Ախուրյան համայնքի Կապս բնակավայրում պաշտոնապես շահագործման է հանձնվել բարելավված ջրամատակարարման համակարգը։ Միջոցառմանը ներկա են գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, Հայաստանում Գերմանիայի դեսպանության զարգացման համագործակցության բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Պելցը, ինչպես նաև KfW-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչները։ Վերականգնված համակարգը պաշտոնապես հանձնվել է համայնքին և ապագա օպերատոր Veolia Armenia-ին։
Ծրագիրն իրականացվել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) աջակցությամբ։ Բանկի աջակցությամբ Շիրակի մարզի մի շարք համայնքներում արդեն իրականացվել են ջրամատակարարման համակարգերի բարելավման ծրագրեր։ «Սա կարևոր քայլ է մեր համայնքների զարգացման ճանապարհին։ Մեր երկրի 2026–2031 թթ. զարգացման ծրագրերում ջրամատակարարման ոլորտը առաջնային տեղ ունի, և պետությունը մեծապես կարևորում է նման խնդիրների արդյունավետ լուծումը։
Միաժամանակ ցանկանում եմ երախտագիտություն հայտնել ծրագրի իրականացմանը մասնակցած բոլոր կառույցներին և գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության և ներդրած ջանքերի համար»,- նշել է Շիրակի մարզպետը։ Շուրջ 750 բնակիչ ունեցող Կապս գյուղում 240 հազար եվրոյի ներդրմամբ իրականացվել են ջրամատակարարման ցանցի կառուցման և վերականգնման աշխատանքներ՝ ապահովելով անվտանգ և հուսալի ջրամատակարարում։ Բնակավայրում անցկացվել է 6.5 կմ երկարությամբ ջրագիծ, ինչի արդյունքում ապահովվել է բոլոր տնտեսությունների շուրջօրյա ջրամատակարարումը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com