Հայաստանյան ընտրական գործընթացներում սկսված է նախընտրական քարոզչության փուլը։ Այն սկսվեց Երեւանում Եվրամիության համաժողովների անցկացումից, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան պետական այցից հետո, եւ դա որոշակիորեն իր դրոշմն է թողնում ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի քարոզչական ասելիքի, թեմատիկայի եւ հռետորաբանության տրամաբանության վրա։
Չնայած առանց դա էլ, դեռ ընտրական գործընթացների մեկնարկից ամիսներ առաջ, պարզ էր, որ ընտրությունների գլխավոր օրակարգը լինելու են Հայաստանին առնչվող աշխարհաքաղաքական թեմաներն ու արտաքին քաղաքական հարցերը։ Եւ սա շատ բնական է վերջին տարիներին Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղական իրողությունների, այդ շրջանում Ռուսաստանի հետ ոչ միանշանակ հարաբերությունների համատեքստում, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նախաստորագրումից եւ Սյունիքում «Թրամփի ուղի» ծրագրի հաստատումից հետո։
Ամիսներ շարունական հայաստանյան քաղաքական քննարկումների օրակարգում էր երկրի, այսպես ասած, արտաքին քաղաքական կողմնորոշումների, դեպի հյուսիս, թե արեւմուտք փոխհարաբերությունների խորացման, այդ բեւեռների անվտանգության համակարգերի ընտրության հարցը։
Այս հարցը մշտապես եղել է հայաստանյան հասարակական-քաղաքական շրջանակների դիսկուրսում։ Ճիշտ է, տարիներ առաջ այն շատ ավելի քիչ շոշափելի էր, քաղաքական շրջանակների ու հանրության մեծ մասի կողմից Ռուսաստանը դիտարկվում էր անվերապահ դաշնակից եւ անվտանգության երաշխավոր։
Սակայն, իրավիճակը փոխվեց 44-օրյա պատերազմից, հատկապես, Արցախի կորստից եւ արցախցիների բռնի տեղահանումից հետո, որը տեղի ունեցավ ռուս խաղաղապահների աչքի առաջ։
Հարցն էլ ավելի խորացավ եւ առարկայական դարձավ Հայաստանի խոհրդարանում եվրաքվեի նախաձեռնությունը օրենքի տեսքով ընդունելուց եւ իշխանության, ավելի ճիշտ՝ պետության կողմից Եվրամիությանը անդամակցելու գործընթաց մեկնարկելու ազդարարումից հետո։ Իշխանական ուժը հենց այդպես էլ հայտարարում է՝ ոչ թե մենք, այլ պետությունն է մեկնարկել Եվրամիությանը անդամակցելու գործընթաց, քանի որ խորհրդարանն ընդունել է համապատասխան օրենքը։
Խոսքը վերաբերում է ոչ թե Եվրամիությանը անդամակցության հայտին, այլ ընդամենը մտադրություններին, որոնք դիտարկվում են հեռանկարի տեսանկունից։ Իշխանական ուժը, հասկանալի պատճառներով, զգուշավոր է այս թեմայում եւ հայտարարում է, որ իրենց օրակարգում այս պահին նման հարց ու պահանջ չկա, բնականաբար, չկա նաեւ ռուսական ազդեցության կառույցներից՝ ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից ու Եվրասիական մաքսային միությունից դուրս գալու խնդիր։
Հասկանալի է, որ այս հարցերը ամենակենսականն են Հայաստանի համար, բացի այդ, քարոզչական ու հակաքարոզչական թեզեր առաջադրելու լայն հնարավորություններ ու քաղաքական օրակարգ են տալիս ընտրական գործընթացներում հայտ ներկայացրած կուսակցություններին ու դաշինքներին։
Քաղաքական դաշտի, պայմանականորեն ասած, ռուսամետ ու արեւմտամետ՝ ընտրություններին մասնակից ուժերը, հակադիր դիրքավորումներ են գրավել այս հարցերի շուրջ եւ առաջ են մղում իրենց փաստարկներն ու մոտեցումները, զուգահեռ սուր քննադատության ենթարկում հակադիր ճամբարում դիրքվորված ուժերի առաջ քաշած թեզերը։
Այս ամենի համատեքստում Հայաստանի այս տարվա խորհրդարանական ընտրություններն արդեն իսկ անվանվում են աշխարհաքաղաքական եւ արտաքին կողմնորոշման ընտրություններ։ Նաեւ ավելացվում է, որ ներքաղաքական խնդիրներն այս շրջափուլում ածանցյալ են աշխարհաքաղաքական հարցերին։
Թերեւս սա է պատճառը այս ընտրությունների եւս մի առանձնահատկություն, որը ինչ-որ իմաստով աննախադեպ է։ Խոսքը վերաբերում է ուժային արտաքին կենտրոնների կողմից բացահայտորեն իրենց նախասիրություններն արտահայտելուն եւ որոշակի ուժերին աջակցելուն։
Այս իմաստով հատկանշական են ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրապարակային հայտարարությունները, որոնցով նրանք իրենց աջակցությունն են հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Կարելի է ասել, որ դժվար է հիշել հայաստանյան որեւէ ընտրություն, երբ արեւմտյան երկրների ղեկավարները իրենց դիրքորոշումը հայտնեն, առավել եւս ցույց տան իրենց կոնկրետ աջակցությունը ընտրություննեին մասնակից որեւէ ուժի ու թեկնածուի։
Մյուս կողմից, նկատելի է Ռուսաստանի ներկայությունը հայաստանյան ընտրություններին, որը նորություն չէ։ Ռուսաստանը մշտապես միջամտել է Հայաստանի ընտրություններին՝ իրեն հավատարիմ կուսակցությունների, գործուղված գործիչների, կապիտալի, քարոզչական հնարքների միջոցով։
Այս իմաստով պատահական չէ, որ եվրոպական կառույցները հայտարարել են Հայաստան պետության դեմ սանձազերծված հիբրիդային պատերազմի դեմ պայքարին օժանդակության մասին։ Նկատի է առնվում Ռուսաստանի տարբեր շրջանակների կողմից հիբրիդային եղանակով Հայաստանի ներքին խնդիրներին ու ընտրություններին միջամտելու ձեռնարկները։
Այս իմաստով հատկանշական է, որ Ռուսաստանի նախագահի հետ Հայաստանի ղեկավարի վերջին հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին ակնարկում էր կալանքի տակ գտնվող Ռուսաստանի քաղաքացուն ընտրություններին մասնակցելու հնարավորություն տալու մասին։
Ակնարկը վերաբերում է ռուսաստանյան խոշոր գործարար Սամվել Կարապետյանին։ Վերջինս Հայաստանում հիմնադրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, որը մասնակցում է ընտրություններին, հանդես է գալիս ռուսամետ դաշտում եւ սոցոլոգիական գրեթե բոլոր հարցումների համաձայն, համարվում է երկրորդ ազդեցիկ ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հետո։
Համլետ Կիրակոսյան
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com