Այսօր՝ ժամը 11:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն: Պայթյունի հետևանքով կա երկու զոհ. փրկարարները փլատակներից դուրս են բերել երկու քաղաքացու մարմին: Ավելի վաղ, փրկարարները փլատակներից դուրս էին բերել Ռ․ Ն․-ին (ծնված 1938 թ․) և Հ․ Ս.-ին (ծնված 1994 թ․), որոնք հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Առողջապահության նախարարությունից էլ հայտնել են, որ Ռ․ Ն․-ի առողջական վիճակը միջին ծանրության է, իսկ Հ․ Ս.-ինը՝ կայուն ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է։ Թե որն է եղել պայթյունի պատճառը՝ դեռ հայտնի չէ։ Դեպքի առթիվ, որի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի փլուզվել և վնասվել են մի քանի բնակելի տներ, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք). տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։ Ձևավորվել է քննչական խումբ։ Այս պահին, շարունակվող որոնողական և փրկարարական աշխատանքներին զուգահեռ, քննչական վերոնշյալ բաժնի քննիչների կողմից դեպքի վայրում իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի գործողություններ։ Տեղի ունեցած պայթյունի և փլուզման պատճառները, ինչպես նաև դեպքի մնացած հանգամանքները կպարզվեն սկսված նախաքննությամբ, որի ադյունքների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Շիրակի մարզում քաղաքաշինության բնագավառում 2023-ին իրականացվել է 19 մլրդ 661 մլն դրամի կապիտալ ներդրում, որը 4,5 մլրդ դրամով ավել է 2022-ի համեմատ. ամփոփելով իր աշխատանքային 100 օրը՝ հայտնել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը՝ նշելով՝ գումարային առումով բաշխվածության աճ կա թե՛ բնակարանաշինությանն ուղղված գումարներում (շուրջ 1 մլրդ դրամ ավելի), թե՛ կրթական, մշակութային և մարզական օբյեկտների շինարարության մեջ (1,2 մլրդ դրամ ավելի)։ «507 բնակարանով 4 բնակելի համալիրների կառուցման աշխատանքներ են մեկնարկել: 11 կրթական և 1 մարզական օբյեկտների կառուցման աշխատանքներին 2023-ին ուղղվել է 3 մլրդ 106 մլն դրամ։ Մեծամասշտաբ ծրագրերից կառանձնացնեմ «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց»-ի շինարարությունը, որի համար հատկացվել է 6.4 մլրդ դրամ, (1.3 մլրդ դրամը՝ 2023 թ.), ավարտը նախատեսվում է 2026-ին»,-նշել է մարզպետը։
Մարզում կապիտալ ներդրումների առյուծի բաժինը ճանապարհաշինական աշխատանքներինն է՝ 10 մլրդ 100 մլն-ից ավելի, որը 2022-ի համեմատ 29,5 տոկոսով շատ է։ 2022-ի 65.93 կմ-ի փոխարեն 2023-ին կառուցվել ու դեռ ընթացքի մեջ է 73.4 կմ ճանապարհաշինական աշխատանք։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ մարզում իրականացվում են ընդհանուր 7.3 մլրդ դրամի 8 ճանապարհաշինական ծրագրեր, որոնցից 6-ը՝ 49.9 կմ երկարությամբ շուրջ 5 մլրդ դրամ գումարի շրջանակներում, գտնվում են ավարտական փուլում։ Եվս 2 ճանապարհաշինական ծրագրերի ավարտը նախատեսվում է 2024 թվականին: Դրանց ընդհանուր երկարությունը 15.9 կմ է: Տվյալ ծրագրի բյուջեն կազմում է շուրջ 2.3 միլիարդ դրամ: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ մարզում իրականացվում է շուրջ 2.8 միլիարդ դրամի 6 ծրագիր՝ 7.6 կմ երկարությամբ։ Աշխատանքներն ընթացքի մեջ են: Մ-1, Երևան – Գյումրի – Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Աշոցքից մինչև Բավրա ընկած 11.5 կմ հատվածի հիմնանորոգման համար պետական բյուջեից հատկացվելու է 2 մլրդ 325 մլն դրամ։ Ընթացքի մեջ են Նոր կյանքից Մեծ Մանթաշ տեղական նշանակության ճանապարհի 12,8 կմ-ի հիմնանորոգման աշխատանքները, արժեքը՝ 1 մլրդ 543 մլն դրամ։ 810 մլն 967 հազար դրամ էլ ուղղվել է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Փոքր Մանթաշ գյուղի 3,1 կմ հատվածի հիմնանորոգմանը։ Անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրերի իրականացմանը ՀՀ կառավարությունն հատկացրել է 609 մլն 249 հազար դրամ։
«Այս գումարների շնորհիվ մենք կարողացել ենք անցած տարում լուծել անհետաձգելի լուծում պահանջող բազմաթիվ խնդիրներ։ Խոսքս Արթիկի թիվ 3 և թիվ 4 մանկապարտեզների շենքերի վերանորոգման, «Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն»-ի շենքի արտաքին պատուհանների փոխարինման, Շիրակ մարզադաշտի արևմտյան հատվածի փողոցի հիմնանորոգման, Արթիկ համայնքի Լմբատ առաջին և Լմբատ 2-րդ թաղամասերի դիտահորերի փոխարինման և նորոգման, Գյումրու թիվ 18, թիվ 9, Լանջիկի, մարզական բարձրագույն վարպետության դպրոցների շենքերի մասնակի նորոգման, ջեռուցման համակարգի անցկացման մասին է»,-հավելել է մարզպետը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
ՀՀ կառավարությունն այսօրվա որոշմամբ՝ 453 մլն 390 հազար դրամ է հատկացվել Շիրակի մարզպետի աշխատակազմին՝ համայնքներում իրականացված 4 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար։ Արթիկ համայնքի Սպանդարյան և Նոր Կյանք բնակավայրերի ոռոգման համակարգերի կառուցում ծրագրի համաֆինանսավորմանն ուղղվել է 72 մլն 231 հազար դրամ, Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի Իսահակյան թիվ 60 հասցեում գտնվող թիվ 1 մանկապարտեզի և Լեռնակերտ բնակավայրի մանկապարտեզի շենքերի հիմնանորոգում ծրագրին՝ 232 մլն 510 հազար դրամ, Աշոցք համայնքի Աշոցք բնակավայրի 3-րդ փողոցի և Հարթաշեն բնակավայրի 1-ին փողոցի հիմնանորոգման ծրագրի՝ ՀՀ կառավարության մասնաբաժինը կազմել է 60 մլն 960 հազար դրամ, Ախուրյան համայնքի Բայանդուր բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցում /2-րդ փուլ/ ծրագրի համաֆինանսավորմանն էլ նախատեսվել է 87 մլն 688 հազար դրամ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Քննչական կոմիտեն (ՔԿ) հաղորդում է կառույցի երկու գլխավոր վարչություններում քննվող երկու տարբեր քրեական վարույթներով ՔԿ քննիչների և Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցների քննչական և այլ դատավարական գործողությունների, այդ թվում՝ Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում խուզարկությունների մասին: Ըստ այդմ՝ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ-հետախուզական միջոցառումների, այնուհետև ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները», – ասված է ՔԿ հաղորդագրությունում: Նախաքննությամբ պարզվել է, մասնավորապես, որ «Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից»: «Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն ՀՀ դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը», – ասված է հաղորդագրությունում: Նշված քրեական վարույթի շրջանակում ՔԿ և ԱԱԾ աշխատակիցների համատեղ օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 6 անձ: Մյուս քրեական վարույթով, որի նախաքննությունն իրականացվում է ՔԿ հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում, «փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը, օժտված լինելով համապատասխան լիազորություններով, ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառու հանդիսացող Վ.Դ.-ի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ և իմանալով վերջինիս ծանոթներ՝ այլ շահառուների տվյալները, 2022-2023 թվականների ընթացքում նրանց կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացված այգեհիմնման նպատակով գյուղատնտեսական ծառայությունների մատուցման կամ ապրանքների ձեռք բերման վերաբերյալ կատարված՝ Ծրագրով սահմանված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթեր ներկայացված լինելու պայմաններում, նրանց տրվող ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, այլ ընդհակառակը՝ զեկուցագրեր է ներկայացրել այն մասին, որ շահառուների կողմից կատարված աշխատանքները համապատասխանում են Ծրագրով սահմանված չափորոշիչներին»։ «Դրանից հետո խնդրել է հանձնարարական՝ Նախարարության համապատասխան վարչությանը՝ Ծրագրի համաձայն իրականացնել վճարումներ շահառուների հաշվեհամարներին։ Արդյունքում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից նշված ծրագրով մի շարք շահառուների բանկային փոխանցման միջոցով անհիմն փոխհատուցվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուրը 238.418.100 ՀՀ դրամ գումար, որը Վ.Դ.-ի և այլ շահառուների կողմից խարդախությամբ հափշտակվել է», – շարունակում է Քննչականը: Այս քրեական վարույթով ՔԿ և ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում նշված պաշտոնատար անձը, որի ինքնությունը չի հրապարակվում, ձերբակալվել է: Երկու քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Հակամարտության՝ 2020-2022թթ․ սրացումների հետևանքով Հայաստանից 303 անձ դեռևս անհայտ կորած է համարվում, հայտնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին: «2023 թվականի ընթացքում 62 ընտանիք դիմել է մեզ՝ իրենց անհայտ կորած հարազատների համար որոնման հայտեր բացելու նպատակով։ 12 ընտանիք պարզել է հարազատների ճակատագրերը», – ասված է հաղորդագրությունում։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Գյումրի համայնքի ավագանու արտահերթ նիստում այսօր Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեն և տարեկան աշխատանքային պլանն ընդունվել են միաձայն: Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին հարցին Գյումրի համայնքի ավագանին քվեարկել է 27 կողմ. «Բալասանյան դաշինք» խմբակցություն-13 կողմ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն-7 կողմ, «Ապրելու երկիր» խմբակցություն-1 կողմ, «Զարթոնք» խմբակցություն-4 կողմ, «Հանրապետական» խմբակցություն-2 կողմ: 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու հարցին ևս Գյումրի համայնքի ավագանին քվեարկել է 27 կողմ. «Բալասանյան դաշինք» խմբակցություն-13 կողմ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն-7 կողմ, «Ապրելու երկիր» խմբակցություն-1 կողմ, «Զարթոնք» խմբակցություն-4 կողմ, «Հանրապետական» խմբակցություն-2 կողմ: Գյումրի համայնքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահի թեկնածությունը հաստատելու մասին հարցին Գյումրի համայնքի ավագանին ևս 27 կողմ է քվեարկել. «Բալասանյան դաշինք» խմբակցություն-13 կողմ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն-7 կողմ, «Ապրելու երկիր» խմբակցություն-1 կողմ, «Զարթոնք» խմբակցություն-4 կողմ, «Հանրապետական» խմբակցություն-2 կողմ:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանն անդրադարձել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին ու խաղաղության գործընթացին։ Վարչապետը և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը մտահոգություն են հայտնել Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունների կապակցությամբ, որոնք «հակասում են բանակցությունների ողջ տրամաբանությանը և նպաստում տարածաշրջանում լարվածությանը»: Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության հասցեական արձագանքն ու գործողությունների անհրաժեշտությունը՝ ուղղված Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղությանը: Նրանք քննարկել են նաև Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Ամուլսարի հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի կառավարությանն է նվիրաբերել իր բաժնետոմսերի 12,5 տոկոսը։ ՀՀ կառավարության նիստում նախագիծը ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։ «Ծրագրի արդյունավետ իրագործման համար «Լիդիան Արմենիա» ընկերությունը պարտավորվել է ապահովել առնվազն 250 միլիոն դոլարի չափով ներդրումներ։ Շինարարության ընթացքում «Լիդիան Արմենիա» ընկերությունը պարտավորվել է վճարվող բնապահպանական հարկից ազդակիր համայնքներին բնապահպանական ծրագրերի իրականացման համար մասհանումներից բացի տրամադրել նաև 7 միլիոն դոլարի չափով տարեկան ֆինանսական աջակցություն յուրաքանչյուր 12 ամսյա ժամանակահատվածի համար։ Հուշագրի շրջանակներում ընկերությունը պարտավորվել է նաև կառավարությանը նվիրատվությամբ տրամադրել «Լիդիան Արմենիա» ընկերության կանոնադրական կապիտալի 12,5 տոկոս բաժնետոմսերը։ Նախագծով առաջարկվում է ընդունել հուշագրից բխող բաժնետոմսերի նվիրատվությունը»,- ասել է Իսպիրյանը։ Միաժամանակ, նախագծով նախատեսվում է բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել Էկոնոմիկայի նախարարությանը, և նշյալ նվիրատվությունն ընդունելու համար Էկոնոմիկայի նախարարությունը կկնքի համապատասխան պայմանագիր։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ամուլսարի հանքի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները կառավարությունը ստացել է և հնարավոր է համարել այն շահագործել։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com