Արտագնա նիստի արդյունքում ձեւավորվեց աշխատանքային խումբ
2018 թվականի դեկտեմբերի 7-ին, երբ Գյումրու համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ 88-ի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված ՀՀ կառավարության արտագնա նիստ, կառավարության ղեկավարի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց ձեւավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի հաշվառմամբ ու աշխատանքի ավարտին կներկայացնի աղետի գոտու խնդիրների իրական պատկերն ու վիճակագրությունը։ Աշխատանքային խումբը կատարված աշխատանքների վերաբերյալ վարչապետին զեկույց ներկայացնելու էր 2 ամիսը մեկ անգամ:
«Մենք անընդհատ ասում ենք՝ աղետի գոտի, բնակարանային խնդիր, տնակային խնդիր, բայց չգիտենք, թե ինչի մասին ենք խոսում: Հետեւաբար, ձեւավորում եք աշխատանքային խումբ, որի անելիքը շատ հստակ է՝ ձեւավորել աղետի գոտի անունով փաթեթն ու հստակ պարամետրերով, կոնկրետ թվերով, գումարով, հնարավոր ճանապարհային քարտեզով պետք է հասկանալ, թե ինչ է պետք անել, ինչքան գումար եւ ժամանակ է հարկավոր այսօրվա ընթացիկ պրոցեսների համատեքստում այդ խնդիրը լուծելու համար»,-ասել էր Նիկոլ Փաշինյանը:
Քաղաքացիների դժգոհության հետքերով
«Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն հասարակական կազմակերպությունը, հիմք ընդունելով հանրապետության երկրորդ քաղաքի բնակիչների հետաքրքրվածությունն ու դժգոհությունը, աշխատանքային խմբի ուսումնասիրության արդյունքների, անօթեւանների, ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների բնակապահովման, նաեւ 88-ի երկրաշարժի հետեւանքով վնասված հուշարձանների պահպանության, վերականգնման հարցերի շուրջ պարզաբանումներ է խնդրել ինչպես Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանից, այնպես էլ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականություններ կատարող Արմեն Ղուլարյանից։
Պարզաբանում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը
«ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 29-ի N 361-Ն որոշման համաձայն իրականացված տնակների փաստագրման արդյունքներով՝ Գյումրիում արձանագրվել է 2818 ժամանակավոր կացարան (տնակ), որոնցից բնակեցված է 2232 ժամանակավոր կացարան (տնակ): Ժամանակավոր կացարանում ապրող անօթեւանների մասին տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել ՀՀ Քաղաքաշինության նախարարության կոմիտե:
Գյումրու համայնքապետարանի եւ «Առդա» բարեգործական հիմնադրամի կողմից համատեղ իրականացված բնակարանաշինության ծրագրի շրջանակներում 2019 թվականի դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճակահանության արդյունքում բնակարաններ հատկացվեցին թվով 12 ընտանիքի: Ծրագիրը շարունակական է: Գյումրու համայնքապետարանը պատրաստ է համագործակցել նաեւ այլ բարեգործական հիմնադրամների հետ:
«Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանը ստեղծվել է 1980 թվականին ՀԽՍՀ մինիստրների խորհրդի որոշումով՝ խնդիր ունենալով ուսումնասիրել, վերականգնել Կումայրի-Գյումրի-Ալեքսանդրապոլի պատմամշակութային հարուստ ժառանգությունը եւ գիտականորեն հետազոտելու եւ հանրայնացնելու այն: 1980-1988 թվականներին զգալի գործունեություն է ծավալվել պատմության եւ մշակութային հուշարձանների հաշվառման, ուսումնասիրման, նախագծման, վերականգնման եւ նպատակային օգտագործման համար: Ցավոք, 1988-ի երկրաշարժը եւ երկրում ստեղծված քաղաքական, սոցիալ-տնտեսական վիճակը խաթարեց թանգարանի բնականոն գործունեությունը: Քանդվել եւ ոչ պիտանի էր դարձել շուրջ 350 հուշարձան-շենք: Սակայն թանգարանը կարողացավ դժվարությամբ շարունակել իր առաքելությունը: Հետերկրաշարժյան տարիներին «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանին կից գործող վերականգնողական արվեստանոցի վարպետների ջանքերով վերականգնվեցին մի քանի տասնյակ հուշարձան տներ: Այս տների թվում են Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, Հ. Շիրազի, Մ. Մկրտչյանի հուշատուն-թանգարանները, Ս. Մերկուրովի եւ Գյումրու կենցաղի թանգարանների շենքերը, Սեվերսկի, Կազաչի պոստ թաղամասերի որոշ շենքեր, թիվ 1 վարժարանի և 6 դպրոցի շենքերը, Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի շենքը, քաղաքի նշանավոր չորս եկեղեցիները, ՊԱԿ-ի եւ դատարանի շենքերը, թիվ 1 եւ 5 երաժշտական դպրոցների շենքերը, երկու մանկապարտեզ, հիվանդանոցների մասնաշենքեր, մեկ տասնյակ բնակելի շենքեր եւ քաղաքի շատ այլ պատմության եւ ճարտարապետության համար կարեւոր կառույցներ:
ՀՀ կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի №1270-Ն որոշման համաձայն Գյումրի քաղաքում անշարժ հուշարձանների քանակը 1170 է, որոնցից մոտ 40-ը հանրապետական նշանակության հուշարձաններ են, իսկ մնացածը՝ տեղական նշանակության»:
Պարզաբանում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը
«ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 29-ի N361-Ն եւ ՀՀ վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի N1658-Ա որոշումների համաձայն աղետի գոտու բնակավայրերում ոչ հիմնական շինությունների փաստագրման արդյունքների հիման վրա ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել առաջարկությունների փաթեթ ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքների վերաբնակեցման՝ բնակարանային պայմանների բարելավման, տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու եւ քաղաքաշինական փաստաթղթերի պահանջներին համապատասխանող շինություններն օրինականացնելու վերաբերյալ։
Ընդ որում, փաթեթով դիտարկված է ՀՀ կառավարության առանձին որոշմամբ խնդրի լուծման փուլային եւ հասցեական մոտեցում ձեւավորելու տարբերակը՝ կախված ոչ հիմնական շինության բնակեցված լինելու հանգամանքից, ընտանիքի՝ տնակում բնակվողի կարգավիճակում հայտնվելու պատճառներից եւ այլ գործոններից։
Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի դրույթները՝ խնդիրը համալիր կերպով կանոնակարգելու նպատակով ներկայումս ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակման փուլում է գտնվում համապատասխան օրինագիծ՝ որով իրավասության կվերապահվի ՀՀ կառավարությանը սահմանել ոչ հիմնական շինությունների հետագա տնօրինման հետ կապված հարցերը։
Նշված օրինագծի ընդունումից հետո միայն ՀՀ կառավարության որոշմամբ կամրագրվեն համապատասխան մոտեցումներ՝ ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքների վերաբերյալ։
Բնակապահովման կարգով իրենց իրավունքը դատական կարգով վերականգնած եւ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի չափանիշներին համապատասխանող ընտանիքների բնակապահովման հարցերը դիտարկվել են ծրագրի շրջանակներում։
ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 29-ի N361-Ն եւ ՀՀ վարչապետի 2018 դեկտեմբերի 20-ի N1658-Ա որոշումների համաձայն կատարված աշխատանքներն ըստ էության դիտարկվում են որպես աղետի գոտու բնակավայրերում դեռեւս անօթեւանի կարգավիճակում գտնվող ընտանիքների թվի ճշտմանն ուղղված մի փուլ, որի շրջանակներում իրականացվել է ուսումնասիրություն այդ ընտանիքներից մի խմբի՝ ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքների մասով։
Հետագա ուսումնասիրության հարցին հնարավոր կլինի անդրադառնալ ծրագրի ավարտից եւ ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքների մասով նախանշված աշխատանքներից հետո։
Գյումրու ավտոկայան թաղամասի բնակիչների սպասումները
Այսուհետ Գյումրու համայնքապետարանի եւ «Առդա» բարեգործական հիմնադրամի միջեւ կնքված հուշագրի շրջանակում սոցիալական բնակարաններ կհատկացվեն Գյումրու կանաչ գոտիներում տեղադրված տնակների բնակիչներին։ Գյումրու ավտոկայան 104 տնակային ավանը գտնվում է կանաչ գոտում։
Այստեղ ցեխառատ ճանապարհներին, անձուկ տարածքներում համարյա իրար վրա լցված հարյուրավոր տնակներ կան, որոնցից մի մասը քարապատ է։ Բնակիչների մի մասը 1990-ականներին պետության կողմից ստացել է նոր բնակարան, սակայն 5-6 տարում վաճառել է՝ պատճառաբանությունը մեկն է՝ սոցիալական խնդիրներ։
«Մենք բնակարան կորցրել ենք, պետությունը ժամանակին տվել է, բայց վաճառել ենք այն շան մսի գնով ու եկել-մտել էս խրճիթը։ Լավ օրից չէ, որ այս դոմիկի մեջ ենք, հիմա էլ պարտքերի մեջ ենք, վարկեր ունինք։ Մեր ուզածը պետությունից ոչ թե էլի բնակարան ուզելն է, այլ գոնե սոցիալական մի բնակարան, որը ոչ թե մեզ որպես սեփականություն կտա, այլ ժամանակավոր, մինչեւ աշխատինք, մեր սեփական կտուրն ունենանք։ Թե չէ, սպես անձրեւների մեջ բորբոսել ենք, հնար չկա էլ սպես ապրելու»,-պատմում ու կենսակերպից բողոքում է Գրիգորյանների բազմանդամ ընտանիքը։
Մի քանի տարի առաջ իր տնակի կողքուբոլորը քարապատել է Ավետիսյանների ընտանիքը, նրանք, սակայն, այն չեն սեփականաշնորհել, կանաչ գոտում սեփականաշնորհում չեն կարողացել անել։ Հիմա էլ փաստի առաջ են կանգնել, մտածում են՝ կարող է քարապատ տնակը քանդելու ժամանակը գա։ «Ժամանակին մենք կոպեկ-կոպեկ հավաքեցինք, դոմիկի չորս կողքը քարապատեցինք, որ ցրտին էրեխեքը չմսրին ժեստի մեջ, բայց չենք սեփականաշնորհել։ Ամեն ինչից կհրաժարվինք, մենակ թե մեզի տուն տան։ 88-ին հոյակապ տուն կորցրեցինք, բայց մինչեւ հմի տուն չունինք, դատարաների դուռն ընկանք, մեր անօթեւանության կարգավիճակը ճանաչեցին, ցուցակ ընդգրկեցին, բայց հլը տուն չեն տվել»,-ասում են նրանք։
Ա. Մկրտչյան
©progressgyumri.am Armenian News/Analyses:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru
Թողնել Մեկնաբանություն