Այսօր կայացավ Գյումրու ավագանու հերթական նիստը: Օրակարգ էր ընդգրկվել 13 հարց:
Ավագանին նոր խմբագրությամբ հաստատեց համայնքի զարգացման 2017-2021 թվականների հնգամյա ծրագիրը:
Գյումրու 2017 թվականի բյուջեում կատարվեց որոշակի փոփոխություն: «3.274.928.900 (երեք միլիարդ երկու հարյուր յոթանասունչորս միլիոն ինը հարյուր քսանութ հազար ինը հարյուր)» թիվը և բառերը փոխարինվեցին «3.236.143.400 (երեք միլիարդ երկու հարյուր երեսունվեց միլիոն հարյուր քառասուներեք հազար չորս հարյուր)» թվով և բառերով:
Ձայների մեծամասնությամբ հաստատվեց Գյումրու քաղաքապետարանի ներկայացրած ամանորյա ծախսերի մասին որոշման նախագիծը: Ամանորյա միջոցառումների կազմակերպման եւ անցկացման համար համայնքի բյուջեից հատկացվեց 7 մլն ՀՀ դրամ:
«Ժպիտ» եւ «Լիլիթ» մանկապարտեզներին, որպես նվիրատվություն, համապատասխանաբար հատկացվեց 250 հազար եւ 300 հազար ՀՀ դրամ` վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Սահմանվեց Գյումրու վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը՝ համաձայն հավելվածի:
Գյումրու ավագանին նաեւ հաստատեց Գյումրու համայնքի ղեկավարի կամավոր լիազորությունների իրականացման եւ դրանց համար անհրաժեշտ ֆինանսական հատկացման կարգը սահմանելու մասին որոշում: Այս որոշմամբ հստակեցվեցին որոշ սոցիալական խմբերին, նաեւ լավագույն արդյունքներ ապահոված մարզիկներին ու մարզիչներին հատկացվող գումարների չափերը:
Նիստի ընթացքում նաեւ հաստատվեցին Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող, կառուցապատման նպատակով առանձնացված հողամասերն աճուրդով օտարելու եւ աճուրդի մեկնարկային գներն ու պայմանները:
«Լիլիթ» համայնքային մանկապարտեզին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող Վազգեն Սարգսյան փողոցի N 20 հասցեում գտնվող շինությունի առանձնացվեց 99,57 քառակուսի մետր մակերեսով տարածքը վերցվեց եւ այն տասը տարի ժամկետով անհատույց օգտագործման տրամադրվեց «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությանը՝ տարածքի վերակառուցման և երիտասարդական կենտրոն ստեղծելու նպատակով: Այս որոշման համար հիմք ընդունվեց ինչպես «Լիլիթ» մանկապարտեզի տնօրենի, այնպես էլ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահի գրությունները:
Գյումրու ավագանու հաջորդ նիստը կայանալու է դեկտեմբերի 6-ին, արտահերթ նիստ նախատեսվում է դեկտեմբերի 15-ին:
Ա.Մկրտչյան
©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring