Սուբվենցիոն ու ներդումային ծրագրերը Շիրակում. հարկային բեռի թեթեւացման հեռանկար

Սուբվենցիոն ու ներդումային ծրագրերը Շիրակում. հարկային բեռի թեթեւացման հեռանկար

Շիրակի մարզի սուբվենցիոն ծրագրերը
ՀՀ կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագիրը համայնք-պետություն հորիզոնական համագործակցության նոր ձեւաչափ է, որը ենթադրում է համայնքի կողմից կապիտալ որեւէ ծրագիր ներկայացվելու եւ կառավարության կողմից դրական եզրակացություն ստանալու դեպքում այդ ծրագրի արժեքի մի մասի համաֆինանսավորում պետական բյուջեի միջոցներից։
ՀՀ համայնքները գնահատելով իրենց խնդիրները, կարիքները, քննարկելով համայնքի ավագանու նիստում, նաեւ հանրային լսումներ անցկացնելով` մշակում եւ ներկայացնում են սուբվենցիայի ծրագրի փաթեթ։ Ապա մարզպետարանների միջոցով դրանք ներկայացվում են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն։ Վերջինս համապատասխան ուսումնասիրություններից եւ թերի փաթեթները լրամշակելուց հետո դրանք ներկայացնում է վարչապետի որոշմամբ ստեղծված սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովին։
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքի համաձայն 2018 թվականի ընթացքում ՀՀ համայնքների կողմից ներկայացվել է շուրջ 230 սուբվենցիայի ծրագրային հայտ, եւ քննարկման արդյունքներով միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել 180-ը, ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորվել է 1 մլրդ 621մլն ՀՀ դրամի չափով։ Իսկ նախորդ տարվա այն ծրագրերը, որոնք կասեցվել են անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, նախատեսվում է իրականացնել այս տարի։
➡ ՀՀ կառավարությունը 2018թ հունվարի 31-ի իր նիստում սահմանեց ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման նոր բազմագործոն ընթացակարգ, որի համաձայն բյուջետային ֆինանսավորման չափաբաժինն այսուհետ պայմանավորված կլինի մայրաքաղաք Երեւանից ծրագրային հայտ ներկայացնող համայնքի հեռավորությամբ, սահմանամերձ եւ/կամ բարձր լեռնային բնակավայր լինելու հանգամանքով, ինչպես նաեւ ծրագրի ոլորտով։
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքի համաձայն` նվազեցվել է համայնքների կողմից համաֆինանսավորման նվազագույն շեմը, եւ սկսել են դիտարկվել մինչև 50 մլն ՀՀ դրամ համայնքային բյուջե ունեցող այն համայնքները, որոնք կներկայացնեն յուրաքանչյուր ծրագրի համար ընթացիկ տարվա համայնքային բյուջեների ֆոնդային մասից 3 մլն ՀՀ դրամ եւ ավելի համաֆինանսավորվող հայտեր։
Համաձայն կարգի՝ սուբվենցիայի ծրագրային ոլորտներն են` բնակավայրի փողոցների կառուցում, նորոգում, ասֆալտապատում, խմելու ջրամատակարարման, ինչպես նաեւ ջրահեռացման համակարգի կառուցում/նորոգում, ռոգման համակարգի կառուցում/նորոգում, փողոցային լուսավորության համակարգի կառուցում/նորոգում, վերականգնվող էներգետիկա, այդ թվում արեւային ֆոտովոլտային կայանների տեղադրում, բնակավայրերի գազաֆիկացում, մանկապարտեզների կառուցում, վերակառուցում/նորոգում, հասարակական շենքերի (մշակույթի տուն, համայնքային կենտրոններ եւ այլն) կառուցում/վերանորոգում, այգիների, պուրակների կառուցում/բարեկարգում, աղբավայրերի բարեկարգում կամ փակում եւ այլն:
Պայմանավորված կոնկրետ ծրագրի ոլորտով, առանձնահատկությամբ, աշխարհագրական դիրքով, ինչպես նաեւ տվյալ համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա այդ ծրագրի ազդեցությամբ՝ պետական բյուջեից համաֆինանսավորվում է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի ընդհանուր արժեքի 30-70 տոկոսի չափով։
Շիրակի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանի խոսքով` եթե ծրագրային ոլորտն ընդգրկում է համայնքի, բնակավայրի փողոցների նորոգում/ասֆալտապատում, ապա ծրագրի իրականացման համար նախատեսված գումարի 45 տոկոսը ներդնում է համայնքը, իսկ 55 տոկոսը` պետությունը: Ջրամատակարարման եւ ոռոգման համակարգի անցկացման, նորոգման դեպքում նախատեսված գումարի 65 տոկոսը ներդնում է պետությունը, իսկ 35 տոկոսը` համայնքը, եթե համայնքը սահմանամերձ է, բարձր լեռնային, ապա պետության մասնակցությունն ավելի մեծ է` 70 տոկոս, մյուս 30 տոկոսն էլ ներդնում է համայնքը: Համայնքային մանկապարտեզների նորոգման, վերանորոգման, կառուցման դեպքում համայնքը մասնակցում է 60 տոկոս գումարով, իսկ պետությունը` 40, իսկ ահա հասարակական կառույցների նորոգման, վերանորոգման դեպքում պետությունը մասնակցում է 60 տոկոսով, իսկ համայնքը` 40 եւ այլն:
➡ Շիրակի մարզպետարանն այս տարի ներկայացրել է 55 սուբվենցիոն ծրագրային հայտ, որից 49-ը` երկրորդ փուլով: Կ.Բադիշյանի խոսքով`այդ 49-ից 44-ն արդեն հաստատվել են, իսկ մյուս հինգը հաստատվելու են հուլիսի 30-ին:
-Մենք ներկայացրել ենք 2,3 միլիարդ ընդհանուր ծրագրային փաթեթ, որից 1,2 միլիարդը տալու է պետությունը, մյուս գումարը ներդնելու են համայնքները: Այս գումարը վերջնական չէ,-ասում է Կ.Բադիշյանը:
Գնումների մասին ՀՀ օրենքի շրջանակում հայտարարված եւ անցակցված մրցույթների արդյունքում հնարավոր է լինեն գումարների խնայողություն, այսինքն` Նախատեսված գնից ավելի ցած գնով մրցույթին մասնակցելու արդյունքում ծրագրի ընդհանուր բյուջեում կլինեն խնայողություններ:
ՀՀ վարչապետի կողմից հաստատված 44 ծրագիրն էլ, ըստ Կ.Բադիշյանի, արդեն ընթացքում են, որից 60 տոկոսի հետ արդեն կնքվել են պայմանագրեր, ընթանում են նաեւ գույքի ձեռքբերման աշխատանքներ:
Այս տարի Գյումրիում 4 սուբվենցիոն ծրագիր է իրականացվում/ելու, որոնց ընդհանուր արժեքը 1 մլրդ 160 միլիոն 265 հազար 200 դրամ է: Ընդհանուր այս ծախսից 564 միլիոն 355 հազար 100 դրամը ներդնելու է համայնքը, մյուս գումարն ակնկալվելու է ՀՀ կառավարությունից:
«Գյումրի քաղաքի պատմության թանգարանի, կենտրոնական գրադարանի եւ պատկերասրահի նոր տարածքի վերանորոգում» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 100 մլն ՀՀ դրամ է, որից 60 միլիոնը ներդնելու է համայնքը: Ծրագրով նախատեսվում է վերանորոգել Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի նկուղը` ավելի քան 1600 քառակուսի մետր տարածք, որտեղ կգործեն Գյումրու պատմության թանգարանը, կենտրոնական գրադարանը եւ գյումրեցի նկարիչների գործերի ցուցասրահը:
Երկրորդ հայտը փողոցների հիմնանորոգման ծրագրի վերաբերյալ է: Ծրագրի արժեքը 515 միլիոն 550 հազար դրամ է, որից 231 միլիոն 997 հազար 500-ը տեսքով ներդնելու է համայնքը: Համայնքապետարանը պետք է ջանքեր գործադրի «Շիրակ» օդանավակայանից դեպի լոգիստիկ ԱՏԳ տանող ավտոճանապարհի կառուցումն ապահովելու համար: Հիմնանորոգվելու են փողոցների առանձին հատվածներ՝ իրենց հարակից մայթերով: Սրանք ներթաղամասային փողոցներ են, որոնց մեջ կան նաեւ դպրոցներին հարող հատվածներ: Հիմնանորոգվելու է նաեւ «Մայր Հայաստան» հուշահամալիրին հարող տարածքը՝ 5800 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով:Գյումրու Գերցեն փողոցի ասֆալտապատում
Երրորդ ծրագիրը «Կոմունալ ծառայության եւ աղբահանության ավտոտրանսպորտային միջոցների ձեռքբերում» ծրագրի հայտ: Ծրագրի իրականացման արդյունքում համայնքն ունենալու է 6 աղբատար (4 մեծ եւ 2 փոքր), 1 վակումային փոշեկուլ, 4 կոմբինացված (ջրցան եւ ձնամաքրիչ) եւ 1 գրեյդեր տիպի նոր հատուկ տեխնիկա: Ծրագրի ընդհանուր արժեքը 499 մլն 715 հազար 200 ՀՀ դրամ է, որի 50 տոկոսը` 249 մլն 857 հազար 600 ՀՀ դրամը համայնքն է ներդրնելու:
Սուբվենցիոն ծրագրի շրջանակում Գյումրի համայնքը ձեռք է բերել էքսկավատոր-ամբարձիչ: Ծրագրի արժեքը 45 միլիոն ՀՀ դրամ էր, որից 22 միլիոն 500 հազարը ներդրել է համայնքը: Ծրագրի իրականացման արդյունքում համայնքն արդեն մրցույթի արդյունքում ձեռք է բերել 1 նոր էքսկավատոր-ամբարձիչ, որով նախատեսվում է մաքրել Գյումրու տարածքով անցնող Գյումրի եւ Ղորղոբա գետակների հուները:
Կ.Բադիշյանն ասում է, որ սուբվենցիոն ծրագրի շրջանակում ներկայում վերանորոգվում է Նոր Կյանք համայնքի 2,1 կմ համայնքային ճանապարհների նորոգման աշխատանքներ, Փանիկ համայնքի ճանապարհների վերանորոգում, Գետք համայնքում փողոցի բարեկարգում, խճապատում, Բասենի մանկապարտեզի Ախուրյանի Շուշան մանկապարտեզի, Մարմաշեն համայնքի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներ: Աշոցք համայնքը կարիքների համար արդեն ձեռք է բերել ձյունամաքրիչ, իսկ Ոսկեհասկ համայնքը` գյուղատնտեսական գործիքներ: Ներկայում վերանորոգվում են նաեւ Կառնուտի հասարակական շենքը, Հովիտի վարչական կենտրոնը, բնակիչների հանգստի կազմակերպման համար նախատեսված կառույցը եւ այլն:

Ներդրումային ծրագրերը Շիրակում ➡ 2019-ի հունվարին Գյումրու ավագանու որոշմամբ «Բալետ 2021» հիմնադրամին հանձնվեց Գյումրու Սեւյանի անվան երկաթուղայինների մշակույթի պալատը: Հիմնադրամն այն վերականգնելու է` ստեղծելով արվեստի կենտրոն` «Խառատյան փորձարարական արվեստի կենտրոն», որի շինարարական աշխատանքները, ըստ նախանական տեղեկությունների, կմեկնարկեն 2019-ին, իսկ բացումը տեղի կունենա 2022-ի աշնանը: Բանավոր պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ շենքի շահագործումից հետո այստեղ իր աշխատանքներն է շարունակելու Ա. Շաբոյանի անվան պարարվեստի դպրոցը, որն այսօր գործում է տնակային խայտառակ պայմաններում:Հովիտ բնակավայրի վարչական կենտրոնի և բնակիչների հանգստի կազմակերպման համար նախատեսված կառույցի վերանորոգման աշխատանքներ «Խառատյան փորձարարական արվեստի կենտրոն, Գյումրի» ծրագիրն իրականացվելու է ՀԲԸՄ-ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում ԵՄ դրամաշնորհի միջոցով։
Օրեր առաջ Շիրակի մարզի Ամասիա համայնքում Եվրամիության աջակցությամբ շահագործման է հանձնվեց Ամասիայի բրդի գործարանը, որը ստեղծվել է «ԵՄ-ն Շիրակի մարզի համար․ նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի շրջանակում։

➡ Հուլիսի 20-ին` «Իմ քայլը հանուն Շիրակի» գործարար համաժողովին Գյումրիում վարչապետին եւ կառավարության անդամներին ներկայացվեց ավելի քան 50 ներդրումային ծրագիր, որն ընդգրկում էր նաեւ ներգնա եւ արտագնա տուրիզմը, տեղեկատվական տեխնոլոգաիների ոլորտը եւ այլն:
Կարեն Բադիշյանն ասում է, որ եթե այդ ծրագրերի աջակցության համար լինեն բաժնեմասային, վարկային ենթակառուցվածքների զարգացման եւ այլ մասերով աջակցություն, ապա բոլոր ծրագրերն էլ կյանքի են կոչվելու:
Հարկային բեռի թեթեւացում եւ տնտեսական հեղափոխության հեռանկար
Այսօր տեղի արտադրողն ունի հարկային եւ վարկային բեռ, բացի այդ, տեղական արտադրանքի իրացման խնդիր կա հայաստանյան շուկայում: Որքան էլ զարմանալի թվա, տեղի արտադրանքով հետաքրքրված են Ռուսաստանի Դաշնությունը, եվրոպական երկրներն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները: Սակայն այս երկրներ արտահանելու համար տեղի արտադրողին ֆինանսական միջոցներ, միջազգային կապեր ու հնարավորություններ են անհրաժեշտ:
Հատկապես հեղափոխությունից հետո ՀՀ նոր կառավարությունը տարբեր միջոցներով է ՀՀ քաղաքացուն խրախուսում տեղական ապրանք գնել: Օրինակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամենուրեք հայտարարում է, որ ինքը կրում է հայկական արտադրության հագուստ, տիկինը եւ դուստրը սոցիալական ցանցերով են գովազդում հայկական ապրանքը: Սա, իհարկե, որոշակիորեն ազդեցություն ունի տեղական ապրանքի գնողականության բարձրացման վրա, սակայն հայ արտադրողի հարկային բեռի թեթեւացման անհրաժեշտություն կա:Zvuk 1.00_53_50_41.неподвижное изображение060Zvuk 1.00_54_00_00.неподвижное изображение061Zvuk 1.00_54_18_25.неподвижное изображение062
Հուլիսի 20-ին` համաժողովի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով տնտեսական քաղաքականության հայեցակարգային որոշակի մոտեցումների մասին, նշեց.
«Նախ կարեւոր եմ համարում արձանագրել, որ մենք ընդունեցինք, նոր շերտ ստեղծեցինք Հայաստանի տնտեսության մեջ, ոչ թե ստեղծեցինք, այլ, ավելի ճիշտ, ձևակերպեցինք՝ այն անվանելով միկրոբիզնես, եւ 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ընկերությունները, որոշակի գործունեության տեսակի ընկերությունները կազատվեն ընդհանրապես բոլոր տեսակի հարկերից: Սրան գումարած՝ այս ընկերություններում ներգրավված աշխատողների համար եկամտային հարկը կլինի ոչ թե արդեն սահմանված 23 տոկոս, այլ՝ 5 հազար դրամ: Մենք սա շատ կարեւորում ենք Հայաստանի քաղաքացիների շրջանում գործարար ակտիվությունը մեծացնելու համար, սա ըստ էության կառավարության աջակցությունն է ՀՀ քաղաքացիներին եւ կոչը նրանց՝ ի վերջո որոշակի գործունեություն ծավալել, եւ մենք այս մակարդակը դիտում ենք` որպես աղքատության հաղթահարման կարեւոր մի գործիք…:Zvuk 1.00_21_04_30.неподвижное изображение048
Ուզում եմ ընդգծել, որ, օրինակ, այսօր արդեն ինքնազբաղվածների եւ ընտանեկան բիզնեսի դեպքում մենք այդ շեմերը բարձրացրել ենք 24 միլիոն, այսօր արդեն նրանք այդ հնարավորությունից օգտվում են, հունվարի 1-ից այդ հնարավորություններից կօգտվեն նաեւ 24 միլիոն շրջանառությունը չգերազանցող՝ Երեւանից դուրս գտնվող առեւտրային կրպակները եւ առևտրային գործունեություն ծավալող միկրոբիզնեսի ներկայացուցիչները՝ խոսքը վերաբերում է նրանց, ովքեր առեւտրի կենտրոններում չէ, որ իրականացնում են իրենց գործունեությունը, եւ նրանք ըստ էության կազատվեն հարկերից», -ասաց Նիկոլ Փաշինյանը եւ ընդգծեց, որ հունիսի 29-ից, հուլիսի 1-ից, ըստ էության, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարներից: Սա նշանակում է, որ նրանք Երեւանում ամսական 12 հազար դրամ, իսկ մարզերում՝ 8 հազար դրամ վճարումներանելու պարտավորությունից ազատվում են: Իհարկե, տաքսի վարելու համար նրանց անհրաժեշտ կլինի լիցենզիա ունենալ, որոշակի պայմանների բավարարել, եւ այդ լիցենզիաների ստացման գործընթացը նույնպես անվճար է:

Comments Are Closed!!!