Հոկտեմբերի 25-ին Գյումրու Աբովյան ճեմափողոցում գյումրեցի անվանի անձանց 12 հուշարձանների ցանկը կազմելու վերաբերյալ քաղաքապետարանում կայացավ հանրային քննարկում:
Հանրային քննարկման մասնակիցները շատ չէին: Պասիվության հիմնական պատճառը, ըստ որոշ մասնակիցների, հանրային քննարկումն աշխատանքային ժամին նշանակելն էր: Հանրային քննարկումը մեկնարկեց ժամը 12:10-ին եւ տեւեց մոտ 60-70 րոպե:
Քննարկման ընթացքում շահագրգիռ կողմ հանդես եկան հիմնականում արվեստագետները, արվեստաբանները, այլ մասնագետներ, որոնք իրենց առանձին կարծիքներն ու առաջարկությունները ներկայացրին: Հանրային քննարկման արդյունքում, սակայն, հստակ որոշում չկայացրին, թե արդյոք Աբովյան ճեմափողոցում քանի եւ ում արձանները կարելի է տեղադրել:
Շահագրգիռ անձինք մինչեւ հոկտեմբերի վերջ կարող են արձանների տեղադրման մասին իրենց առաջարկություններն ու դիտարկումները գրավոր ուղարկել Գյումրու քաղաքապետարան: Հարցը նորից ընդգրկվելու է ավագանու նիստի օրակարգ:
Օրեր առաջ քաղաքապետարանը հրապարակել էր տեղադրվելիք հուշարձանների ցանկի նախագիծը, որում նշված են 17 հայտնի մարդկանց անուն-ազգանունները`
1.Գեորգի Գյուրջիեւ-փիլիսոփա, կոմպոզիտոր, գրող, սցենարիստ եւ պարուսույց
2.Ավետիք Իսահակյան-բանաստեղծ
3.Հովհաննես Շիրազ-բանաստեղծ
4.Սերգեյ Համբարձումյան-մեխանիկ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս
5.Արտաշես Շահինյան-մաթեմատիկոս, մանկավարժ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս
6.Արմենակ Մնջոյան-քիմիակական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս
7.Մհեր Մկրտչյան-դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
8.Էդմոնդ Քեոսայան-կինոռեժիսոր, կինոդրամատուրգ
9.Մարիամ եւ Երանուհի Ասլամազյաններ-նկարչուհիներ, ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ վաստակավոր եւ ժողովրդական նկարիչներ
10.Սերգեյ Մերկուրով-քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ակադեմիկոս
11.Մինաս Ավետիսյան-գեղանկարիչ
12.Արմեն Տիգրանյան-երգահան, խմբավար, ՀԽՍՀ, ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
13.Նիկողայոս Տիգրանյան-կոմպոզիտոր, բանահավաք, դաշնակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
14.Խաչատուր Ավետիսյան-կոմպոզիտոր, քանոնահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր
15.Շերամ (Գրիգոր Թալյան)-գուսան-երգահան
16.Պոլոզ Մուկուչ (Մկրտիչ Մելքոնյան)-զվարճաբան-առակախոս
17.Քըրք Քըրքորյան (Գրիգոր Գրիգորյան)-ամերիկահայ գործարար, բարերար:
Հոկտեմբերի 6-ին Գյումրու ավագանին ձայների մեծամասնությամբ ընդունեց որոշում քաղաքի Աբովյան ճեմափողոցում գյումրեցի հայտնի մարդկանց արձաններ տեղադրելու մասին:
Որոշման նախագծում նշված է, որ հուշարձանները տեղադրվելու են Հայաստանի Հանրապետության նախագահի հովանավորությամբ:
Ավագանու նիստի ընթացքում Ս.Բալասանյանն ասել էր, որ ինքն անձամբ է Սերժ Սարգսյանին խնդրել, վերջիննս էլ ընդառաջել է եւ համաձայնել ֆինանսավորել:
Դեռեւս հայտնի չէ, թե մոտավորապես որքան գումար է անհրաժեշտ այս հուշարձանների տեղադրման համար: Ս.Բալասանյանն հույս ունի, որ նախագահի տրամադրած գումարը բավարարելու է, իսկ եթե չբավարարի, ապա սպասելու են բարերաների ներդրումներին:
Իսկ այն հարցին, թե ինչու է փողոցում նախատեսվում տեղադրել կոնկրետ 12 արձան, քաղաքապետը պատասխանել էր. ‹‹Այդ փողոցում կա 12 հենասյուն, նույնքան էլ արձան է տեղադրվելու››:
Ա.Մկրտչյան
©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring