Հանրային բաց լսումից հետո արձանների տեղադրման հարցը նորից քննարկվելու է

Հանրային բաց լսումից հետո արձանների տեղադրման հարցը նորից քննարկվելու է

Հոկտեմբերի 25-ին Գյումրու Աբովյան ճեմափողոցում գյումրեցի անվանի անձանց 12 հուշարձանների ցանկը կազմելու վերաբերյալ քաղաքապետարանում կայացավ հանրային քննարկում:

Հանրային քննարկման մասնակիցները շատ չէին: Պասիվության հիմնական պատճառը, ըստ որոշ մասնակիցների, հանրային քննարկումն աշխատանքային ժամին նշանակելն էր: Հանրային քննարկումը մեկնարկեց ժամը 12:10-ին եւ տեւեց մոտ 60-70 րոպե:P2110004.00_00_08_17.неподвижное изображение002

Քննարկման ընթացքում շահագրգիռ կողմ հանդես եկան հիմնականում արվեստագետները, արվեստաբանները, այլ մասնագետներ, որոնք իրենց առանձին կարծիքներն ու առաջարկությունները ներկայացրին: Հանրային քննարկման արդյունքում, սակայն, հստակ որոշում չկայացրին, թե արդյոք Աբովյան ճեմափողոցում քանի եւ ում արձանները կարելի է տեղադրել:

Շահագրգիռ անձինք մինչեւ հոկտեմբերի վերջ կարող են արձանների տեղադրման մասին իրենց առաջարկություններն ու դիտարկումները գրավոր ուղարկել Գյումրու քաղաքապետարան: Հարցը նորից ընդգրկվելու է ավագանու նիստի օրակարգ:

P2110004.00_18_46_45.неподвижное изображение008

Օրեր առաջ քաղաքապետարանը հրապարակել էր տեղադրվելիք հուշարձանների ցանկի նախագիծը, որում նշված են 17 հայտնի մարդկանց անուն-ազգանունները`

1.Գեորգի Գյուրջիեւ-փիլիսոփա, կոմպոզիտոր, գրող, սցենարիստ եւ պարուսույց

2.Ավետիք Իսահակյան-բանաստեղծ

3.Հովհաննես Շիրազ-բանաստեղծ

4.Սերգեյ Համբարձումյան-մեխանիկ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս

5.Արտաշես Շահինյան-մաթեմատիկոս, մանկավարժ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս

6.Արմենակ Մնջոյան-քիմիակական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս

7.Մհեր Մկրտչյան-դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ

8.Էդմոնդ Քեոսայան-կինոռեժիսոր, կինոդրամատուրգ

9.Մարիամ եւ Երանուհի Ասլամազյաններ-նկարչուհիներ, ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ վաստակավոր եւ ժողովրդական նկարիչներ

10.Սերգեյ Մերկուրով-քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ակադեմիկոս

11.Մինաս Ավետիսյան-գեղանկարիչ

12.Արմեն Տիգրանյան-երգահան, խմբավար, ՀԽՍՀ, ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

13.Նիկողայոս Տիգրանյան-կոմպոզիտոր, բանահավաք, դաշնակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

14.Խաչատուր Ավետիսյան-կոմպոզիտոր, քանոնահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր

15.Շերամ (Գրիգոր Թալյան)-գուսան-երգահան

16.Պոլոզ Մուկուչ (Մկրտիչ Մելքոնյան)-զվարճաբան-առակախոս

17.Քըրք Քըրքորյան (Գրիգոր Գրիգորյան)-ամերիկահայ գործարար, բարերար:

Հոկտեմբերի 6-ին Գյումրու ավագանին ձայների մեծամասնությամբ ընդունեց որոշում քաղաքի Աբովյան ճեմափողոցում գյումրեցի հայտնի մարդկանց արձաններ տեղադրելու մասին:

Որոշման նախագծում նշված է, որ հուշարձանները տեղադրվելու են Հայաստանի Հանրապետության նախագահի հովանավորությամբ:P2110004.00_10_40_14.неподвижное изображение004

Ավագանու նիստի ընթացքում Ս.Բալասանյանն ասել էր, որ ինքն անձամբ է Սերժ Սարգսյանին խնդրել, վերջիննս էլ ընդառաջել է եւ համաձայնել ֆինանսավորել:

Դեռեւս հայտնի չէ, թե մոտավորապես որքան գումար է անհրաժեշտ այս հուշարձանների տեղադրման համար: Ս.Բալասանյանն հույս ունի, որ նախագահի տրամադրած գումարը բավարարելու է, իսկ եթե չբավարարի, ապա սպասելու են բարերաների ներդրումներին:

Իսկ այն հարցին, թե ինչու է փողոցում նախատեսվում տեղադրել կոնկրետ 12 արձան, քաղաքապետը պատասխանել էր. ‹‹Այդ փողոցում կա 12 հենասյուն, նույնքան էլ արձան է տեղադրվելու››:

Ա.Մկրտչյան

©progressgyumri.am  Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring

Comments Are Closed!!!