Ապրիլի 22-ին վարչապետ Սերժ Սարգսյանի եւ պատգամավոր, Իմ քայլը շարժման հեղինակ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տապալվեց, հատուկ ջոկատայինները ձերբակալեցին Փաշինյանին ու իր գործընկեր պատգամավորներին։
Ժողովուրդը դուրս եկավ փողոց, բողոքի նոր ալիք հասունացավ, որին հաջորդեց Նիկոլ Փաշինյանի ու ընկերների ազատ արձակումն ու Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Օրեր անց իշխող կուսակցությունը որպես վարչապետի թեկնածու ներկայացրեց Կարեն Կարապետյանին, Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները կազմակերպեցին ժողովրդական այցելություններ Գյումրի, Իջեւան, Սեւան, Վանաձոր ու հարակից բնակավայրեր, այդ քաղաքներում անցկացվեցին մեծ հանրահավաքներ՝ ցույց տալով, որ ամբողջ Հայաստանը համաժողովրդական շարժման մեջ է:
Մայիսի 1-ին հրավիրվեց ԱԺ հատուկ նիստ, վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը չըտրվեց, նրա օգտին քվեարկեց 45 պատգամավոր, դեմ արտահայտվեց ՀՀԿ խմբակցության 56 պատգամավոր։
ՀՀԿ խմբակցությունից միայն պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ, գեներալ-լեյտենանտ Ֆելիքս Ցոլակյանը կողմ քվեարկեց։
-Ես քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին՝ իմ խղճի թելադրանքով,-ֆեյսբուքում գրառել էր Ֆ.Ցոլակյանը:
Մայիսի 2-ին բողոքի ցույցներն ու հանրահավաքները նոր ուժով սկսվեցին՝ փակվեցին հանրապետության գրեթե բոլոր փողոցներն ու ճանապարհները, Նիկոլ, վարչապետ, ՀՀԿ, հեռացիր,-վանկարկում էին ցուցարարները, հայտարարվեց համընդհանուր դասադուլ եւ գործադուլ;
Մայիսի 2-ի երեկոյան ՀՀԿ խմբակցությունը նիստ անցկացրեց, որի ավարտից հետո հայտարարեց, որ որոշել է մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրությանը նորից սեփական թեկնածու չառաջադրել: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանըի խոսքով՝ Հայաստանը վարչապետ է ունենալու եւ իրենք միասնական քվեարկությամբ աջակցելու են խորհրդարանի 1/3-ի ներկայացրած թեկնածուին: