Լրահոս

Բրյուսովի համալսարանի ամբիոնի վարիչը՝ կաշառքի մեղադրանքով

Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի պաշտոնատար անձն իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, հովանավորչություն կատարելու համար ստացել է կաշառք:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը կազմակերպել է համալսարանի նույն ամբիոնի երկու դասախոսների՝ դասապրոցեսների ընթացքում չնախատեսված արձակուրդ տրամադրելու, դասաժամերն այլ դասախոսներին բաշխելու գործընթացը և դրա դիմաց 2025 թվականի հոկտեմբերին որպես կաշառք ստացել տարբեր չափերի գումարներ:

Բացի այդ, ամբիոնի վարիչն ասպիրանտի օգտին հովանավորչության, այն է՝ ատենախոսության պաշտպանության գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու նպատակով ընդունել է վերջինիս կաշառք տալու առաջարկը և 2025 թվականի դեկտեմբերին նրանից որպես կաշառք ստացել ոսկյա զարդ։

Ամբիոնի վարիչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ), իսկ նրան կաշառք տված 3 դասախոսներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Ամբիոնի վարիչի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Ուժեղ քամու հետևանքները մի շարք մարզերում․ փրկարարները իրականացրել են օպերատիվ աշխատանքներ

Հուլիսի 6-ին՝ ժամը 16:52-ից սկսած, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են բազմաթիվ ահազանգեր ուժեղ քամու հետևանքով առաջացած դեպքերի վերաբերյալ՝ Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Տավուշի մարզերից։

Ուժեղ քամու հետևանքով վնասվել են շենքերի տանիքներ, թիթեղյա ծածկեր, պարիսպներ, գազատար խողովակներ, էլեկտրական լարեր և ավտոմեքենաներ։ Բացի այդ, տապալվել են ծառեր, թեքվել էլեկտրասյուներ, իսկ մի շարք ճանապարհներ ժամանակավորապես փակվել են։

ՆԳՆ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվ արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին։

Դեպքի վայրերում իրականացվել են տապալված ծառերի մասնատման և հեռացման, պոկված ծածկերի ապամոնտաժման, վտանգավոր տարածքների սահմանազատման, ինչպես նաև իրավիճակի հետևանքների վերացմանն ուղղված այլ անհրաժեշտ աշխատանքներ։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը

Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ափամերձ՝ 1215 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) տնօրենին և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին՝ 2008 թվականի հուլիսի 3-ին ՊՈԱԿ-ի և «Ռաֆիկ և Գոռ Գասպարյաններ» ՍՊԸ-ի միջև կնքված՝ Սևանա լճի ափամերձ՝ 1215 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է ՊՈԱԿ-ի և ՍՊԸ-ի միջև կնքված կառուցապատման պայմանագիրը և վերաբերելի փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը սահմանված է եղել մինչև 2011 թվականի հուլիսի 2-ը, սակայն, ըստ Կադաստրի կոմիտեի կողմից տրված տեղեկանքի, պայմանագրից ծագող կառուցապատման իրավունքը դադարեցված չէ:

Վերոշարադրյալի հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ պայմանագրի համաձայն՝ պայմանագրով սահմանված ժամկետի ավարտից հետո, առանց սեփականատիրոջը նախօրոք ծանուցելու, հողամասի տիրապետումն ու օգտագործումը կառուցապատողի կողմից չդադարեցնելը հիմք չէ պայմանագրի նորոգման կամ ժամկետի երկարաձգման համար՝ ՊՈԱԿ-ին միջնորդագիր է հասցեագրվել՝ կառուցապատման իրավունքի պետական գրանցումը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են 190 խրտվիլակ, 3 առյուծ և 1 վագր․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանիների և թռչունների ապօրինի որսի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակում Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր։

Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ առգրավված կենդանիները ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել կենդանաբանական այգի։

Նախնական տվյալներով՝ ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս։

ՔԿ-ն հայտնում է նաև, որ առանձնատանը պահվող մյուս կենդանիները նախատեսվում է առգրավել առաջիկա օրերին և հանձնել պատասխանատու պահպանության։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Միաժամանակ, ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հուլիսի 7-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները գտնվել են լավագույն պայմաններում, իսկ դրանց պահպանման համար առկա են եղել օրենքով սահմանված անհրաժեշտ թույլտվությունները։ Նրա խոսքով՝ կենդանիների համար ապահովված են եղել համապատասխան խնամքի և պահպանության պայմաններ։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 3-ին մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցն ընդդեմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի և նրան փոխկապակցված անձանց:

Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման՝
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում գտնվող բնակարանի 38%-ը,
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում գտնվող մեկ ավտոկայանատեղին՝ ամբողջությամբ,
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում գտնվող մեկ ավտոկայանատեղիի 38%-ը,
Բանկում ներդրված ընդհանուր՝ 202 միլիոն 998 հազար դրամ ավանդները, այդ ավանդներից կուտակված ընդհանուր՝ 74 միլիոն 716 հազար դրամ տոկոսագումարները, ինչպես նաև մինչև վճռի փաստացի կատարման օրը ավանդների և ավանդներից կուտակված տոկոսների նկատմամբ հաշվարկված տոկոսագումարները:
352 միլիոն 438 հազար դրամ:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Խուզարկություններ՝ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և «Մուլտի Գրուպ»-ի մի շարք ընկերություններում

Իրավապահ մարմինները խուզարկություններ են իրականացնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի մի շարք ձեռնարկություններում, այդ թվում՝ Երևանի կոնյակի-գինու-օղու կոմբինատում, «Մուլտի Վելնես» սպորտային համալիրում, ինչպես նաև ընկերությունների մի շարք տնօրենների բնակարաններում։

Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։ Քննչական գործողությունների իրականացումը հաստատել է նաև ՀՀ Քննչական կոմիտեն՝ նշելով, որ դրանք կատարվում են քրեական վարույթի շրջանակում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ խուզարկություններն իրականացվում են փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու փաստերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացրել միջնորդություն՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

«Հայաստան» դաշինքի համակիրների մասնակցությամբ ընտրակաշառքի գործով կան ձերբակալվածներ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համակիրները, խմբի կազմում Ազգային ժողովի ընտրություններին հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել են տարբեր չափերի ընտրակաշառք:

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են վերը նշված անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի լիագումար նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգում մասնակցել է «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։

Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը, Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը և Ղրղզստանի վարչապետ Ադիլբեկ Կասիմալիևը։

Նիստից առաջ երկրների կառավարությունների ղեկավարները շրջայց են կատարել ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված արտադրանքին, որից հետո մասնակցել են «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը․ ընտրությունների արդյունքները չեն փոխվի

Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին հրապարակել է 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները վիճարկած յոթ քաղաքական ուժերի դիմումների վերաբերյալ իր որոշումը։ Դատարանը մերժել է բոլոր դիմումները՝ ուժի մեջ թողնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 259-Ա որոշումը։ Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։

Սահմանադրական դատարան էին դիմել «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, ինչպես նաև «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն», «Բարգավաճ Հայաստան», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունները։ Նրանք վիճարկում էին ընտրությունների վերջնական արդյունքները՝ պնդելով, որ երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումն էական ազդեցություն է ունեցել մանդատների բաշխման վրա։

Ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր էր ճանաչել երեք ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Այդ որոշման հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավաքել էր ընտրողների ձայների 3.9893 տոկոսը և չէր հաղթահարել Ազգային ժողով անցնելու համար սահմանված ընտրական շեմը։

Կուսակցությունը Սահմանադրական դատարանից պահանջում էր առնվազն մանդատների վերաբաշխում, սակայն դատարանը մերժել է ինչպես այդ, այնպես էլ մյուս բոլոր դիմումները՝ անփոփոխ թողնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 259-Ա որոշումը։

Սահմանադրական դատարանի որոշմամբ ավարտվեց Ազգային ժողովի 2026 թվականի ընտրությունների արդյունքների դատական վիճարկման գործընթացը։

 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Ընտրակաշառքի պատիժը խստացվեց. Նոր կանոններ՝ ընտրությունների համար

Ազգային ժողովի հուլիսի 3-ի արտահերթ նիստում առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեցին մի շարք օրենսդրական նախագծեր։

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց պատգամավոր Գեղամ Նազարյանի նախաձեռնած «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Փոփոխություններով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցիի հինգ տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը կրկին կսահմանվեն որպես ոչ աշխատանքային։

ԱԺ-ն ընդունեց նաև Կառավարության ներկայացրած՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001 թվականի «Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագիծը։

Վավերացվեց նաև Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման նպատակով հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին համաձայնագիրը։

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Վահագն Ալեքսանյանի, Ալխաս Ղազարյանի և Թագուհի Ղազարյանի ներկայացրած Քրեական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը։

Փոփոխություններով խստացվում են Քրեական օրենսգրքի 218–221-րդ հոդվածներով նախատեսված պատժաչափերը՝ ընտրակաշառքի հետ կապված հանցագործությունների համար։ Նախաձեռնության հեղինակների գնահատմամբ՝ դա լրացուցիչ երաշխիքներ կստեղծի նման իրավախախտումների կանխարգելման համար։

ԱԺ-ն ընդունեց նաև «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը, որով փոփոխվում է պատգամավորի երդման տեքստը։ Նախագծի հիմնական զեկուցող Արուսյակ Ջուլհակյանի խոսքով՝ նպատակն է երդման մեջ առավել ընդգծել պետականության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքները։

Բացի այդ, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև Ընտրական օրենսգրքում և «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը։ Ըստ դրա՝ Ազգային ժողովի ընտրություններում ընտրելու իրավունք կունենան ընտրության օրը 18 տարին լրացած ՀՀ այն քաղաքացիները, որոնք քվեարկության օրվան նախորդող 48-րդ օրվա (արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28-րդ օրվա) դրությամբ նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանում փաստացի գտնվել են առնվազն 366 օր։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com