‹‹Գյումրեցու ոգի›› կուսակցության վստահված անձը Բալասանյանի խմորեղենն էր բաժանում

‹‹Գյումրեցու ոգի›› կուսակցության վստահված անձը Բալասանյանի խմորեղենն էր բաժանում

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդը փոխանցում է, որ ‹‹Գյումրեցու ոգի›› կուսակցության վստահված անձը Ս. Բալասանյանի ուղարկած խմորեղեն էր բաժանում 34/18 ընտրատեղամասում, որը տեղակայված է Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցում:

Այս ընտրատեղամասում կնիքված քվեաթերթիկները հանձնաժողովականների սեղաններին անակնկալ հայտնվեցին: Պարզաբանումներին ի պատասխան՝ ընտրատեղամասի նախագահը վստահեցրեց, որ հենց նոր է կնիքվել եւ ստորագրվել:

Բալասանյան դաշինքի վստահված անձը պարբերաբար զանգեր ստանալուց հետո առանձնանում էր ընտրատեղամասի նախագահի հետ: Նա նաեւ հաղորդագրության միջոցով ուղարկում էր այն քաղաքացիների անուն-ազգանունները, բնակության հասցեները, ովքեր այդ պահին ընտրություն էին կատարում:

Թիվ 34/18 ընտրատեղամասի հենց մուտքի մոտ հարցումներ է անցկացնում Արման Օհանյան անունով մի երիտասարդ: Նա ձեռքին ուներ քվեաթերթիկի նմուշների նմանությամբ թերթիկներ, որոնց վրա գրված է բոլոր քաղաքական ուժերի անունները: Ընտրատեղամասից դուրս եկող քաղաքացիներից նա հետաքրքրվում էր, թե ում են ընտրել: Մեր միջնորդությամբ հանձնաժողովի նախագահը պարզաբանեց, որ երիտասարդը ինչ-որ կազմակերպության ներկայացուցիչ է, իսկ հարցախույզը`արտոնված: Այնուհետ կրկին մեր միջնորդությամբ նախագահը երիտասարդին հեռացրեց ընտրատեղամասի մուտքի մոտից:

Մեր դիտարկումները ցույց տվեցին, որ այդ երիտասարդի` Արման Օհանյանի եւ Գյումրեցու ոգի կուսակցության վստահված անձի հարաբերությունները բավականին ջերմ էին: Նրանք պարբերաբար հանդիպում էին, զրուցում, վստահված անձը թերթիկներն էր նայում:

 

Ժամը 11:00-ի սահմաններում ընտրատեղամաս բերվեց Սամվել Բալասանյանի կողմից ուղարկված թխվածքները, սուրճը եւ հանքային ջրերը: Գյումրեցու ոգի կուսակցության վստահված անձը սկսեց տեղավորել եւ հանձնաժողովականներին հյուրասիրել քաղաքապետի թեկնածուի ուղարկած սննդամթերքները:

08:00-ից մինչեւ 12:00 թիվ 34/18 ընտրատեղամաս ընտրության եկած քաղաքացիները նախ դժգոհում էին ցուցակների անմատչելիությունից`պատճառաբանում էին, որ բարձր են փակցված, իսկ ոմանք էլ իրենց անունները չէին գտնում, հեռանում էին առանց պարզաբանման:

Ընտրատեղամասում ակտիվ էր նաեւ Հայկական Վերածնունդ կուսակցությունը: Նրանց վստահված անձինք երկուսն էին թիվ 34/18 ընտրատեղամասում:

Comments Are Closed!!!