«Քաղաքային տրանսպորտի կառավարման եւ սպասարկման որակի բարձրացում` հանուն ուղեւորների շահերի պաշտպանության» ծրագրի մոնիտորինգի արդյունքների վերլուծություն
«Քաղաքային տրանսպորտի կառավարման եւ սպասարկման որակի բարձրացում` հանուն ուղեւորների շահերի պաշտպանության» ծրագրի մոնիտորինգի արդյունքների վերլուծություն
«Քաղաքային տրանսպորտի կառավարման եւ սպասարկման որակի բարձրացում` հանուն ուղեւորների շահերի պաշտպանության»
ծրագրի մոնիտորինգի արդյունքների վերլուծություն
Ներածություն
Սույն վերլուծության նպատակն է «Քաղաքային տրանսպորտի կառավարման եւ սպասարկման որակի բարձրացում` հանուն ուղեւորների շահերի պաշտպանության»
ծրագրի մոնիտորինգի արդյունքների ամփոփումը, վերլուծությունը և բարձրացված խնդիրների լուծման տարբերակների առաջարկությունը:
Ներքաղաքային տրանսպորտի ոլորտը կարգավորող օրենսդրության և իրավական ամփոփ նկարագիր
Ուսումնասիրությունները վկայում են, որ ներկայումս ՀՀ-ում տրանսպորտի կառավարման ու կազմակերպման ոլորտը կանոնակարգվում է մի շարք օրենքներով, ՀՀ Կառավարության որոշումներով և իրավական այլ ակտերով: Որպես կարևորագույն իրավական ակտեր կարելի է առանձնացնել <<Տրանսպորտի մասին>>, <<Ավտոմոբիլային տրանսպորտի մասին>> ՀՀ օրենքներով, <<Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին>>, Հայաստանի տրանսպորտի ոլորտի զարգացման ռազմավարությունը հաստատելու մասին>>, <<Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման և կառավարման մեթոդիկան հաստատելու մասին>> ՀՀ Կառավարության որոշումները:
Գործող օրեսնդրությունը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային գործունեության իրավական, տնտեսական և կազմակերպական հիմնադրույթները, այդ գործունեության մասնակիցների իրավասությունը և պատասխանատվությունը, ապահովում է նրանց օրինական շահերի պաշտպանությունը: Ներքաղաքային տրանսպորտի կազմակերպման ու կարգավորման իրավահարաբերությունները սահմանվում են ՀՀ Կառավարության և Տրանսպորտի ու կապի նախարարության համապատասխան որոշումներով:
Հատկանշական է նշել, որ համաձայն <<Տեղական ինքնակառավարման մաիսն>> ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի` համայնքի ղեկավարը տրանսպորտի բնագավառում որպես պարտադիր լիազորություններ են նշվում իր իրավասության սահմաններում է համայնքային ենթակայության ճանապարհների վրա ճանապարհային անվտանգ երթևեկության կազմակերպումը, համայնքի հասարակական տրանսպորտի աշխատանքն ու համայնքային ենթակայության տրանսպորտային հիմնարկների և կազմակերպությունների գործունեության կազմակերպումը և կառավարումը, է համայնքի տարածքում մարդատար և երթուղային տաքսիների ծառայություն իրականացնելու թույլտվության տրամադրումը:
Գյումրու ներքաղաքային տրանսպորտի երթուղային ցանցի իրավիճակի նկարագրություն
Համաձայն ծրագրի շրջանակներում ՀՀ Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի կողմից տրամադրված տվյալների` Գյումրու ներքաղաքային ավտոբուսային երթուղային ցանցը կազմված է ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիներից:
Գյումրու ներքաղաքային ավտոբուսային երթուղային ցանցում ներառված են 4 երթուղիներ: Երթուղին սպասարկող մեքենաների պահանջվող միջին քանակը կազմում է 5 մեքենա, երթուղու շրջապտույտի միջին երկարությունը կազմում է 16,75 կմ /ընդ որում ամենաերկար շրջապտույտի երկարությունը կազմում է 25 կմ, իսկ ամենակարճը` 12կմ: Երթուղու շրջապտույտի միջին տևողությունը 54 ր է /ընդ որում ամենաերկար տևողությունը /80ր/ 2անգամ մեծ է ամենակարճ տևողությունից /40ր/: Երթուղու միջին ինտերվալը 10 ր է, ամենամեծ ինտերվալը 1,5 անգամ ավելի է ամենափոքր ինտերվալից /համապատասխանաբար 15 և 10ր/: Բոլոր երթուղիների աշխատաժամերի սկիզբը 08:00-ն է, իսկ ավարտը` 20:00-ն:
Գյումրու ներքաղաքային միկրոավտոբուսային երթուղային ցանցը ներառում է 11 երթուղիներ: Երթուղին սպասարկող մեքենաների պահանջվող միջին քանակը կազմում է 9-10 մեքենա, երթուղու շրջապտույտի միջին երկարությունը կազմում է 23,3 կմ /ընդ որում ամենաերկար շրջապտույտի երկարությունը կազմում է 36 կմ, իսկ ամենակարճը` 11 կմ: Երթուղու շրջապտույտի միջին տևողությունը 59,3 ր է /ընդ որում ամենաերկար տևողությունը /88 ր/ 3,4 անգամ մեծ է ամենակարճ տևողությունից /26 ր/: Երթուղու միջին ինտերվալը 8,7 ր է, ամենամեծ ինտերվալը 3 անգամ ավելի է ամենափոքր ինտերվալից /համապատասխանաբար 15 և 5ր/: Բոլոր երթուղիների աշխատաժամերի սկիզբը 07:30-ն է, իսկ ավարտը` հիմնականում` 21:00-ն է, բացառությամբ որոշ երթուղիների, օրինակ` թիվ 22 երթուղու դեպքում` այն 22:00-ն է, իսկ թիվ 12 և թիվ 25 երթուղիների համար այն 21:30-ն է:
Գյումրու ներքաղաքային տրանսպորտի երթուղիների սպասարկման որակի և կառավարման խնդիրների վերլուծություն
Ամփոփելով ծրագրի շրջանակներում կատարված հանրային քննարկումների, մոնիտորինգի, հարցումների, հարցախույզների, հեռուստաեթերների ժամանակ հնչած տեսակետների, ֆեյսբուքյան օգտատերերի կողմից բարձրացված հարցերի արդյունքները, կարելի է ներքաղաքային տրանսպորտի երթուղիների սպասարկման որակի և կառավարման խնդիրների հետևյալ հիմնական խմբերը`
• Որոշ երթուղիներում երթուղին սպասարկող մեքենաների բազմաթիվ ուշացումները,
• Երթուղային մեքենաների պարբերականության և աշխատանքային ժամերի ոչ հստակությունը /հատկապես երեկոյան ժամերին/
• Վարորդների ոչ պատշաճ պահվածքը և ուղևորների նկատմամբ վերաբերմունք
• Երթուղային մեքենայում սահմանված նստատեղերից ավելի անձանց տեղափոխումը, Չնախատեսված վայրերում կայանման բազմաթիվ դեպքերը,
• Տրանսպորտային միջոցի անբավարար արտաքին տեսքը,
• Ոչ կանոնակարգված վարման ընթացքը /երբեմն խիստ բարձր արագությամբ վարում, երբեմն ցածր/
• Հաշմանդամություն ունեցող անձանց համար ներքաղաքային տրանսպորտի խիստ անմատչելիություն: Որպես այս խնդրի ապացույց նշվում են հատուկ վերելակների բացակայությունը` անվասայլակով տեղաշարժվող անձաց համար, իսկ կույրերի ձայնային հաղորդագրությունների բացակայությունը, լսողության հետ խնդիրներ ունեցող անձանց համար՝ հատուկ ցուցատախտակների բացակայությունը:
Եզրակացություն և առաջարկություններ
Ամփոփելով ծրագրի շրջանակներում իրականացված մոնիտորինգի և այլ գործողությունների արդյունքները, կարող ենք նշել, որ, չնայած Գյումրու ներքաղաքային տրանսպորտի կառավարման և սպասարկման որակի բարձրացման որոշակի արդյունավետ քայլերի իրականացմանը և որոշակի հաջողությունների արձանագրմանը, ոլորտում դեռևս առկա են մի շարք չլուծված խնդիրներ: Որպես վերոնշյալ խնդիրների լուծման այլընտրանքային տարբերակներ` առաջարկում ենք իրականացնել հետևյալ հիմնական գործընթացները`
Ներքաղաքային տրանսպորտի ոլորտի համապարփակ հետազոտության իրականացում
Առկա հիմնախնդիրների խորքային բնույթն ու էությունը, առաջացման պատճառներն ու հետևանքներն առավել մասնագիտորեն ուսումնասիրելու համար իրականացնել ներքաղաքային տրանսպորտի ոլորտի համապարփակ հետազոտություն, որն իր մեջ կներառի հետևյալ բաղադրիչները`
• Ներքաղաքային երթուղային տրանսպորտային միջոցների ուղևորահոսքերի ուսումնասիրություն, մասնավորապես` շարժակազմի դիտարկումների կազմակերպում, շարժակազմերի քանակի համեմատություն ըստ երթուղային ցանցի երթուղիների, միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների միջինացված ուղևորահոսքի պատկերի ուսումնասիրություն ըստ օրվա ժամերի, աշխատանքային և ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաև շաբաթական միջինացված ուղևորահոսքերի հաշվառում ըստ առանձին երթուղիների, միջին ամսական և միջին տարեկան ուղևորահոսքերի հաշվարկում,
• Վարորդների վարքի ուսումնասիրություն, մասնավորապես` սոցիոլոգիական հարցումների միջոցով վարորդների կողմից սպասարկման որակի վերաբերյալ ուղևորների հիմնական և առաջնային դժգոհությունների բացահայտում,
• Առկա երթուղային ցանցի արդյունավետության ուսումնասիրություն, համընկնումների բացահայտում, նոր հնարավոր տարբերակների օպտիմալության ուսումնասիրություն,
• Կանգառների հեռավորության, դրանց տեղակայման վայրերի օպտիմալության վերլուծություն
• Գյումրի քաղաքում ավտոբուսային և միկրոավտոբուսային ուղևորափոխադրման ծախսերի հիմնավորված հաշվարկ`ըստ որոշակի բաղադրիչների /վառելիքային բաղադրիչ, տեխնիկական սպասարկման և նորոգման ծախսեր, անվադողերի և մարտկոցի փոխարինման ծախսեր, ամորտիզացիոն և վերադիր ծախսեր, աշխատավարձի ծախսեր, հարկեր, տուրքեր և վճարներ/
Ներքաղաքային տրանսպորտի կառավարման երկարաժամկետ ռազմավարության մշակում և իրականացում
Հիմնվելով համապարփակ հետազոտության արդյունքների վրա` մշակել Գյումրու ներքաղաքային տրանսպորտի կառավարման երկարաժամկետ ռազմավարություն, որում կարող են ներառվել հետևյալ բաղադրիչները`
• Օպտիմալ երթուղային ցանցի նոր սխեմայի մշակում և ներդրում,
•Կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման և կառավարման բաղադրիչների հստակեցում և նոր պայմանների սահմանում, ներառյալ կանգառային կետերի միջև օպտիմալ հեռավորության սահմանում, երթուղային երթուղում երթևեկության արագության նորմավորում, նոր չվացուցակների սահմանում, և այլն
•Ներքաղաքային տրանսպորտի սպասարկման որակի ապահովման նկատմամբ ամենօրյա մշտադիտարկման սահմանում և իրականացում,
•Վարորդների վարքագծի սահմանում և հաստատում կամ ներառում մրցութային պայմանների բաղադրիչներում,
•Համայնքի բյուջեում մուտքերի բարձրացմանն ուղղված վճարների օպտիմալ դրույքաչափերի սահմանում:
Լրացուցիչ առաջարկներ
• Երթուղիների սահմանված չվացուցակների պահպանման եւ երեկոյան ու առավոտյան ժամերին անհրաժեշտ մեքենաքանակի ապահովման ուղղությամբ աշխատանքների իրականացում:
• Միկրոավտոբուսներով սահմանված նստատեղերից ավելի անձանց տեղափոխման բացառման հնարավորությունների ուսումնասիրություն և իրատեսական տարբերակների կիրառում,
• Համապատասխան հսկողության սահմանում հաստատված չվացուցակների խախտումները բացահայտելու ուղղությամբ,
• Երեկոյան ժամերին ներքաղաքային միկրոավտոբուսների և ավտոբուսների երթուղիների սահմանված ժամանակացույցով ոչ պատշաճ սպասարկում իրականացնելու համար պատժամիջոցների սահմանման հնարավորությունների ուսումնասիրում և կիրառում երթուղին սպասարկող ընկերությունների նկատմամբ:
• Վարորդների վարքագծի կանոնների սահմանումը և կիրառման ապահովումը (արտաքին տեսք, սպասարկման որակ, վարք և այլն)
• Որպես մրցույթին մասնակցության չափորոշիչ հաշմանդամություն ունեցողների համար հասարակական տրանսպորտից օգտվելու ապահովման հնարավոր տարբերակների քննարկում և կիրառում
• Ավտոբուսային կանգառներում չվացուցակների վերաբերյալ իրազեկող ցուցատախտակների տեղադրում: