Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդը փոխանցում է, որ ‹‹Գյումրեցու ոգի›› կուսակցության վստահված անձը Ս. Բալասանյանի ուղարկած խմորեղեն էր բաժանում 34/18 ընտրատեղամասում, որը տեղակայված է Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցում:
Այս ընտրատեղամասում կնիքված քվեաթերթիկները հանձնաժողովականների սեղաններին անակնկալ հայտնվեցին: Պարզաբանումներին ի պատասխան՝ ընտրատեղամասի նախագահը վստահեցրեց, որ հենց նոր է կնիքվել եւ ստորագրվել:
Բալասանյան դաշինքի վստահված անձը պարբերաբար զանգեր ստանալուց հետո առանձնանում էր ընտրատեղամասի նախագահի հետ: Նա նաեւ հաղորդագրության միջոցով ուղարկում էր այն քաղաքացիների անուն-ազգանունները, բնակության հասցեները, ովքեր այդ պահին ընտրություն էին կատարում:
Թիվ 34/18 ընտրատեղամասի հենց մուտքի մոտ հարցումներ է անցկացնում Արման Օհանյան անունով մի երիտասարդ: Նա ձեռքին ուներ քվեաթերթիկի նմուշների նմանությամբ թերթիկներ, որոնց վրա գրված է բոլոր քաղաքական ուժերի անունները: Ընտրատեղամասից դուրս եկող քաղաքացիներից նա հետաքրքրվում էր, թե ում են ընտրել: Մեր միջնորդությամբ հանձնաժողովի նախագահը պարզաբանեց, որ երիտասարդը ինչ-որ կազմակերպության ներկայացուցիչ է, իսկ հարցախույզը`արտոնված: Այնուհետ կրկին մեր միջնորդությամբ նախագահը երիտասարդին հեռացրեց ընտրատեղամասի մուտքի մոտից:
Մեր դիտարկումները ցույց տվեցին, որ այդ երիտասարդի` Արման Օհանյանի եւ Գյումրեցու ոգի կուսակցության վստահված անձի հարաբերությունները բավականին ջերմ էին: Նրանք պարբերաբար հանդիպում էին, զրուցում, վստահված անձը թերթիկներն էր նայում:
Ժամը 11:00-ի սահմաններում ընտրատեղամաս բերվեց Սամվել Բալասանյանի կողմից ուղարկված թխվածքները, սուրճը եւ հանքային ջրերը: Գյումրեցու ոգի կուսակցության վստահված անձը սկսեց տեղավորել եւ հանձնաժողովականներին հյուրասիրել քաղաքապետի թեկնածուի ուղարկած սննդամթերքները:
08:00-ից մինչեւ 12:00 թիվ 34/18 ընտրատեղամաս ընտրության եկած քաղաքացիները նախ դժգոհում էին ցուցակների անմատչելիությունից`պատճառաբանում էին, որ բարձր են փակցված, իսկ ոմանք էլ իրենց անունները չէին գտնում, հեռանում էին առանց պարզաբանման:
Ընտրատեղամասում ակտիվ էր նաեւ Հայկական Վերածնունդ կուսակցությունը: Նրանց վստահված անձինք երկուսն էին թիվ 34/18 ընտրատեղամասում: