Կառավարության ծրագիրն ընդունվեց, իսկ Մարուքյանին հիշեցվեց իր անցյալը

Կառավարության ծրագիրն ընդունվեց, իսկ Մարուքյանին հիշեցվեց իր անցյալը

Օրերս նոր կառավարությունը խորհրդարան ներկայացրեց իր հնգամյա ծրագիրը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կնքվել է Հայաստանում տնտեսական հեղափոխություն իրականացնելու ծրագիր։ Ըստ նրա, այն հանրապետությունում իրականացված քաղաքական հեղափոխության շարունակությունն է եւ ընթանալու է այն նույն գաղափարաբանական տրամաբանության համատեքստում, ինչ 2018 թվականի ապրիլ-մայիսին կայացած փոփխությունն էր. «Տնտեսական հեղափոխությունը պատրաստվում ենք իրականացնել այն նույն գործիքակազմով, ինչով հնարավոր դարձավ իրականացնել քաղաքական հեղափոխությունը: 2013 թվականին հիմնադրված «Քաղաքացիական պայմանագիր» հանրային քաղաքական միավորմանը, որը հետագայում դարձավ համանուն կուսակցություն, 5 տարի անհրաժեշտ եղավ Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն իրականացնելու, այդ հեղափոխությանը հասնելու համար: 5 տարի ՀՀ քաղաքացներին հղած մեր հիմնական ուղերձն այն էր, որ հանրային վերափոխման կարեւորագույն գործոնն անհատի վերափոխումն է եւ որ հանրային վերափոխման էֆեկտի հասնելու ճանապարհին յուրաքանչյուր քաղաքացու անելիքը սեփական անձի վերափոխումն է: Մենք ասում ենք, որ հանրային կյանքի ցանկացած ոլորտում զարգացման կարեւորագույն գործոններից մեկն անհատական ջանքն է եւ որ առանց անհատական ջանքի գործադրման չի կարող լինել որեւէ փոփոխություն, առավելեւս քաղաքական»:

Իր ելույթի մեկ այլ հատվածում վարչապետը շեշտադրեց. «Յուրաքանչյուր քաղաքացի սեփական անձի զարգացումը՝ հմտությունների, գիտելիքների իմացության ձեռքբերումն ու կատարելագործումը պետք է դիտարկի իբրեւ հանրային բարեփոխումների զարգացման կարեւորագույն բաղադրիչ: Պետությունը պետք է անհրաժեշտ միջավայր եւ մթնոլորտ ձեւավորի նման վերափոխումներին նպաստելու համար: Սա է ամբողջ գաղափարախոսությունը: Երբ որ մեր հարգելի պատգամավորներն ասում են՝ բա ի՞նչ պետք է անի պետությունը, ահա թե ինչ պետք է անի պետությունը: Պետությունը պետք է անհրաժեշտ միջավայր եւ մթնոլորտ ձեւավորի նման վերափոխումներին նպաստելու  համար»:

Այսինքն, ծրագրի հիմքում դրված է այն դրույթը, որ տնտեսական հեղափոխությունը պետք է անի քաղաքացին, իսկ կառավարությունը պետք է անհրաժեշտ պայմաններ ստեղծի դրա համար։ Զուտ տնտեսագիտական բնրոշմամբ, իշխանությունն իր անելիքը ձեւակերպում է հետեւյալ կերպ. «Կառավարությունը որդեգրում է տնտեսական աճի քաղաքականությունը տնտեսական զարգացման քաղաքականության փոխարինելու ուղեգիծ: Ո՞րն է երկուսի տարբերությունը: Կարելի տնտեսական աճ ապահովել մի քանի ընկերությունների գործունեության արդյունքում, բայց սա բացի թվաբանությունից, ուրիշ ոչինչ չի նշանակում, եւ քաղաքացիները չեն զգում տնտեսական այդ աճի ազդեցությունը, ինչքան էլ այն մեծ լինի: Մեզ հարկավոր է տնտեսական զարգացում, ինչպես ասացի՝ համախառն ներքին արդյունքի ձեւավորումը, հանրային լայն համագործակցության, հնարավորինս մեծ ու անընդհատ մեծացող թվով ընկերությունների ու մարդկանց գործունեության արդյունք է եւ հետևաբար դա արդյունք է, որը հասանելի եւ տեսանելի է բոլորին: Եւ որպես այդ զարգացման ամենատեսանելի արգասիք կառավարությունը նպատակադրվում է առաջիկա 5 տարիներին հասնել Հայաստանում ծայրահեղ աղքատության հաղթահարմանը, աղքատության էական կրճատմանը, գործազրկության էական կրճատմանը, աշխատավարձերի եւ թոշակների շարունակական աճին եւ արտահանման տեմպերի բազմապատկմանը»:

Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ ընդդիմադիր ԲՀԿ եւ ԼՀԿ խմբակցությունները մի քանի ասպեկտներով լայն քննադատության արժանացրին այն, մասնավորապես նշելով, թե ծրագրում գրեթե չկան թվեր ու ժամկետներ, այն չափելի չէ, զուրկ է կոնկրետությունից, ընդամենը բարի ցանկությունների ժողովածու է։ Ընդդիմադիրների մատնանշած բացթողումներից մեկն էլ այն է, որ ծրագրից ացակայում են դեռ հեղափոխության ժամանակ հայտարարված մի քանի նախաձեռնություններ, մասնավորպես, Ընտրական օրենսգրքի փոփոխություն, անցումային արդարադատության ներդրում։

Այս վերջին կետի առումով իշխանության ներկայացուցիչների հակափաստարկն այն էր, որ այդ փոփոխությունները կիրականացվեն խորհրդարանի նախաձեռնությամբ՝ օրինագծերի ներկայացման միջոցով։ Իսկ ծրագրում թվերի ու ժամկետների բացակայության կամ նվազ լինելու հանգամանքը պայմանավորված է այն հանգամանքով, որ ծրագիրը զուտ հայեցակարգային, ընդհանուր քաղաքականություն մատնանշող փաստաթուղթ է, իսկ թվերն ու ժամկետները իրենց արտահայտություննը կգտնեն կառավարության ոլորտային գործողությունների պլանում։Untitled-1

Ընդդիմության ներկայացուցիչները այլ՝ առավել լոկալ բնույթի թերություններ ու բացթողումներ էլ էին մատնանշում ծրագրում։ ԲՀԿ-ն, մասնավորապես, դա հեղափխական ծրագիր չի համարում։ Խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խմբակցության անունից հայտարարեց, որ հանրային բարձր վստահություն վայելող կառավարության ծրագիրը պետք է լիներ հեղափոխական. «Մենք ասում ենք՝ այն, ինչ ներկայացրել եք, վախվորած է, ինչպես ձեր թիմակիցը նշեց՝ զգուշավոր: Այնքան զգուշավոր, որ եթե անգամ օրական հինգ հազար անգամ կրկնեք, որ ունեք բարձր լեգիտիմություն, դա չի լուծելու տնտեսական ու սոցիալական խնդիրների այն բեռը, որոնց համար ժողովուրդը ձեզ տվեց աննախադեպ քվե»: ԲՀԿ-ականները մի շարք առաջարկներ ներկայացրին կառավարությանը՝ ծրագրում ընդգրկելու համար, եւ պայման դրեցին, ըստ որի՝ ծրագրին կողմ կքվեարկեն միայն այն դեպքում, եթե իրենց առաջարկները ընդունվեն։ Հատկանշական է, որ ԲՀԿ-ն նաեւ հայտարարեց, որ, անկախ ամեն ինչից, իրենք կշարունակեն աջակցել կառավարությանը։

Ավելի ուշ ԱԺ նախագահ Արարատ Միրոյանն հայտարարեց, թե իրավական ընթացակարգեր չկան առաջարկները կառավարության ծրագրում ընդգրկելու համար, սակայն դրանք կարող են հաշվի առնվել կառավարության ծրագրային այլ փաստաթղթերում։

Քննարկումների ժամանակ առավել սուր բանավեճ ծավալվեց «Իմ քայլը» դաշինքի եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների միջեւ։ Վերջիններիս ելույթները առավել արմատականության ու ծրագրի հանդեպ հոռետեսության դիրքերից էին։ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն հայտարարեց, որ միայն կառավարության կառուցվածքը բավարար է, որ իրենք դեմ քվեարկեն ծրագրին: «Կառուցվածքը նախկին ավտորիտար համակարգի պահպանման միտումով կառուցվածք է: Բայց մենք դեմ ենք նաեւ կադրային քաղաքականության առումով: Ընդդիմությունը, պարոն Փաշինյան, ձեզ առաջարկում է ազատվել Սերժ Սարգսյանի կլանի ներկայացուցիչներից, ովքեր չեն հավատում, որ հնարավոր է հինգ տոկոնսանոց աճից ավելի աճ ապահովել»,- ասաց Մարուքյանը:

«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ սուր արձագանքեցին Էդոն Մարուքյանին, նրան հիշեցնելով, թե ինչով էր ինքն ու իր թիմակիցները զբաղված հեղափոխությունից առաջ ու հեղափոխության առաջին օրերին։ Նկատի ունեին վերջիններիս կրավորական պահվածքը եւ չհավատալը հեղափոխական շարժման հաջողությանը։

Կառավարության ծրագին կողմ քվեակեցին միայն «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները, սակայն դա բավարար էր ծրագիրը ընդունելու համար։ Այն խորհրդարանի հավանությանն արժանացավ 82 կողմ, 37 դեմ ձայնով։

Հ. Կիրակոսյան

©progressgyumri.am Armenian News/Analyses: Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru

 

 

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of