Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբն աստիճանաբար ի մի է բերում ունեցած տեղեկատվությունը: Ներկա պահին Գյումրիում առկա է 2858 ժամանակավոր կացարան: Դրանցից, ըստ Գյումրու քաղաքապետարանի նախնական տվյալների, 700-ից 800-ը քարաշեն են, 300 տնակ ընդհանրապես փակ դներ են: Ներկա պահին Գյումրիում դեռեւս 96 տնակային ավան կա:
Անկախ առկա թվերից, թե առաջիկայում Գյումրիում անօթեւանության խնդիրն ինչպե՞ս է կարգավորվելու, անհայտ է: Շատ տարբերակներ են քննարկվում: Երկխոսության մեդիա կենտրոնում կայացած քննարկման ժամանակ Շիրակ կենտրոն հկ նախագահ Վահան Թումասյանն առաջարկեց սկսել փակ դռների հարցի լուծումից: Նաեւ ասաց, վտանգավոր գործընթաց է լինելու: «Ասենք գնացել ենք եւ հանձնաժողովը որոշել է տնակը քանդել: Էդ տնակում հնարավոր է մի երկու իր լինի, տերը մեկ էլ գա, դատի տա, թե անտիկվար շկաֆս ո՞ւր ա կամ վնասվել է: Շատ բարդ հարց է սա: Կարծում եմ, պետք է լինի հանձնաժողով, որը կգնահատի այդ փակ դռներով տնակի ամբողջական արժեքը՝ սկսած ներսի գույքով եւ ամեն մանրուք հաշվի առնելով, էդ գումարը տիրոջ անունով բացված հաշվին քցենք, տնակը քանդենք, տարածքը հեռացնենք»,- ասաց Վահան Թումասյանը:
Գյումրեցի անօթեւանների համար բնակարաննե՞ր կկառուցեն, թե՞ Բնակարանի գնման վկայագիր կտրամադրեն, դեռ պարզ չէ: Գյուղերում ամեն ինչ հստակ է: Գյուղաբնակ անօթեւաններին բնակարանի փոխհատուցման երկու տարբերակ կառաջարկվի՝ ԲԳՎ կամ գումարային փոխհատուցում: Խոսքը Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի 148 անօթեւան ընտանիքի մասին է: «Մի քանի ամիս առաջ մենք բոլորին ծանուցում էինք ուղարկել, գնացել մեկ-մեկ հարցրել ենք ԲԳՎ են ուզոմ, թե ցանկանում են, որ տուն կառուցվի: 148-ից 90-ն ուզեցին ԲԳՎ, մնացածն ուզեցին տուն կառուցել: Հիմա, որ արդեն հնարավոր է, որ հենց վկայագրերը տրվեն, նորից նույն հարցումն արեցինք նույն 148 մարդու հետ: Նույն թերթիկները տարանք, մարդը գրեց, որ ուզում է վկայագիրը, համայնքի ղեկավարն էլ կնիքը խփեց: Մինչեւ մենք նախնական հարցում չանենք, ոչինչ չենք առաջարկում, իսկ առաջ ուրիշ ձեւի էր, մենք գրում էինք, բայց կառավարությունն այլ բան էր որոշում: Ոնց որ եղավ Մարալիկի շենքը, նախագիծը եկավ՝ ազատ բնակարանները հանձնել համայնքի ղեկավարին, բայց կառավարության որոշումը եղավ ազատ բնակարանները հանձնել ՊՆ-ին: Իսկ հիմա մարդն ինքն է որոշում, թե պետությունն իրեն ինչ տա»,- ասաց քննարկմանը ներկա Շիրակի մարզպետարանի քաղշինվարչության բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ Տիգրան Հարությունյանը:
Անօթեւանին տրվող վկայագրի արժեքը հաշվարկվում է կադաստրային մարմնի ցուցիչով: Ներկա պահին Շիրակի մարզում բնակարանների շուկայական գներն աճել են, սակայն կադաստրային գինը՝ իջել: Եթե նախկինում 3 սենյականոցի համար վկայագրով հատկացվում էր 7 մլն 100 հազար դրամ, այսօր արդեն նախագծով հաշվարկվում է 6 մլն 100 հազար դրամ:
Ա․ Մինասյան
©progressgyumri.am Armenian News/Analyses:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru