Տեղի է ունեցել մարզխորհրդի հերթական նիստը։ Օրակարգային առաջին հարցով քննարկվել են մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2025 թվականի 3-րդ եռամսյակի կատարման ցուցանիշները։ Ֆինանսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանի զեկույցի համաձայն, հոկտեմբերի 1-ի դրությամբ համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել են 79,5 տոկոսով, սեփական եկամուտների հավաքագրման ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ախուրյան համայնքում` 71.8 տոկոս, Գյումրի համայնքը ևս չի ապահովել մարզի միջին ցուցանիշը, սեփական եկամուտները կատարել է 75.3 տոկոս:
Շիրակի մարզպետը եկամուտների հավաքագրման ցուցանիշը ոչ միայն գոհացուցիչ չի համարել, այլև մտահոգող է որակել՝ նշելով, որ համայնքների ղեկավարները հստակ անելիք ունեն առաջիկա երկուսուկես ամիսը։ Մարզպետը անդրադարձել է նաև քամու հետևանքով վնասներ կրած համայնքների բնակիչներին տրված փոխհատուցումների բաշխմանը և համայնքների ղեկավարներին հանձնարարել ուշադրություն դարձնել համատիրությունների աշխատանքին՝ թերացումները բացառելու և բնակիչների դժգոհություններից զերծ մնալու համար։
Օրակարգային հաջորդ հարցն առնչվել է մարզում իրականացվող կապիտալ շինարարության ծրագրերին։ Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետի պարտականությունները կատարող Էմիլ Պետրոսյանի ներկայացրած տվյալներով, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ մարզում իրականացվում են 11 դպրոցների և 2 մանկապարտեզների կառուցման աշխատանքներ՝ ընդհանուր 20 մլրդ 674 մլն 272 հազար դրամ արժեքով։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ ավարտին են մոտենում 27 դպրոցների վերանորոգման աշխատանքներ։
Ընդհանուր 6 մլրդ 109 մլն 563 հազար դրամ արժեքով։ ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզներ» ծրագրի շրջանակներում նախատեսվում են իրականացնել Գյումրու «Լապտերիկ», «Արևիկ» և Անի համայնքի Սառնաղբյուրի մանկապարտեզների վերանորոգման աշխատանքները։ «Պարբերաբար խոսվում է համայնքների ֆինանսավորման մասին, մասնավորապես Գյումրու, ես ինքս էլ համաձայն եմ, որ այն գումարները, որոնք Կառավարությունն ու համայնքային բյուջեն հատկացնում են Գյումրուն՝ նրա առջև ծառացած խնդիրների լիարժեք լուծման առումով բավարար չեն, բայց քիչ էլ չեն։
2018-2025 թթ․ 45 մլրդ 700 մլն կապիտալ շինարարություն է իրականացվել Գյումրիում, իսկ ընդհանուր մարզում 75 մլրդ-ից ավել դրամի կապիտալ շինարարություն է իրականացվել, 27 մլրդ 600 մլն-ից ավել էլ սուբվենցիոն ծրագրեր են կյանքի կոչվել։ Բնականաբար այս թվերը խոսում են կրկնակի ու եռակի աճի մասին, բայց այն խնդիրները, որոնք կուտակվել են տասնամյակների ընթացքում մեր համայնքներում, բնականաբար ամբողջական լուծման համար շատ ավելի շատ միջոցներ են պետք»։
Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանը ներկայացրել է համայնքներում 2025 թվականին նախատեսված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին՝ նշելով, որ 2025 թվականին ներկայացվել է 38 ծրագիր 132 ենթածրագրերով, ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 11 մլրդ 933 մլն 561 հազար դրամ, որից Կառավարության համամասնությունը 53.6 տոկոս է։ Հաստատվել է 18 ծրագիր 80 ենթածրագրերով։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com