ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը քաղաքացիներին կոչ է անում զգոն լինել՝ նշելով, որ վերջին շրջանում աճել են կեղծ օգտահաշիվներով իրականացվող խարդախությունները, երբ տարբեր անձինք ներկայանում են որպես իրավապահ մարմինների, բանկերի կամ պետական կառույցների աշխատակիցներ և փորձում ձեռք բերել անձնական ու բանկային տվյալներ։
«Վերջին շրջանում կրկին մեծ թափ է հավաքել խարդախության այն ձևը, երբ ՀՀ իրավապահ մարմինների, պետական այլ գերատեսչությունների, բանկային ընկերությունների և ԶԼՄ-ների աշխատակիցների անունից տարբեր հարթակներում (WhatsApp, Viber, Telegram ր այլն) բացված կեղծ օգտահաշիվների միջոցով փորձ է արվում քաղաքացիներին տարբեր պատրվակներով ուղղորդել տրամադրել անձնական կամ բանկային տվյալներ կամ կատարել դրամական փոխանցումներ։
Հիշե՛ք՝ նման հաղորդագրությունները և կապի փորձերը իրական չեն և ուղղված են խաբեության միջոցով շահույթ ստանալուն: Խարդախները արհեստականորեն ստեղծում են վախի և շտապողականության իրավիճակ՝ փորձելով ազդել ձեր որոշումների վրա և ստիպել գործել առանց մտածելու: Կարևոր է որ որևէ պարագայում չկատարել շտապ գործողություններ, որոնք ուղղված են կապ հաստատողին Ձեր վերաբերյալ որևէ տեղեկատվություն տրամադրելուն: Նման դեպքերում անմիջապես դադարեցրեք հեռախոսազրույցը և կապ հաստատեք տվյալ գերատեսչության կամ կազմակերպության պաշտոնական հեռախոսահամարով ստուգելու ստացված զանգի իսկությունը:
Պետք է նաև հիշել, որ ՀՀ իրավապահ մարմինների, պետական այլ գերատեսչությունների, բանկային ընկերությունների և ԶԼՄ-ների աշխատակիցները քաղաքացիների հետ չեն հաղորդակցվում օտար լեզվով: Խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել Կիբեռոստիկանության թեժ գծին՝ 011-525252՝ ստուգելու կասկածելի դեպքերը և ստանալու անհրաժեշտ քայլերի ուղեցույց։ Զգոն եղե՛ք․ խարդախության կանխումը սկսվում է ձեր զգուշավորությունից»,- ասվում է հաղորդագրությունում։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com