձի վերաբերյալ, որոնցից 12 քրեական վարույթ՝ 51 անձի վերաբերյալ, դատարան է հանձնվել ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից:

12 քրեական վարույթներն են՝

  • 2 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  • 3 դրվագ ընտրակաշառք տալու ու բարեգործության արգելքը խախտելու և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 5 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  • բարեգործության արգելքը խախտելու և դրան օժանդակելու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  • ընտրակաշառք տալու, 2 դրվագ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 1 անձի և խմբով ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  • ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, դրա փորձի և նախապատրաստության համար մեղադրվող 3 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  • ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի, ընտրակաշառք տալուն օժանդակելու համար մեղադրվող 5 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 6 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  • ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  • ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  • ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ:
  • 2 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  • ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 6 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  • 2 դրվագ ընտրակաշառք տալու, բարեգործության արգելքը խախտելու, հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ:

Մասնավորապես՝

  1. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավարը երկու ընտրողի առաջարկել է աշխատանք, բնակարան, հողամաս և պաշտոն՝ իրենց և ընտանիքի անդամների կողմից տվյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով:
  2. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամն ընտրողին բարեգործության անվան տակ խոստացված կենցաղային տեխնիկայի փոխարեն փոխանցել է գումար՝ խախտելով ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքը։
  3. «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը, երկու այլ անձանց հետ, խոչընդոտել և փորձել է խոչընդոտել Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների և բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը՝ նրանցից պահանջելով քվեարկել իրենց քաղաքական ուժի օգտին՝ սպառնալով բացասական վերաբերմունքով։ Նույն վարույթով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել նաև երկու դրվագ ընտրակաշառք տալու համար. նա ընտրողներին առաջարկել է պարտքի մասնակի զիջում, աշխատանքի տեղավորման և ծառայողական հարցեր լուծելու խոստումներ՝ քվեների դիմաց։
  4. «Մեր ձևով» հասարակական կազմակերպության գրասենյակի ղեկավարը, փաստացի իրականացնելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի պատասխանատուի գործառույթները, չորս անձի տվել է ընտրակաշառք՝ իր կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, ինչպես նաև, խախտելով ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքը, 200 հազար դրամ է փոխանցել մեկ քաղաքացու:
  1. «Ուժեղ Հայաստան» կուսակցության տարածքային պատասխանատուն 2 քաղաքացու տվել է ընտրակաշառք, 2 անձի շահագրգռել է մասնակցել 2026 թվականի ապրիլի 17-ին կայացած հավաքին՝ խոստանալով սննդամթերքի տեսքով նյութական օգնություն:
  2. «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի ղեկավարը, գրասենյակի պատասխանատուի հետ, երեք անձանց օժանդակությամբ, Արարատի մարզի 9 ընտրողի գումարի տեսքով առաջարկել և տվել են ընտրակաշառք:
  3. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու համար անձը նույն կուսակցության աջակցից գումարի տեսքով ստացել է ընտրակաշառք:
  4. «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուն, կնոջ հետ միասին, որպես ընտրակաշառք, խոստացել է հոգալ Սյունիքի մարզի բնակչի աչքերի վիրահատության ծախսը:
  5. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակիցը Ստեփանավան քաղաքի բնակչին խոստացել է գումարի տեսքով ընտրակաշառք:
  6. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի պատասխանատուն, այլ անձանց հետ, ընտրողներին գումարի տեսքով ընտրակաշառք է տվել:
  7. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի Աջափնյակ վարչական շրջանի պատասխանատուն 5 դեպքով ընտրողներին գումարի տեսքով ընտրակաշառք է տվել:
  8. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի Մեծամոր համայնքի պատասխանատուն ընտրողներին գումարի տեսքով ընտրակաշառք է տվել:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

ՀՀ ԿԸՀ-ի կողմից 3 տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չնշանակելու վերաբերյալ

ՀՀ ԿԸՀ կողմից 3 տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չնշանակելու վերաբերյալ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո չպետք է ավտոմատ կերպով նշանակի վերաքվեարկություն։ ԿԸՀ-ն այդ որոշումը կայացնելիս պետք է հաշվի առնի ընտրողների իրական կամքի պաշտպանությունը և ընտրությունների արդյունքի օրինականության ապահովումը։ Այդ պատճառով ԿԸՀ-ն պետք է ընտրի այն միջոցը, որը տվյալ պայմաններում անհրաժեշտ է, համաչափ է և չի առաջացնում ավելի մեծ աղավաղում, քան այն խախտումը, որի հետևանքը պետք է վերացվի։

Մասնակի վերաքվեարկության դեպքում առաջանում է հետևյալ խնդիրը։ Հիմնական քվեարկությանը մասնակցած ընտրողները քվեարկել են այն պահին, երբ ընդհանուր արդյունքը հայտնի չէր։ Նրանք չգիտեին՝ ով է առաջատար, քանի ձայնի տարբերություն կա, որ ուժը կհաղթահարի շեմը կամ իրենց քվեն ինչ ազդեցություն կունենա վերջնական արդյունքի վրա։

Մինչդեռ վերաքվեարկության մասնակից ընտրողները քվեարկելու են արդեն այլ իրավիճակում․ նրանց համար կարող է հայտնի լինել ընդհանուր պատկերը (տվյալ դեպքում ընտրությունների մասնակիցների 99,8 տոկոս)։

Այս պայմաններում ընտրողի կամքը կարող է ձևավորվել ոչ թե իր սկզբնական քաղաքական նախապատվությամբ, ազատ կամարտահայտությամբ, այլ արդեն հայտնի արդյունքը խմբագրելու հաշվարկով։ Այս ռիսկը սովորաբար բնութագրվում է որպես տակտիկական քվեարկություն (tactical voting)։

Վենետիկի հանձնաժողովը ևս ընդունել է, որ մասնակի վերաքվեարկությունը միշտ չէ, որ պատշաճ միջոց է։ 2025 թվականի հրատապ զեկույցում նշվում է, որ եթե խախտումները վերաբերում են միայն որոշ տեղամասերի, ապա արձագանքը սկզբունքորեն կարող է սահմանափակվել այդ տեղամասերով։ Սակայն նույն մոտեցումը ունի կարևոր բացառություն․ մասնակի վերաքվեարկությունը չի կարող պատշաճ միջոց լինել, եթե այդ տեղամասերում նոր քվեարկությունը, տակտիկական քվեարկության (tactical voting) հնարավորության պատճառով, չի երաշխավորի արդար ընտրական արդյունք։

Հավասար ընտրական իրավունքի տեսանկյունից ևս խնդիրը ակնհայտ է։ Վերաքվեարկությունը կարող է խախտել ընտրողների հավասարությունը, քանի որ ընտրողների մեկ խումբը հայտնվում է մյուսներից էապես տարբեր ելակետային պայմաններում։

Այս հարցում կարևոր է նաև ՀՀ սահմանադրական դատարանի մոտեցումը, ըստ որի՝ ընտրական խախտումների հետևանքները գնահատելիս պետք է պաշտպանել նաև այն ընտրողների իրավունքները, որոնք իրենց ընտրությունը կատարել են օրինական ճանապարհով։ Եթե հիմնական քվեարկությանը մասնակցած ընտրողների կամքն արդեն օրինական ձևով արտահայտվել է, ապա հետագա վերաքվեարկությունը չպետք է երկրորդային և հաշվարկված ազդեցություն ունենա այդ կամքի վրա։

Հետևաբար ԿԸՀ-ն վերաքվեարկություն նշանակելու հարցում պետք է հաշվի առնի նաև, թե արդյո՞ք վերաքվեարկության ժամանակ ապահովվելու է նույն ազատ և հավասար միջավայրը, ինչ հիմնական քվեարկության օրը։ Արդյո՞ք հայտնի արդյունքը չի ստեղծում տակտիկական քվեարկության ռիսկ։ Արդյո՞ք չեն խաթարվի արդեն օրինական քվեարկած ընտրողների իրավունքները։ Արդյո՞ք ապօրինի կամ կոռուպցիոն ազդեցության աղբյուրները չեզոքացված են։

Եթե այս հարցերի պատասխանը ցույց է տալիս, որ վերաքվեարկությունը չի ապահովելու ազատ, հավասար և արդար արդյունք, ապա այն չպետք է նշանակվի։ Վերաքվեարկություն չնշանակելը նման դեպքում չի նշանակում խախտումը անտեսել։ Դա նշանակում է չընտրել այնպիսի միջոց, որը կարող է ավելի խորացնել ընտրողների կամքի աղավաղումը։

ԿԸՀ-ն պետք է առաջնորդվի ոչ թե մեխանիկական վերաքվեարկության տրամաբանությամբ, այլ Սահմանադրությամբ երաշխավորված ազատ և հավասար ընտրության, համաչափության և ընտրողների իրական կամքի պաշտպանության սկզբունքներով` որպես Սահմանադրությամբ ընտրությունների օրինականությունը վերահսկող անկախ մարմին:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը արդարադատության նախարարին առաջարկել է օրենսդրական փոփոխություններ

Կարևորելով ընտրական գործընթացների օրինականության ապահովումը՝ Կոմիտեում նախնական ամփոփվել է 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններին նախորդող ժամանակահատվածում բացահայտված կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ իրականացվող վարույթների տվյալները, վեր են հանվել այդ հանցագործությունների դրսևորման մեխանիզմները և դրանց կատարմանը նպաստող հանգամանքները, որոնց հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է ՀՀ արդարադատության նախարարին՝ միջնորդելով՝

հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու նպատակով նախաձեռնել այնպիսի օրենսդրական փոփոխություններ, որոնք հետայսու նվազագույնի կհասցնեն բացահայտված հանցավոր սխեմաների կիրառման հնարավորությունը, այդ թվում՝ այդպիսի սխեմաներում ներգրավված քաղաքական ուժերի մասնակցությունն ընտրական գործընթացներին արգելելու եղանակով:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Պատգամավորական մանդատները բաշխվեցին

ԱԺ մանդատները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաշխեց հետևյալ կերպ․

-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-64 մանդատ,

-«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք-29 մանդատ,

-«Հայաստան» կուսակցությունների դաշինք-12 մանտադ։

Ազգային փոքրամասնությունների համար նախատեսված մանդատներից ՔՊ-ն ստացել է երեք, իսկ «Ուժեղ Հայաստանը»՝ մեկ մանդատ։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Ընդդիմադիր 6 քաղաքական ուժեր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել այնպիսի պայմաններում, որոնք հիմնովին կասկածի տակ են դնում ընտրական գործընթացի ազատ, արդար և մրցակցային բնույթը։ Այս մասին նշվում է 6 քաղաքական ուժերի հայտարարության մեջ։ «Ներքոստորագրյալ քաղաքական ուժերս արձանագրում ենք, որ ընտրական ողջ գործընթացում՝ ներառյալ նախընտրական ժամանակահատվածում և քվեարկության օրը, տեղի են ունեցել համակարգային ու կազմակերպված խախտումներ, որոնք էական ազդեցություն են ունեցել ընտրողների ազատ կամարտահայտության, քաղաքական հավասար մրցակցության ապահովման և ընտրական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության վրա, իսկ գործող վարչախմբի կողմից թույլ են տրվել ընտրական իրավունքի սկզբունքների խախտման ակնհայտ դրսևորումներ։

Մասնավորապես՝

1. Վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառում և ճնշումներ Ամբողջ երկրում պետական և համայնքային պաշտոնյաների, ինչպես նաև նույն կառույցների, կրթական ու առողջապահական հաստատությունների, ուժային համակարգի ռեսուրսների ինտենսիվ ներգրավումը քաղաքական գործընթացներում խաթարել է հավասար մրցակցային պայմանները։ Պետական համակարգի աշխատակիցների նկատմամբ գործադրված ճնշումները, աշխատանքից ազատման և իրավական հետապնդումների սպառնալիքները ձևավորել են կախվածության մթնոլորտ, ինչն անհամատեղելի է ազատ ընտրությունների սահմանադրական սկզբունքի հետ։

2. Քաղաքական հետապնդումներ և ձերբակալություններ Նախընտրական քարոզարշավն ուղեկցվել է ընդդիմադիր գործիչների, ակտիվիստների և աջակիցների նկատմամբ քաղաքական հետապնդումների ալիքով։ Իշխանությունները կիրառել են անհիմն ձերբակալությունների և կալանավորումների պրակտիկա՝ նպատակ ունենալով մեկուսացնել հանրային վստահություն վայելող գործիչներին և խաթարել ընդդիմադիր ընտրազանգվածի հետ տարվող կազմակերպչական աշխատանքները։ Նման համակարգային բնույթ կրող գործողությունները հատկապես իրականացվել են նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ համատարած վախի մթնոլորտի սերմանման նպատակով։

3. Ընդդիմադիր շտաբերի գործունեության նպատակաուղղված խոչընդոտում Քվեարկության նախօրեին և բուն ընտրությունների օրը՝ հունիսի 7-ին, իրավապահ մարմինների կողմից իրականացվել է ընդդիմադիր ընտրական շտաբերի աշխատանքների համատարած կաթվածահարում։ Խուզարկությունները, անհիմն իրավական գործողություններով շտաբերի բնականոն գործունեության խաթարումները և կազմակերպիչների ձերբակալությունները միտված են եղել ընտրական գործընթացի վերահսկման մեխանիզմների չեզոքացմանը։

4. Տեղեկատվական քարոզչամիջոցների չարաշահում Հանրային և իշխանությանը հարող, նույնիսկ պետական մեդիառեսուրսները ողջ քարոզարշավի ընթացքում օգտագործվել են ընդդիմության վարկաբեկման, անմեղության կանխավարկածի նսեմացման, հանրային պառակտման և ատելության խոսքի տարածման համար։ Տեղեկատվական դաշտում այլակարծության ճնշումը խախտել է հավասար մրցակցության բոլոր սահմանադրական նորմերը։

5. Ձայների հաշվարկի և ընտրողաբար ընտրական տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչում Բազմաթիվ ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների կամայական խմբագրման և առանձին ընտրատեղամասերում այլ անօրինական գործիքակազմի իրացման դեպքեր են արձանագրվել, որոնք ազդեցություն են գործադրել ընտրության արդյունքների և քաղաքական ուժերի ձայների հարաբերակցության վրա։ Նշվածը զուգորդվել է նախքան քվեարկության արդյունքների վերաբերյալ պաշտոնական տվյալների ներկայացումը վարչախմբի ղեկավարի կողմից ընտրությունների արդյունքներին ուղիղ միջամտությամբ։ Ուստի մենք հայտարարում ենք. Ընտրությունների վերաբերյալ ներկայացված պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը և ընտրությունների ստույգ արդյունքները։ Նման պայմաններում արձանագրված արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ և ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։ Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի վրա։

Մենք շարունակելու ենք գործել բացառապես Սահմանադրության, օրենքների և ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում՝ պաշտպանելով քաղաքացիների ազատ կամարտահայտության իրավունքը և Հայաստանի Հանրապետության պետականության ու ժողովրդավարության հիմնարար արժեքները։

Մեր ապագա որոշումներում և գործողություններում ելնելու ենք բացառապես այս իրողություններից։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք «Հայաստան» կուսակցությունների դաշինք «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն «Լուսավոր Հայաստան» կուսակցություն «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն «Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցություն»,-նշվում է հայտարարության մեջ։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա․ ԿԸՀ որոշումն ընդունվեց

Թիվ 12/13, 10/51 և 36/65 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա։ Այս մասին նիստի ժամանակ հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը` ընթերցելով ԿԸՀ որոշման նախագիծը։

Հայտարարությունը դժգոհություն առաջացրեց նիստին ներկա ընդդիմադիր կուսակցությունների լիազոր ներկայացուցիչների շրջանում։ ԲՀԿ ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը հայտարարեց. «Դուք խոչընդոտում եք ՀՀ-ում ժողովրդավարության կայացմանը, Ձեր իշխանությունների հռչակած ժողովրդավարության կայացմանը»:

Դրանից հետո ԲՀԿ լիազոր ներկայացուցիչները լքեցին նիստերի դահլիճը։ Հանձնաժողովը շարունակեց իր աշխատանքը։ Հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ընթերցեց որոշման եզրափակիչ մասը, ինչի կողմ քվեարկեցին ԿԸՀ բոլոր անդամները․ «ԿԸՀ-ն որոշում է՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայացած ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա»։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Բացահայտվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրի տառերը վնասելու դեպքը

 Հունիսի 11-ին Գյումրի քաղաքի Ղարսի խճուղիում գտնվող «Մայր Հայաստան» հուշահամալիրի «Հերոս քաղաքների» հուշարձանների ոսկեգույն տառերը պոկելով վնասելու դեպքի առթիվ Համայնքային ոստիկանության Մուշի բաժնում կազմված փաստաթղթերը փոխանցվել էր Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Քրեական ոստիկանության գլխավոր և Շիրակի մարզային վարչությունների, ինչպես նաև Համայնքային ոստիկանության Մուշի ու Կումայրիի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ծավալուն ու համակարգված միջոցառումների արդյունքում հունիսի 14-ին ստացվել են հավաստի տեղեկություններ, որ հունիսի 9-ին, ժամը 15։00-ի սահմաններում, հուշարձանների տառերը պոկել է Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակիչ 41-ամյա տղամարդը։

Նույն օրը՝ ժամը 08։40-ին, նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ՔՈԳՎ Շիրակի մարզային վարչություն, որտեղ խոստովանել է կատարածը։

41-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։

Նախաքննությունը շարունակվում է։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

ԿԸՀ-ն կազմել է քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 14-ի արտահերթ նիստում,  ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմել է արձանագրություն քվեարկության արդյունքների վերաբերյալ:

Ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝   2503990

Քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝  1237 

 Շրջիկ արկղով քվեարկող ընտրողների լրացուցիչ ցուցակում  ընտրողների ընդհանուր թիվը՝  1300

Էլեկտրոնային եղանակով քվեարկության մասնակցած ընտրողների թիվը՝ 410

Ընտրողների ընդհանուր թիվը՝ 2506826

Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 1476769

Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշների ընդհանուր թիվը՝ 260510

Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝204000

Ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների ընդհանուր թիվը՝ 1470790 

Ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը՝ 2298

Ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը՝ 1473088

Չօգտագործված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝202121

Չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը՝1127734

Անվավեր  քվեաթերթիկների թիվը՝16210

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ստացած քվեները`

ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`1425

«ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`21181

«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ (կազմում՝ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, «ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ,«ՄԻԱՎՈՐՎԱԾ ՀԱՅԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ)` 340006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՆՈՐՀԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`30642

«ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`25551

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`33537

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`58287

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`5481

ՔՈՉԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԵՎ ԱԶԳԻ ԶԱՐԹՈՆՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`1986

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`3143

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`15808

ՔՐԻՍՏՈՆԵԱ–ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`2671

«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`5269

ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`25758

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`726819

ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ կազմում՝«ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, «ԱՌԱՋ» ԱՋԱԿԵՆՏՐՈՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`144983

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`6754

«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`7439

Անճշտությունների գումարային չափը`4331:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները

Վերահաշվարկվել են 637 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները:

ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`1456 քվեն նվազել է 11-ով

«ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`21477 քվեն նվազել է 244-ով

«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ (կազմում՝ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, «ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ,«ՄԻԱՎՈՐՎԱԾՀԱՅԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ)` 340088 քվեն ավելացել է 508-ով

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՆՈՐՀԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`30807 քվեն նվազել է 117-ով

«ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`25624 քվեն նվազել է 21-ով

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`33644 նվազել է 56-ով

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`58378 քվեն ավելացել է 147-ով

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`5485 քվեն ավելացել է 5-ով

ՔՈՉԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԵՎ ԱԶԳԻ ԶԱՐԹՈՆՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`1984 ավելացել է 1-ով

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`3206 նվազել է 47-ով

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`15835 քվեն ավելացել է 8-ով

ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`2679 քվեն մնացել է անփոփոխ

«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`5284 քվեն նվազել է 14-ով

ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`26567 քվեն նվազել է 819-ով

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`727820 քվեն ավելացել է 1148-ով

ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ կազմում՝«ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, «ԱՌԱՋ» ԱՋԱԿԵՆՏՐՈՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`145113 քվեն ավելացել է 217-ով

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`6750 քվեն ավելացել է 18-ով

«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`7258 քվեն ավելացել է 55-ով

Անճշտությունների գումարային չափը`1279-ից ավելացել է 230-ով:

Անվավեր քվեաթերթիկների թիվը 17097-ից նվազել է 859-ով:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com