Գյումրու «Մուշ-2» թաղամասում նախատեսվում է կառուցել ևս 68 բնակարան և նոր ենթակառուցվածքներ

Գյումրու «Մուշ-2» թաղամասում նախատեսվում է կառուցել ևս 68 բնակարան և նոր ենթակառուցվածքներ

Գյումրու «Մուշ-2» թաղամասում նախատեսվում է կառուցել ևս երկու բազմաբնակարան շենք՝ ընդհանուր 68 բնակարանով։ Դրանք նախատեսված են 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար։

Նախաձեռնությունն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Գյումրու քաղաքային զարգացման» ծրագրի շրջանակում։

Թաղամասում արդեն կառուցվել է չորս բազմաբնակարան շենք, որոնց շնորհիվ մշտական բնակարաններով է ապահովվել նախկինում ժամանակավոր կացարաններում բնակվող 86 ընտանիք։ Կառուցվել է նաև 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ, իսկ բնակելի շենքերում ստեղծվել է չորս արվեստանոց։

Ծրագրի հաջորդ փուլում, բնակարանաշինությանը զուգահեռ, նախատեսվում է կառուցել 75 երեխայի համար նախատեսված նոր մանկապարտեզ, ստեղծել մշակութային կենտրոն և բարեկարգել հանրային այգին։

Նախատեսվում է նաև տեղադրել «Թումո տուփ», որը թաղամասի և հարակից բնակավայրերի պատանիներին հնարավորություն կտա մասնակցելու տեխնոլոգիական ու ստեղծարար կրթական ծրագրերի։

Ծրագրի ընթացքին և առաջիկա աշխատանքներին ծանոթանալու նպատակով «Մուշ-2» թաղամաս են այցելել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արամայիս Ավետիսյանը։

Այցի ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրենը ներկայացրել է իրականացված աշխատանքներն ու հետագա ծրագրերը։ Մարզպետը կարևորել է բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ երկրաշարժից 38 տարի անց դեռևս տնակներում բնակվող ընտանիքների համար մշտական բնակարանների ապահովումը շարունակում է առաջնահերթ նշանակություն ունենալ։

Քննարկվել են նաև ծրագրի իրականացման և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության հարցեր։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Comments Are Closed!!!