
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն-ի այցը Գյումրի մեկնարկեց 1988 թվականի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչմամբ։
Գյումրու զոհերի հիշատակի կոթողի մոտ առաջնորդները՝ Էմանուել Մակրոն, Վահագն Խաչատուրյան և Նիկոլ Փաշինյան, խոնարհվեցին և հարգանքի տուրք մատուցեցին զոհերի հիշատակին՝ ընդգծելով պատմական հիշողության և համերաշխության կարևորությունը։
Այնուհետև առաջնորդները ուղևորվեցին դեպի Գյումրու Վարդանանց հրապարակ, որտեղ նրանց սպասում էր խիտ բազմություն։ Ճանապարհին քաղաքացիները ջերմ ծափողջյուններով ուղեկցում էին առաջնորդներին՝ ողջունելով հայերեն և ֆրանսերեն լեզուներով։
Վարդանանց հրապարակում նրանց դիմավորեցին նորից ծափողջյուններով․ առաջնորդները շփվեցին քաղաքացիների հետ և լուսանկարվեցին նրանց հետ։
Այցի շրջանակում մեկնարկեց նաև «Երաժշտական կամուրջ․ Հայաստան–Ֆրանսիա» խորագրով համերգը։
Հնչեց ՀՀ պետական օրհներգը, հնչեցին խոսքեր հայ-ֆրանսիական բարեկամության և համագործակցության մասին։
Համերգի ընթացքում ելույթներով հանդես եկան հայ և ֆրանսիացի երգիչներ ու երգչուհիներ, այդ թվում՝ ֆրանսիահայ երգիչ Պատրիկ Ֆիորի։
Տեսանյութը՝ ստորև
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com